Thursday, February 24, 2011

ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒ ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՆ

«Լրագիր» 24-2-2011- Հայաստանի ներքաղաքական դաշտում մի հետաքրքիր միտում է նկատվում: Կարծես թե գրեթե բոլոր քաղաքական ուժերը ներկայացնում են, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քայլեր է անում երկիրն ապակայունացնելու ուղղությամբ, որ այդ միջոցով վերստին գա իշխանության: Քոչարյանի այդ ջանքի մասին հայտարարեց Հայ Ազգային Կոնգրեսի լիդերներից մեկը` Դավիթ Շահնազարյանը, ասելով, որ Կոնգրեսը Քոչարյանին թույլ չի տա ապակայունացնել երկիրը:
Օրերս էլ Ժառանգությունից Լարիսա Ալավերդյանն էր հայտարարել, թե “որոշ մարդիկ” փորձում են ապակայունացնել երկիրը: Իհարկե նա չէր մանրամասնել, թե հատկապես ում նկատի ունի, բայց մեծ է հավանականությունը, որ նա էլ ակնարկում էր Քոչարյանի մասին: Համենայն դեպս կան տեղեկություններ, որ Լարիսա Ալավերդյանը որոշ նեղ շրջանակներում հենց այդպես էլ բացատրել է իր հայտարարությունը:

Երկրի ապակայունացման մասին քոչարյանական ջանքերի այդ վարկածը կարծես թե ձեռնտու է քաղաքական դաշտի սուբյեկտների զգալի մեծամասնությանը, այդ թվում իշխանությանը: Քոչարյանի “ուրվականը” Սերժ Սարգսյանի համար լավ արդարացում է իր նախագահության անարդյունավետության համար: Սարգսյանը կարող է ասել, որ իշխանություն վերադառնալու քոչարյանական անվերջ ջանքերը խանգարում են իրեն եւ թույլ չեն տալիս իր ուզածի պես բարեփոխել երկիրը:

Ընդդիմադիր ուժերի համար էլ Քոչարյանն արդարացման լավ տարբերակ է. երբ ոչինչ չես կարող անել Սերժ Սարգսյանի դեմ, ապա հայտարարում կամ ակնարկում ես, որ Սերժ Սարգսյանը գոնե “չարյաց փոքրագույնն” է եւ նրա հանդեպ վՃռական քայլերի չես գնում, որ Քոչարյանի ջրաղացին ջուր չլցնես, կամ նրա հանդեպ պայքարդ վերջնական նպատակին չի հասնում, որովհետեւ ստիպված ես նաեւ Քոչարյանի ռեւանշի ճանապարհը փակել:

Կարծես թե աներկբա է, որ Ռոբերտ Քոչարյանը դարձել է “բոբոյի” հիանալի եւ գրեթե համընդհանուր ձեռնտու տարբերակ` “ազգային համաձայնության բոբո”: Քաղաքական ուժերի մեծամասնությունը հարմարվել է ներկայիս ստատուս-քվոյին, բայց այդ մասին ուղղակի հայտարարությունը բնականաբար լավ չի ընկալվի հասարակության շրջանում: Սակայն եթե իրավիճակը ներկայացվի այնպես, որ այդ ստատուս-քվոն Ռոբերտ Քոչարյանի ճանապարհը փակելու միակ տարբերակն է, ապա հանրային ընկալումն անկասկած այլ կլինի, քանի որ Քոչարյանը հասարակության շրջանում ունի օբյեկտիվորեն բավական վատ վարկանիշ:

Ահա եւ օգտագործվում է Քոչարյանի գործոնը ներքաղաքական ներկայիս ստատուս-քվոյի առկայությունը եւ այդ ստատուս-քվոյի հետ ներքին համընդհանուր հաշտությունն արդարացնելու համար:

Քոչարյանին հրապարակավ կամ ակնարկի լեզվով ոչինչ չեն ասում Դաշնակցությունն ու Բարգավաճ Հայաստանը: Բայց այդ կուսակցություններն էլ չեն համարձակվում հրապարակավ ստանձնել Քոչարյանի պաշտպանությունը, որովհետեւ գիտակցում են, որ դա չի նպաստի իրենց հանրային վարկանիշի աճին: Լավագույնը, որ Քոչարյանի համար կարող են անել այդ ուժերը հրապարակային քաղաքականության մակարդակում` լռելն է: Թեեւ դրանից իհարկե Քոչարյանին օգուտ չկա:

Բայց այդ ուժերի մոտ էլ բնական հարց է առաջանում, թե իսկ իրենց ինչ օգուտ կա Քոչարյանին սատարելուց կամ պաշտպանելուց: Հանրային մակարդակում օգուտ չկա, իսկ վնասի հեռանկարը բավական տեսանելի է: Բայց օգուտ չկա նաեւ ներքաղաքական-ներիշխանական մակարդակում, որովհետեւ Քոչարյանը որեւէ կերպ չի որոշակիացնում իր քաղաքական պլանները:

Հենց դա է հնարավորություն տալիս մյուս քաղաքական ուժերին նրան մեղադրել երկիրն ապակայունացնելու փորձի համար: Երբ Քոչարյանն ինքը որեւէ կերպ հստակ չի ասում, թե հիմա ինչ է անում եւ ինչ է ուզում անել ապագայում, ապա քաղաքական դաշտին հնարավորություն է տալիս ասել այն, ինչ հարմար է այդ ուժերին: Իսկ նրանց էլ հարմար է Քոչարյանին ներկայացնել որպես ապակայունացնող տարր: Միգուցե նրանք իսկապես իրավացի են, գուցե Քոչարյանն իսկապես փորձում է իրավիճակ ապակայունացնել, որպեսզի վերադառնա իշխանություն: Համենայն դեպս այն, որ նա չի փորձում հրապարակավ քիչ թե շատ որոշակիացնել սեփական ծրագրերը եւ շատ ավելի կանխատեսելի եւ հստակ դիրք ունենալ հասարակական-քաղաքական կյանքում, հիմնավոր է դարձնում գրեթե ցանկացած, այդ թվում ապակայունացման մտադրության մասին ենթադրություն:

Բայց այստեղ խնդիրը նաեւ այն է, որ նույնիսկ եթե դա այդպես է, ապա ամենեւին չի արդարացնում այն համընդհանուր` թեկուզ չբարձրաձայնված կամ չձեւակերպված համաձայնության մթնոլորտը, որ հաստատվել է Հայաստանի քաղաքական դաշտում, որի պատճառով երկիրն ընկել է տեղապտույտի մեջ, Քոչարյանի վերադարձի համար պարարտ հող ստեղծելով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: