Tert.am. 7-2-2011- Այսօր մեկնարկած Ազգային ժողովի 4-րդ գումարման իններորդ նստաշրջանի առաջին քառօրյայի ժամանակ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը հանդես եկավ հայտարարությամբ` ուշադրություն հրավիրելով վերջին շրջանում Թուրքիայի պահվածքի վրա` դրանք համարելով դիվանագիտական ակնարկներ: Մարտիրոսյանը նշեց, որ բոլորովին վերջերս ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում թուրքական իշխանությունները Հայաստանին անվանեցին օկուպանտ:«Անիի ավերակներում նամազ են անում, ֆոտոսեսիաներ են անում, մեզ օկուպանտ են անվանում, բարեկամության հուշարձան են արդեն ապամոնտաժում:Այս ամենը հաշվի առնելով և նաև հաշվի առնելով, որ Դուք պետության մեջ երկրորդ դեմքն եք, արդյոք Դուք ինքներդ նախագահի հետ չեք խոսում այդ թեմայով, որ արդեն իսկապես ժամանակն է և վաղուց անցել է, որ հայկական կողմը ետ վերցնի խորհրդարանից հայ-թուրքական արձանգրությունները և իր ստորագրությունն այդ Արձանագրությունից»,- ԱԺ նախագահին դիմեց պատգամավորը:
«Այդ հարցին մի քանի անգամ պատասխանել եմ, իմ կարծիքը չի փոխվել, իսկ իրենց կողմից նման քայլերը, նման խոսակցությունների տարածումը ես համարում եմ անբարոյականություն»,– ի պատասխան հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին հայտարարությամբ հանդես եկավ նաև նույն խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը` նշելով, որ երկկողմ հարաբերությունները կարգավորելու Հայաստանի նախաձեռնությունը Թուրքիան օգտագործում է միայն տարածաշրջանում և աշխարհում իր դիրքերի ամրապնդման համար: «Եվ երբ որ մենք բավականին հստակ չենք կողմնորոշվում այդ հարցում, այստեղ հարցեր են ծագում` արդյոք Հայաստանի Հանրապետության ԱԺ-ն հստակեցրել է իր ազգային շահերի վերաբերյալ իր քաղաքականությունը»,– հայտարարեց Լարիսա Ալավերդյանը:
Նա առաջարկեց հիշյալ գործընթացի վերաբերյալ դիրքորոշումը հստակեցնելու համար միասնական քննարկումներ կազմակերպել խորհրդարանում, որպեսզի «դա չմնա զուտ ԱԺ նախագահի ուսերի վրա»: Ալավերդյանն առաջարկեց հստակեցնել վերաբերմունքը Թուրքիայի դարավոր քաղաքականության նկատմամբ, որն այսօր էլ «ցինիկաբար» շարունակվում է:
No comments:
Post a Comment