Monday, February 7, 2011

Ու՞ր է գնում հայկական կապիտալը

Անվիճելի է, որ մեր երկրից կապիտալի զգալի արտահոսք կա: Հաշվարկային տվյալներով` 2002-ին կապիտալի արտահոսքը կազմում էր 245 միլիոն դոլար, 2003-ին` 314, 2004-ին` 494, 2005-ին` 613, 2006-ին` 794 միլիոն դոլար, իսկ 2007-ին այն արդեն հատում էր 1 մլրդ դոլարի սահմանը: Քանի որ մասնագետները լուրջ հետազոտություններ չեն արել, դժվար է ստույգ գնահատել, թե այսօր մեր ունեցվածքի ո՞ր մասն է շրջում միջազգային կապիտալի շուկայում, «սև» կամ «սպիտակ» փողն ավելի շատ ո՞ր ոլորտ է մտնում կամ ավելի շատ ո՞ր երկրի բյուջեն ենք լցնում: Բայց Հայաստանի պես փոքր և աղքատ երկրի համար կապիտալի արտահոսք ունենալն անթույլատրելի է: Անշուշտ, մեր երկրում կային գրավիչ ոլորտներ, որտեղ կարելի էր ներդրումներ անել ու զարգացնել մեր տնտեսությունը: Բայց այդ ոլորտները հանձնվում են օտարերկրյա կապիտալով ձեռնարկություններին, հետն էլ շահութահարկի նվազեցման արտոնություններ տալիս, որպեսզի արտասահմանցիները ոգևորվեն ու ներդրումներ կատարեն, իսկ մեր կապիտալը մսխվում է Լաս Վեգասի խաղատներում: Բացի այն, որ մեր երկրի համար ռազմավարական նշանակությամբ մի շարք օբյեկտներ ուղղակի վաճառքով հանձնվել են Ռուսաստանին, ունենք-չունենք` մի քանի ընդերք ունենք, դրանք էլ հանձնվել են արտասահմանյան այնպիսի ընկերություններին, որոնք աղտոտում են շրջակա միջավայրը, մեր հաշվին խոշոր եկամուտներ են ստանում ու այդպես էլ չեն կատարում խոստացած ներդրումների գոնե 50%-ը, իսկ այդ ընթացքում մեր կապիտալը գնում է օտար պետություն: Կապիտալի արտահոսք կարող է իրեն թույլ տալ այն պետությունը, որն ունի այդ կապիտալը, բայց մեր դեպքում եղած կապիտալը հանել երկրից նշանակում է մատը մտցնել մեր աչքն ու հանել:

Մոտ մեկ տարի առաջ հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավորներից մեկը 25 միլիոն եվրոյով Բուլղարիայում հանքային ջրերի գործարան է գնել: Այս մասին հայտնի էր դարձել բուլղարական մամուլի հրապարակումներից, թեև այդ տեղեկությունը պաշտոնապես հաստատել էր նաև պատգամավորի մամուլի խոսնակը: Հաշվի առնելով, որ այդ պատգամավորի հայտարարագրած տարեկան եկամուտները մոտ 17 միլիոն եվրո էին, այսինքն` նրա կատարած մեկ գործարքն արտերկրում գերազանցում էր ողջ տարվա համար ցույց տված եկամուտը, հենց միայն այդ դեպքով կարելի է հստակ ասել, որ Հայաստանից կապիտալի արտահոսքը հասնում է այնպիսի հսկայական ծավալների, որոնք համեմատելի են ՀՀ պետական բյուջեի հետ: Արտերկրի մի պարուհու զուգագուլպայի տակ հայ գործարարն ավելի շատ փող է պատրաստ դնել, քան ներդրում անել որևէ հայկական ձեռնարկությունում, այն ոտքի կանգնեցնել ու նպաստել թե° պետական, թե° սեփական բյուջեի բարգավաճմանը: Այստեղ հարցն այն չէ, թե «սպիտակ փողով» ինչպես է կարողացել պատգամավորը գնել այդ բիզնեսը, ավելի մտահոգիչ է այն, որ նա գերադասել էր հայկական կապիտալը փախցնել երկրից, աշխատել թեկուզ հարկային խիստ վարչարարությամբ, բայց Եվրոպայում: Եթե հայ բարձրաստիճան պաշտոնյան, որը դեռ պայծառ հեռանկարներ ունի մեր երկրում, իր փողերը պահում է արտասահմանյան բանկերում, ապա սա խոսում է այն մասին, որ մեր բանկերը վստահելի չեն: Եթե մեր բանկը վստահելի չէ, նշանակում է մեր տնտեսությունն էլ վստահելի չէ, հետևաբար` մեր պետությունն էլ վստահելի չէ: Գիտենք, որ այսօր Հայաստանում կան լուրջ բանկեր, բայց ինչպես ցանկացած բիզնեսի, այնպես էլ բանկի ղեկավարը պետք է սերտ հարաբերություններ ունենա քաղաքական վերնախավի, իշխանության հետ, որպեսզի իր բիզնեսը գոյատևի: Իսկ քանի որ իշխանությունը հարատև չէ, չի կարող հարատև լինել այդ բանկը, ուստի` սա է հիմնական պատճառը, որ հայկական կապիտալը ոչ թե մնում է երկրի ներսում, այլ գնում է դուրս` ավելի կայուն ու վստահելի միջավայր:

Արդյունքում` մտահոգիչն այն է, որ մենք ունենք բավականին մեծ բացասական սալդո, որն ի վիճակի չենք փակել մասնավոր տրանսֆերտների հաշվին:
Օրինակ` այս տարվա առաջին կիսամյակում ներմուծումը կազմել է 1,7 միլիարդ դոլար, արտահանումը` չորս անգամ ավելի քիչ` 440 միլիոն: Տարբերությունը մոտ 1,3 միլիարդ էր, իսկ տրանսֆերտները` ընդամենը 660 միլիոն: Տնտեսության մեջ բացասական սալդոն արդեն խոսում է այդ տնտեսության կաթվածահար վիճակի մասին: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած Հայաստանի` այս տարվա առաջին 9 ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի մասին զեկույցի համաձայն` 2010 թ. հունվար-հուլիս ամիսներին մեր երկրից արտահանված և մեր երկիր ներմուծված ապրանքների տարբերությունը, այլ կերպ ասած` մեր արտաքին առևտրի բացասական սալդոն կազմել է 1 միլիարդ 523 միլիոն դոլար: Սա այն դեպքում, երբ նախորդ տարի նույն ժամանակահատվածում բացասական սալդոն 1 մլրդ 299 մլն էր: Այսինքն` բացասական սալդոն կրճատվելու փոխարեն տարեցտարի ավելանում է, իսկ դա նշանակում է, որ մեր ապրանքների տեղը աշխարհում գնալով փոքրանում է: Չունենք մրցունակ ապրանք, մրցունակ արտադրություն, արդյունաբերություն` չունենք կապիտալ: Ընդ որում, այդ հրապարակված թվերը պաշտոնական են, իրականում պատկերն ավելի վատ է, որովհետև ներմուծված ոչ բոլոր ապրանքներն են մաքսազերծվում: Որպեսզի պատկերացում կազմենք, թե իսկապես որքան լուրջ է մեր վիճակը, համեմատության համար ասենք, որ Հայաստանից ավելի մեծ բացասական սալդո ունեն միայն Բելառուսը և Ուկրաինան£ Սակայն, ի տարբերություն մեզ, գոնե այդ երկրների արտաքին առևտրաշրջանառությունը մեծ է, և բացասական սալդոյի կշիռը տնտեսությունում` փոքր: Մինչ մենք ընկնում ենք դռնեդուռ` վարկ վերցնելու ակնկալիքով, կամ աչքներս ջուր կտրած սպասում ենք մասնավոր տրանսֆերտներին, որպեսզի կարողանանք բյուջեի ճեղքերը փակել, մեր հարևան Ադրբեջանը մեր մեկուկես միլիարդ դոլարանոց բացասական սալդոյի ֆոնի վրա նույն ժամանակահատվածում գրանցում է 8,5 միլիարդ դոլարի դրական սալդո` նախորդ տարվա 3,8 միլիարդ դոլարի համեմատ£: Ղազախստանում եւ Ռուսաստանում նույնպես դրական սալդոն մեծացել է:

Մենք չունենք նավթի հանքեր, չունենք ադամանդի հանքեր, իսկ այն, ինչ ունենք, չենք կարողանում տնօրինել ու պահպանել: Մեր ազգային կապիտալը երկրի ներսում դրսևորվում է միայն հանգստյան համալիրների, ռեստորանների, հյուրանոցների ու սաունաների կառուցմամբ, որը տնտեսության մեջ, ըստ էության, դեր չի խաղում:

Այս իրավիճակում գոնե պետք էր պայմաններ ստեղծել, որ տնտեսությանը մասնակից դառնար սփյուռքի կապիտալը: Ներկայումս Հայաստանում սփյուռքի ներդրած կապիտալը մեծ չէ, իսկ եթե սփյուռքն իր միջոցները չի ուզում կենտրոնացնել հայրենիքում, առավել ևս մեր երկրում ներդրումներ չեն անի օտարերկրացիները: Իսկ ինչու՞ սփյուռքը չի ուզում իր փողերը բերել Հայաստան: Պատճառը նորից տնտեսական ու ներքաղաքական իրավիճակն է, որտեղ որևէ երաշխիք չկա, որ սկսած բիզնեսը ապագա կունենա:

Բացի այդ, սփյուռքն արդեն հոգնել է «կթու կովի» պես ծառայել մեր երկրին, հատկապես այն դեպքում, երբ այդ կիթի արդյունքը չի տեսնում: Եթե սփյուռքը, որը, կարելի է ասել, մեր նավթն է, վերջնականապես հիասթափվի ու ձեռքերը լվանա մեր խնդիրներից, ուրեմն` իսկապես կորած ենք:

Տնտեսական համաշխարհային ճգնաժամը ցույց տվեց, թե ինչի ենք մենք ընդունակ ու որտեղից կարող ենք կախվել: 2009-ին, երբ ամբողջ աշխարհը պայքարում էր ճգնաժամի դեմ, լուրջ ծրագրեր էր մշակում` այն հաղթահարելու համար, մենք միջազգային կազմակերպություններից, բանկերից ու հարևան երկրների կառավարություններից փող էինք մուրում` պարտքի կամ օժանդակության տեսքով: Պարզ է, որ այդ փողը մեր սիրուն աչքերի համար ոչ ոք չէր տա: Միայն մեկ տարվա ընթացքում մեր երկիրը, դռնեդուռ ընկնելով, 30 միլիոն դոլար վերցրեց ԱՄՆ Սենատի հատկացումների կոմիտեից, 500 միլիոն` ՌԴ-ից, 80 միլիոն` Ասիական զարգացման բանկից, 305 միլիոն` Արժույթի միջազգային հիմնադրամից, 60 միլիոն` Համաշխարհային բանկից և այլն: Պարտքի ընդհանուր ծավալն անցնում է 1 միլիարդ դոլարի սահմանը:

Չնայած այդ պարտքերի մեծ մասը արտոնյալ վարկեր են, այնուամենայնիվ, պիտի փակենք: Փաստորեն, այն դեպքում, երբ մեր իրական կապիտալը շրջում է դրսում, մենք պարտքերի մեջ խեղդվում ենք` հարցականի տակ դնելով 2024-2025-ին (վարկերի մարման ժամկետը) մի ամբողջ ազգի գոյությունը: Միայն Ռուսաստանից վերցրած 500 միլիոն դոլար վարկը, որը տվել են ոչ թե կայուն տոկոսադրույքով, այլ LIBOR-ով (հաշվարկային փոփոխական միավոր), արդեն մեծ անհանգստությունների տեղիք է տալիս, քանի որ երաշխիքներ չկան, որ առաջիկա տարիներին, երբ մեր երկիրը տոկոսներ է մարելու, այդ LIBOR-ի դրույքաչափը 1.22%-ից չի հասնի, ասենք, 7-8%-ի: Ճգնաժամից խուսափելու համար, փոխանակ կապիտալի արտահոսքը կանխվեր ու գոնե միառժամանակ թույլ չտրվեր արտերկրում հայկական ունեցվածքի վատնումը, մեր կառավարությունն անցավ այնպիսի ծիծաղելի քայլերի, ինչպիսիք են մի քանի նախարարություններում վառելիքի և գրենական պիտույքների տնտեսումները, ծառայողական ավելի էժան մեքենաների գնումները: Մենք գիտենք, որ սփյուռքում քիչ չեն հաջողության հասած գործարարները, որոնք ի վիճակի էին և հիմա էլ են պատրաստ անհրաժեշտ քայլեր անել` մեր փոքր պետությունն այս վիճակից հանելու, ժողովրդին անտեղի ու չարդարացված գնաճային ճնշումներից փրկելու համար: Բայց քանի դեռ սփյուռքահայ ազդեցիկ գործարարը տեսնում է, թե ինչպես է իր հայրենակիցը պետբյուջեի չափ գումար դնում խաղատան սեղանին կամ մի լողափ գնում արտերկրում, այլևս նրան ոչ ոք չի կարող համոզել, որ հայրենիքը օգնության կարիք ունի, որ այստեղ ընտանիքներ կան` ամիսներով պանիր չեն ուտում, բնակարանը ջեռուցում են հին իրեր ու կոշիկ վառելով կամ երեխային քնեցնում են բետոնե հատակին: Մեր երկրում իսպառ բացակայում է արդյունաբերական մտածելակերպը, մեր գործարարը երկրի ներսում մտածում է միայն կինոթատրոնները քանդելու ու չարչիանոց դարձնելու, պատմամշակութային արժեքները ժամանցի գոտու վերածելու ու նման ճղճիմ մեթոդով մի քանի կոպեկ աշխատելու մասին: Լուրջ ներդրումներն ու մեծ փողերը պահվում են դրսի համար: Այդ է պատճառը, որ այսօր մեր խնայողություններն ու համախառն կուտակումները նման ցածր մակարդակի վրա են Սփյուռքից եկած փողի մոտ կեսը դուրս է գնում: Այս առումով սփյուռքն առայժմ մեզ համար արջի ծառայություն է մատուցում: Միջնադարում, երբ Ամերիկայից ոսկին սկսեց հոսել դեպի Իսպանիա, այդ երկրում ամեն ինչ թանկացավ, և տնտեսությունը կազմալուծվեց: Քանի դեռ կապիտալի արտահոսքը չի կանխվել, ներմուծող պարազիտային երկրից նորմալ, արտահանող երկիր չենք դարձել, նույնը սպառնում է նաև մեր երկրին` անգամ նման հզոր սփյուռք ունենալու պարագայում: Մենք սփյուռքից եկած կապիտալը մի ձեռքով վերցնում ենք, մյուս ձեռքով շռայլում օտար պետությունում: Մինչդեռ մենք այն իրավիճակում ենք, որ մեկ լուման անգամ պետք է արժևորենք ու գնահատենք, պահենք ու ծառայեցնենք ի շահ մեր երկրի:

Հռիփսիմե Ջեբեջյան
«Երևակ» ամսագիր

No comments: