Monday, February 7, 2011

Թուրքիայում դժգոհ են Հայաստանում բեռնափոխադրման գնի բարձրացումից

Diplomat.am. 7-2-2011- Հայաստան ներկրվող ապրանքների բեռնափոխադրման գնի բարձրացումից դժգոհող առևտրականների հերթական բողոքի ակցիան ԱԺ-ի դիմաց էր: Հույս ունենալով իրենց խնդրի լուծումը գտնել գոնե ԱԺ-ում , առևտրականները եկել էին ոչ միայն իրենց բողոքը հայտնելու այլև համապատասխան նամակ հանձնելու մի քանի պատգամավորների:
Բողոքող առևտականներն դրանք հանձնեցին «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանին, «Դաշնակցություն» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն: Պատասխան ստանալու ակնկալիքով նրանք ԱԺ կգան 2 օրից:
Հարկ է նկատել, որ առևտրականները սկզբում բողոքի ակցիա կազմակերպել են կառավարության շենքի դիմաց հանդիպել կառավարության ներկայացուցչին: Այդտեղից նրանց ուղարկել են տրանսպորտի նախարարություն, իսկ նախարարությունից էլ խորհուրդ են տվել դիմել պետական եկամուտների կոմիտե: Մի խոսքով, 3 կառույցներն էլ` հարցը մեկից մյուսին փոխանցելով, շրջանցել են այն ու մեղքը բարդել բեռնափոխադրում իրականացնող կազմակերպությունների վրա:

Ավտոբուսային փոխադրումներ իրականացնող ընկերությունների աշխատակիցները վստահեցրել են, թե տեղյակ չեն կատարված թանկացումների մասին, սակայն բողոքավորները համոզված են, որ դա այդպես չէ և ամեն ինչ արվել է միտումնավոր:

Պարզվում է բեռնափոխադրման գների թանկացումը բողոքի ալիք է բարձրացրել ոչ միայն հայաստանյան, այլև թուրք առևտրականների շրջանում, որնցից հայերը ապրանք են գնում: Թուրքական պարբերականներից մեկը գրում է, թե Հայաստանի և Թուրքիայի միջև առևտուրն ամբողջությամբ դադարեցվել է: Այս ամենի մեղավորը, ըստ պարբերականի, Ստամբուլի Աքսարայի ավտոկայարանին կից գործող և մոնոպոլ դիրքեր ունեցող «Կառլեն կարգո» հայաստանյան բեռնափոխադրող միջնորդ ընկերությունն է: Սույն ընկերությունը, ինչպես արդեն հայտնի է, Թուրքիայից Հայաստան ապրանքի տեղափոխման 1 կգ-ի դիմաց գանձվող գումարը հունվարին 4 դոլարից հասցրել է 8-ի:

Վիճակը պատկերացնելու համար նշվում է, որ միայն 2010 թվականին առևտուր անելու նպատակով Թուրքիա է ժամանել մոտ 1 միլիոն հայաստանցի առևտրական: Ստեղծված վիճակը մտահոգում է նաև թուրքական տրանսպորտային ընկերություններին, որոնք հայաստանցի առևտրականների բացակայության պայմաններում կանգնած են սնանկացման եզրին: Մինչ առևտրի դադարեցումը շաբաթական կտրվածքով միջինը 50 թուրքական բեռնատար է Վրաստանի տարածքով մտել Հայաստան:

No comments: