«Լրագիր» 7-2-2011- Մարդու հիմնական պահանջներից մեկն անվտանգ միջավայրում ապրելու ձգտումն է։ Պետություններն իրենց գոյությամբ, ի թիվս այլ գործոնների, պարտական են նաև այդ պահանջին։ Իսկ երբ որևէ պետություն անկարող է գտնվում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու գործում, նրա գոյությունն, ըստ էության, դադարում է։Սեփական անվտանգությունը միայնակ արդյունավետ ապահովելու անկարողության գիտակցումը, կամ/և աշխարհաքաղաքական ինչ-ինչ առավելություններ ձեռք բերելու ցանկությունն է, որ հաճախ դրդում է պետություններին անվտանգության ապահովման գործում համագործակցել միմյանց հետ։ Այս հարցում համագործակցության ամենաբարձր մակարդակը ռազմա-քաղաքական դաշինքներն են։
Դաշինքներ ստեղծելիս, կամ դաշինքներին միանալիս, բնական է, որ պետություններն առաջնորդվում են իրենց պետական շահերով (national interests): Սակայն, քանի որ գոյություն ունեն տարբեր քաղաքական ռեժիմներ ունեցող պետություններ, այդ «պետական շահերը», մի դեպքում, կարող են լինել մեկ բռնապետի, մի խումբ օլիգարխների կամ մի կլանի, իսկ մյուս դեպքում՝ մի ամբողջ ազատ ժողովրդի շահերը։
Այս առումով, բնական է, որ այն դաշինքը, որի մասն են կազմում հիմնականում ժողովրդավարական պետությունները, ուղղված է լինելու դաշինքի մաս կազմող պետությունների բոլոր քաղաքացիների անվտանգության ապահովմանը։ ՆԱՏՕ-ն, հանդիսանալով աշխարհի ամենաազդեցիկ ռազմա-քաղաքական դաշինքը, բաղկացած է 28 պետություններից, որից, ըստ հեղինակավոր Freedom House կազմակերպության գնահատականների, 26-ը ազատ երկրներ են, իսկ երկուսը՝ Ալբանիան և Թուրքիան կիսաազատ են, չնայած և դիտարկվում են որպես էլեկտորալ ժողովրդավարություններ (electoral democracies)։ Ընդհանրապես, ըստ դաշինքի գաղափարախոսության, ժողովրդավարությունն ուղղակիորեն կապվում է անվտանգության հետ, այն արժեք է, որը պաշտպանության կարիք ունի։ Եվ պատահական չէ, որ ՆԱՏՕ-ն, ի թիվս այլ գործառույթների, նաև ունի ժողովրդավարական արժեքները տարածելու գործառույթ։
Սակայն պետք է նշել, որ ՆԱՏՕ-ն պետք չէ դիտարկել որպես ինչ-որ իդեալիստական, ռոմանտիկ մի կառույց. այն, լինելով պետությունների դաշինք, առաջնորդվում է նախ և առաջ իր անդամ պետությունների շահերով և յուրաքանչյուր գործողություն, բնական է, որ պայմանավորում է դրանցով։ Չպետք է մոռանալ նաև, որ նույնիսկ ՆԱՏՕ-ի ներսում եղել են ու կան բազմաթիվ խնդիրներ. հիշենք, օրինակ, որ Ֆրանսիան 1966-ին դուրս էր եկել դաշինքի ռազմական կառույցից, իսկ Հունաստանը 1974-80 թթ. չէր մասնակցում ՆԱՏՕ-ի ռազմական կազմակերպությունում, քանի որ լարված հարաբերություններ ուներ դաշինքի մեկ այլ անդամի՝ Թուրքիայի հետ, և այլն։
Պետք է նշել նաև, որ մի շարք զարգացած եվրոպական դեմոկրատական երկրներ, ինչպիսիք են, օրինակ՝ Շվեյցարիան, Ավստրիան, Ֆինլանդիան, Շվեդիան և այլն, չեն ցանկացել ՆԱՏՕ-ի անդամ դառնալ։ Սա էլ խոսում է այն բանի մասին, որ եվրոպական ժողովրդավարական պետություն լինելը դեռևս չի ենթադրում անդամակցություն ՆԱՏՕ-ին։ Պետական անվտանգությունը կարելի է ապահովել նաև այլ եղանակներով, օրինակ՝ չեզոք կարգավիճակ ձեռք բերելով։
Հայաստանում շատերի մոտ ՆԱՏՕ-ի վերաբերյալ առկա է բավական զուսպ, հաճախ նույնիսկ խիստ բացասական վերաբերմունք, և այս հանգամանքը բավական հեշտ է բացատրվում։ Ոչ հեռավոր անցյալում Հայաստանը հանդիսանում էր ՆԱՏՕ-ի հակառակորդ՝ Խորհրդային Միության մասը։ Հիմա էլ Հայաստանը հայտարարում է, որ Ռուսաստանն իր ամենասերտ դաշնակիցն ու ռազմավարական գործընկերն է։ Իսկ Ռուսաստանը, որը հանդիսանում է ԽՍՀՄ իրավահաջորդը, չի ցանկանում հրաժարվել ԽՍՀՄ սոցիալ-քաղաքական ժառանգությունից, ավելին, այն որոշ վերապահումներով շարունակում է հպարտանալ իր անցյալով և, դեռևս, թերահավատ մոտեցում է ցուցաբերում արդի արևմտյան քաղաքակրթության և նրա ինստիտուտների նկատմամբ։
Այսօր, Հայաստանի ինֆորմացիոն դաշտում, որը մեծապես վերահսկվում է իշխանությունների կողմից, արևմտյան կառույցները և, մասնավորապես, ՆԱՏՕ-ն ներկայացվում են ավելի շատ բացասական, քան դրական, իսկ Ռուսաստանի հետ կապված ամեն ինչ ներկայացվում է միայն դրական կոնտեքստում։ Արդեն այս հանգամանքը բավարար է, որպեսզի եզրակացնենք, որ Հայաստանը, չնայած նրան, որ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, դեռևս Հյուսիսատլանտյան դաշինքը դիտարկում է որպես մի «օտարածին մարմին»։
Կարծում ենք, որ ստատուս քվոն կարող է փոխվել միայն այն ժամանակ, երբ Հայաստանը կդառնա առնվազն էլեկտորալ ժողովրդավարություն ու կսկսի ավելի լուրջ մոտեցում ցուցաբերել իր ինքնիշխանության նկատմամբ։ Դա չի նշանակում, որ Հայաստանը պարտադիր պետք է ՆԱՏՕ-ին անդամագրվելու հայտ ներկայացնի, ստատուս քվոյի փոփոխությունը կարող է դրսևորվել եվրոպական ժամանակակից քաղաքակրթության անվտանգության ապահովման կարևորագույն սյուներից մեկի՝ ՆԱՏՕ-ի վերաբերյալ վերաբերմունքի փոփոխությամբ։
ԷԴԳԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ
No comments:
Post a Comment