«Լրագիր» 7-2-2011- Չգիտեմ, թե աշխարհի զարգացած, քաղաքական կայացած համակարգ եւ ավանդույթներ ունեցող երկրներում քաղաքական գործընթացներում սոցիոլոգիայի ներգրավվածության մեխանիզմը ինչպես է աշխատում, սակայն կարծում եմ, որ այդ երկրներից որեւէ մեկում հազիվ թե որեւէ մի սոցիոլոգ երկու կամ երեք շաբաթը մեկ ասուլիս տա եւ ներկայացնի քաղաքական ուժերի եւ գործիչների վարկանիշներ:Բայց Հայաստանն այլ է: Հայաստանը զարգացած պետություն չէ, նույնիսկ զարգացող պետություն չէ: Հայաստանը յոլա է գնում: Ու Հայաստանում էլ յոլա են գնում, թե սոցիալական, թե քաղաքական կյանքի առումով: Երեւի դրա համար էլ Հայաստանում սոցիոլոգները ամիսը մի երկու երեք ասուլիս են տալիս ու վարկանիշներ ներկայացնում, հատկապես ընտրություններից առաջ եւ դրանց ժամանակ:
Բայց, Հայաստանի առանձնահատկությունը նաեւ այն է, որ քաղաքական գործընթացների մասին դատողություններ անելու համար այդ ասուլիսները ելակետի իմաստով թերեւս առավել առարկայական են, քան քաղաքական տարբեր գործիչների` գրեթե բոլորի ասուլիսները: Բանն այն է, որ երկու դեպքում էլ ասուլիսներում որեւէ նոր, իմաստալից, որեւէ էական բան չկա` բոլորը միշտ նույն բանն են ասում: Պարզապես սոցիոլոգների դեպքում կոնկրետությունը մի փոքր ավելին է, քանի որ նրանք թվեր են ասում: Թվերն իհարկե իրական կյանքի հետ կապ չունեն, բայց փոխարենը բոլորը համոզված են, որ դրանք կապ ունեն իշխանության պատկերացումների հետ:
Այսինքն, իքս սոցիոլոգի արտահայտած թվերից կարելի է որոշակի ենթադրություններ եւ եզրակացություններ անել իշխանության իքս կամ իգրեք մտադրության, սցենարի, ծրագրի մասին, իշխանության մեջ առկա տրամադրությունների եւ հակադրությունների մասին: Մյուս կողմից, սոցիոլոգները իրենք էլ գիտեն, որ իրենց ասուլիսները առավելապես այդ համատեքստում էլ ընկալվում են, եւ հենց դա իմանալով, իրենք էլ կարող են հանդես գալ նախաձեռնությամբ եւ ինչ որ թվեր հրապարակել, ակնկալելով, որ դրանից հետո արդեն կգան այդ թվերը «խմբագրելու» պատվերներ:
Թե հատկապես ինչի հետ գործ ունենք օրինակ Ահարոն Ադիբեկյանի դեպքում, որը Հայաստանի ահավոր հայտնի սոցիոլոգներից մեկն է, դժվար է ասել: Բայց բոլոր դեպքերում, ելակետային առումով, նա իր ասուլիսներով կարծես թե որոշակի հետաքրքրական ազդակներ տալիս է, ներքաղաքական իրադրության համար եզրակացություն անելու իմաստով: Իր առայժմ վերջին ասուլիսում Ադիբեկյանը նշել էր, թե Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի ներքաղաքական կյանքի առաջատար դիրքեր եկավ Ղարաբաղի հարցի հողի վրա, մինչդեռ այժմ այդ հարցը ակտուալ չէ` երրորդական, չորրորդական է, ինչը նշանակում է, որ այդ գործոնը Քոչարյանին այլեւս չի օգնի: Այդպես կարծում է Ադիբեկյանը:
Հարցն այն է, թե արդյոք հենց Ադիբեկյանն է այդպես կարծում, թե այդպես կարծում է իշխանությունը` օրինակ Սերժ Սարգսյանը: Իշխանությունն է Ադիբեկյանին հուշել այդպիսի մի մտայնություն դնել շրջանառության մեջ, թե Ադիբեկյանն է իշխանությանը հուշում, որ այդ մտայնությունը շրջանառության մեջ դնելով հնարավոր է չեզոքացնել ընտրական փուլում Ռոբերտ Քոչարյանի գործոնի ուղղակի կամ անուղղակի հնարավոր ազդեցությունը:
Բայց թերեւս թե այս, թե այն դեպքում, դա այդքան էլ գործուն մեխանիզմ չէ: Բանն այն է, որ Քոչարյանը գուցե իսկապես առաջ եկավ Ղարաբաղի գործոնի օգնությամբ, բայց իր նախագահության տարիների ընթացքում նա որոշակիորեն նաեւ տնտեսական գործոնով «համալրվեց»: Բոլորովին այլ հարց է, թե ըստ էության պոտենցիալի, առողջության իմաստով ինչպիսի տնտեսություն էր կառուցել Քոչարյանը: Ինչպես ցույց տվեց տնտեսական ճգնաժամը, դա դիմադրունակությունից գրեթե իսպառ զուրկ մի տնտեսություն էր: Դրանից բացի, ըստ տարբեր գնահատականների, որ պարբերաբար հայտնվում էին մամուլի էջերում, բացի առավելապես արտաքին տրանսֆերտների վրա հիմնված լինելուց, այդ տնտեսությունը աշխատում էր նաեւ առավելապես կասկածելի ծագում ունեցող փողերի ներդրման շնորհիվ: Եվ դրանից բացի էլ, հենց Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք բյուրեղացավ տնտեսության կլանային համակարգը, կայացավ եւ կարծրացավ օլիգարխիկ տնտեսությունը, քվոտավորված բիզնես միջավայրը, բիզնեսի եւ իշխանության սերտաճումը:
Բայց, այդ ամենով հանդերձ, շարքային քաղաքացու համար այդ տնտեսությունն այժմ երեւում է տնտեսական հրաշքի պես մի բան: Երբ տարիներ առաջ Ռոբերտ Քոչարյանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը Հայաստանի տնտեսությունը «տարածաշրջանի վագր» էր որակել, այդ որակումը այն ժամանակ համընդհանուր եւ թերեւս արդարացի ծիծաղ էր առաջացրել, քանի որ չնայած մի քանի տարի շարունակ արձանագրող տնտեսական աճին, Հայաստանի տնտեսությունը նախ բավական լուրջ հարցեր էր առաջացնում աճի որակի առումով, եւ բացի այդ էլ ընդամենը մի քանի ընտանիքի հարստության ավելացմանն էր ծառայում, իսկ հասարակության զգալի մասին հասնում էին միայն փշրանքները:
Սակայն, Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակի հեռավորությունից երբ նայում ենք Օսկանյանի հայտարարությանը, ապա այն արդեն փոքր ինչ նվազ ծիծաղելի է թվում, եւ շատերի համար նույնիսկ թվում է քիչ, քանի որ Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակի համեմատ այն տարիների վիճակը ասենք գրեթե Հյուսիսային եւ Հարավային Կորեաների տարբերությունն է հիշեցնում: Կրկնում եմ, այլ հարց է արտաքին թվերի եւ տպավորությունների տակ առկա որակի խնդիրը: Այդ իմաստով, միգուցե ավելի խոստումնալից եւ հեռանկարային է ներկայում վարվող տնտեսական քաղաքականությունը, քան այն, ինչ վարում էր Քոչարյանը: Դա բավական մանրամասն քննարկելու եւ բանավեճի առարկա է: Խնդիրը սակայն այն է, որ հասարակությունն ի վերջո դատում է առավելապես նրանով, ինչը հասնում է իրեն:
Իսկ այդ տեսանկյունից, այժմ իրեն անհամեմատ ավելի ծանր բեռ է հասնում, քան Քոչարյանի նախագահության տարիներին: Եվ դա փաստ է, որի հետ հաշվի չնստելն անթույլատրելի է: Հասարակությունը չի տեսնում Քոչարյանի ժամանակ հաստատված մենաշնորհների եւ օլիգոպոլիաների դեմ արդյունավետ պայքար: Փոխարենը տեսնում է, որ այդ ժամանակ ստեղծված աշխատատեղերի (կրկնում եմ` մարդկանց չի հետաքրքրում այդ ամենի հեռանկարայնությունն ու որակական կողմը, մարդիկ չեն կարող եւ պետք էլ չէ, որ լինեն այդ հարցերի փորձագետ կամ տնտեսագետ: Նրանք ընդամենը ուզում են հնարավորինս քիչ լինի իրենց ուսերին դրված սոցիալական բեռն ու շատ լինեն այդ բեռը տանելուն նպաստող հնարավորությունները` աշխատանք, եկամուտ) զգալի մասը փակվել է, իսկ նորերը շատ շատ դանդաղ են բացվում: Մարդիկ տեսնում են, որ գներն այժմ առավել մեծ թափով են աճում: Մարդիկ տեսնում են, որ մենաշնորհները ոչ միայն չեն պակասում, այլ կարծես թե ավելանում են, ընդլայնվում են: Մարդիկ տեսնում են, որ փոքր ու միջին բիզնեսի հանդեպ ավելի ու ավելի ագրեսիվ են դառնում հարկայինն ու մաքսայինը: Մարդիկ տեսնում են, որ իբր մրցակցային տնտեսություն կառուցելուն ուղղված հարկային բարեփոխումներն ընդամենը սահմանափակում են փոքր ու միջին բիզնեսի մրցունակությունը:
Մարդիկ շատ այլ բաներ են տեսնում, ու տեսնում են, որ այդ ամենն այդքան էլ կապ չունի համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ: Եթե իշխանությունը կամք չի ցուցաբերում մենաշնորհի, հարկայինի ու մաքսայինի ամենաթողության եւ ագրեսիայի նկատմամբ, եթե փոքր ու միջին բիզնեսն անընդհատ դժգոհում է հարկային վարչարարությունից, իսկ իշխանությունն այդ ուղղությամբ որեւէ հիմնարար բարեփոխում չի կատարում, որը կհեշտացներ փոքր ու միջին բիզնեսով զբաղվելը Հայաստանում, ապա այստեղ արդեն համաշխարհային ճգնաժամն ընդամենը պատրվակ է, արդարացում: Խնդիրը իշխանության քաղաքական կամքն է:
Ահա այդ պայմաններում արդեն մնում է միայն տարբերությունը, որն արտահայտվում է հասարակության զգալի մասի մոտ արմատավորվող այն գիտակցումով, որ Քոչարյանի ժամանակ ապրելը գոնե ավելի հեշտ էր ու սոցիալական բեռը գոնե ավելի թեթեւ էր: Հետեւաբար ասել, թե Քոչարյանի “կրեդոն” միայն Ղարաբաղի հարցն է, թերեւս միամտություն է եւ անհեռատեսություն: Սերժ Սարգսյանն իր նախագահության մոտ երեք տարիների ընթացքում արեց եւ անում է գրեթե ամեն ինչ, որպեսզի Քոչարյանի թիվ մեկ “կրեդոն” դառնա տնտեսությունը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
No comments:
Post a Comment