HayNews.am. 8-2-2011- Դինք ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը դիմել է դատարան՝ պահանջելով «Ակօսի» խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործի մեջ ներառել նաև վերջերս լույս տեսած «Մի հայ կա. Հրանտ Դինք գործողության գաղտնագրերը» գիրքը, որի հեղինակն է Ադեմ Յավուզ Արսլանը:Ինչպես փոխանցում է CIHAN-ը, Դինքի գործով երեկ կայացած դատալսման ժամանակ Չեթինը մի շարք փաստաթղթեր է ներկայացրել դատարան՝ դրանցում արձանագրված փաստերն ուսումնասիրելու համար:
Փաստաթղթերի հետ Դինք ընտանիքի փաստաբանը դատարանին է փոխանցել նաև Արսլանի գիրքը, որում մի շարք կարևոր տեղեկություններ են հաղորդվում հայ լրագրողի սպանության վերաբերյալ: Չեթինն իր հայցում պահանջել է դատարանից քննության ենթարկել գրքում տեղ գտած փաստերը:
Հիշեցնենք, որ Պոլսում հրատարակվող երկլեզու «Ակօս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքը սպանվել է Շիշլի թաղամասում գտնվող խմբագրատան առջև, 2007 թ.-ի հունվարի 19-ին: Թեև խոսուն ապացույցներին, Դինքի մարդասպանը՝ Օգյուն Սամասթը և նրա հանցակիցներ Յասին Հայալն ու Էրհան Թունջելը դեռ չեն ստացել իրենց արժանի պատիժը: Թուրքական դատարանը դանդաղկոտություն և անվճռականություն է ցուցաբերում, ինչի համար քննադատության է արժանացել ոչ միայն միջազգային հանրության, այլ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից:
Նշենք նաև, որ 55-ամյա հայ լրագրողի սպանությունից առաջ թուրքական իշխանությունները հասցրել էին նրան մեղավոր ճանաչել Թուրքիայի Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով:
No comments:
Post a Comment