Thursday, February 24, 2011

Քադաֆիի աղջկան զրկել են ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանի կոչումից

Panorama.am. 24-2-2011- Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի աղջկան՝ Աիշա Քադաֆիին զրկել են ՄԱԿ-ի բարի կամքի դեսպանի կոչումից:
Այս մասին հաղորդում է «Լենտա.ռու» կայքը:
Որոշումն այսօր հրապարակել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Մարթին Նեսիրկին՝ կոչումից զրկելու պատճառը հիմնավորելով Լիբիայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ վերջինիս հոր ղեկավարած վարչակազմը խստորեն ճնշում է հակակառավարական ցույցերը:
Աիշա Քադաֆին բարի կամքի դեսպան էր դարձել 2004 թ-ին, ու համակարգել կանանց նկատմամբ կիրառվող բռնությունների դեմ պայքարի աշխատանքները: Լինելով մասնագիտությամբ իրավաբան, Քադաֆիի աղջիկը ժամանակին եղել է նաև Սադամ Հուսեինին պաշտպանող միջազգային փաստաբանական խմբի շարքում:
Այսօր, ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկատվություն տարածեցին, համաձայն, որի Աիշա Քադաֆիին տեղափոխող օդանավը թույլ չեն տվել վայրէջք կատարի նախ` Մալթայում, ապա և Բեյրութի միջազգային օդանավակայանում: Քադաֆիի աղջկա ինքնաթիռում գտնվելու փաստը ճշտված չի եղել, սակայն օդանավակայանների ներկայացուցիչների խոսքերով, ինքնաթիռի անձնակազմը հրաժարվել է ուղևորների մասին տեղեկատվություն տրամադրել, ինչով էլ և մեծացրել Աիշա Քադաֆիի օդանավում գտնվելու վարկածը:

No comments: