Thursday, February 24, 2011

Վարդանանց տոնն է. «Գիտակցված կյանքն է անմահություն»

Այսօր Վարդանանց տոնն է: Այս տոնը Հայ Առաքելական եկեղեցու համար, Տեր Եսայի քահանա Արտեմյանի խոսքով, կարևոր տոներից է:
Այսօրվա ասուլիսում քահանան, խոսելով տոնի մասին, նշեց, որ այն ներկայացնում է մի իրողությունը, որը վճռորոշ ու ճակատագրական դեր ունեցավ հայի ինքնության ու հայ եկեղեցու համար: «Մեզ համար այս տոնը կարևորվում է նրանով, որ խնդիր է դրվել զոհողության` հանուն հայրենիքի ու հանուն քրիստոնեության: Այդ գաղափարը վարդանանց քաջերը մատուցում են իբրև ուսուցում մեզ. քրիտոնեությունը մեր մաշկի գույնն է ու հանուն նրա զոհողության պատրաստակամ հոգին անպարտ է»,-ասաց նա: Ըստ Տեր Եսայի քահանա Արտեմյանի, Վարդանանց պատերազմում հազար երեսունվեց նահատակ սրբեր` Վարդան Մամիկոնյանի հետ միասին հենց այս գաղափարն են մատուցել:

Քահանան նշեց, բնականաբար, պարտադիր չէ, որ մարդիկ այսօր էլ գնան նման զոհողության, բայց այսօր հենց Վարդանանց օրինակով մեկ այլ կարգախոս կա: Հիշելով Վարդանի խոսքը. «Մահ չիմացյալ մահ է, մահ իմացյալ` անմահություն», քահանան նշեց, որ այսօր Առաքելական եկեղեցին մեկ ուրիշ կարգախոս ունի. «Գիտակցված կյանքն է անմահություն»:

Ինչպես Տեր Եսայի քահանա Արտեմյանը նշեց, ապրելն այսօր արդեն իսկ սխրանք է, բայց սխրանք է նաև մեռնել հանուն հայրենիքի ու հանուն քրիստոնեության:
Նշենք, որ 451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, հայ եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայ Առաքելական Եկեղեցու մեծագույն սրբերից են: Այս օրը` Վարդանանց տոնին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում և հայկական բոլոր եկեղեցիներում սուրբ Պատարագ է մատուցվում:

No comments: