Thursday, February 24, 2011

Ֆրանսիայի նախագահը զայրացրել է Անկարային. Սարկոզիի այցը կարող է չեղյալ հայտարարվել

Tert.am. 24-2-2011- Փետրվարի 25-ին աշխատանքային այցով պատրաստվում է Թուրքիա ժամանել Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին։ Սակայն այցի արարողակարգի հետ կապված որոշ խնդիրներ են ծագել, ինչի համար Անկարան դժգոհություն է հայտնել Փարիզին՝ հայտարարելով` «Նման պայմաններով այց մեզ հարկավոր չէ»։
Haberturk–ի փոխանցմամբ՝ պաշտոնական Անկարային զայրացրել են վերջին վայրկյանին Սարկոզիի այցի արարողակարգում տեղի ունեցած փոփոխությունները։ Նախապես հայտարարվել էր, որ Ֆրանսիայի նախագահը Թուրքիա է այցելելու երկօրյա պաշտոնական այցով, սակայն ավելի ուշ Սարկոզին փոխել է իր մտադրությունը և որոշել Թուրքիայում անցկացնել ընդամենը 5 աշխատանքային ժամ։
Լրատվամիջոցը, վկայակոչելով Թուրքիայի նախագահական գրասենյակին մոտ կանգնած աղբյուրներ, տեղեկացնում է, որ խնդրի առնչությամբ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի մամուլի քարտուղար Հուսեին Ավնի Քարսլըօղլուն նախագահի նստավայր է հրավիրել Անկարայում Ֆրանսիայի դեսպան Բեռնար Էմիեին և տեղեկացրել, որ իրենք դժգոհ են Սարկոզիի այցի արարողակարգում տեղի ունեցած փոփոխություններից։
«Մենք կարևորում ենք այդ այցը և ցանկանում ենք, որ այն իրականացվի հավուր պատշաճի։ Եթե նման ցանկությունները շարունակվեն, ոչինչ չի ստացվի»,– ասել է Քարսլըօղլուն։
Իսկ Անկարայում Ֆրանսիայի դեսպանն ասել է, որ եթե այցը հետաձգվի, դժվար թե մոտ ապագայում Սարկոզին կարողանա այցելել Թուրքիա։ Ֆրանսիացի դեսպանը խոստացել է նաև իրավիճակի մասին տեղեկացնել պաշտոնական Փարիզին։
Սարկոզիի այցի արարողակարգում տեղի ունեցած փոփոխությունների առնչությամբ իր վրդովմունքն է հայտնել նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Սարկոզին նախագահ ընտրվելուց ի վեր չի այցելել Թուրքիա։ Սակայն Թուրքիայի նախագահն այցելել է Ֆրանսիա։ Անձամբ ես եմ այցելել Ֆրանսիա։ Իսկ Սարկոզին որոշեց Թուրքիա գալ ոչ թե որպես Ֆրանսիայի նախագահ, այլ՝ G20-ում նախագահող երկրի ղեկավար։ Այդ պատճառով կարծում եմ, որ Սարկոզիի՝ նման մակարդակով այցը որևէ կերպ չի կարող նպաստել Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերություններին»,– Agence France Presse գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետը։

No comments: