Thursday, April 14, 2011

Էրդողանն Ապրիլի 24-ից առաջ նորից հիշեց «հայաստանցի ապօրինի ներգաղթյալներին»

2010 թվականի մարտից անցել է ուղիղ մեկ տարի մեկ ամիս…Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հենց այդ ժամանակ BBC-ի հետ զրույցում սպառնաց իր երկրից արտաքսել «ապօրինի ներգաղթած ՀՀ քաղաքացիներին»` հորինելով նաև նրանց թիվը` 70 հազար… Էրդողանի խոսքերը շատերը սրով ընդունեցին… նաև Թուրքիայում: Այստեղ, սակայն, շեշտը դրվեց ոչ թե հայերի հասցեին հնչած արտահայտությունների վրա, այլ` առաջին` այդ երբվանի՞ց է Թուրքիան Էրդողանինը և երկրորդ` իշխանություններն այդ ինչպե՞ս են իրեն սեփական կամքով (հաշվի չառնելով օրենքի պահանջները) թույլատրում ապօրինի ներգաղթյալներին մնալ իրենց երկրում: Ինչևէ, այս քաշքշուկը թողնենք թուրքերին: Ապրիլի 24-ը սարերի հետևում չէ: Թուրքական իշխանությունները լարված են աշխատում, մոբիլիզացված են ողջ ուժերը, միայն թե որևէ տեղից արտահոսք չլինի, այդ «չարաբաստիկ» բառը որևէ երկրում չարտասանեն և որ ավելի ահավոր է` չարձանագրեն: Այս ամենի համար Թուրքիան երկու հակադիր մարտավարություն ունի` փաղաքշել, սիրաշահել, հաճոյանալ կամ սպառնալ, հոխորտալ, վախեցնել: Հերթական էրդողանյան հայտարարությունը երկրորդ շարքից է: ԵԽԽՎ, Ստրասբուրգ, ապրիլի 13. «Եթե ցանկանանք, Թուրքիայից կարտաքսենք իմ երկրում ապրող 40 հազար ՀՀ քաղաքացիներին»: Ըստ էության, անցյալ տարվա նույն նախադասության պատճենը` միայն մեկ չնչին փոփոխությամբ` 70 հազարը «ճշգրտվեց» և դարձավ 40 հազար: Երկիրը` նույն ինքը` Թուրքիան, նորից Էրդողանինն է, իսկ ապօրինի ներգաղթյալներն ապրում են Էրդողանի անձնական ցանկությամբ: Դե քանի Եվրոպայի սրտում է, կարելի է նաև մի քիչ երեսով տալ. «Ով դո’ւք, Եվրոպա, իսկ հիշու՞մ եք, այդ մենք` թուրքերս, վերանորոգեցինք Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին»: Լավ, դե ոչինչ որ որպես թանգարան է գործում, իսկ խաչն էլ սակարկությունների արդյունքում տեղադրվեց… Էրդողանը չի մոռանում նաև իր փորձերը` ուղղված Հայաստանի և Սփյուռքի միջև անդունդ ձևավորելուն: «Հայաստանի իշխանություններն ուղղակի ամաչում են Սփյուռքից, եթե դա չլինի, կյանքն ավելի երջանիկ կլինի». Էրդողանի այս մեսիջը փակ համարել չի կարելի: Զիլ տղա է, ի վերջո:

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

No comments: