Wednesday, April 13, 2011

ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՇԱՆՍԸ

«Լրագիր» 13-4-2011- Երբ խոսք է գնում երկրում արմատական եւ լայնածավալ բարեփոխում իրականացնելու անհրաժեշտության մասին, պատասխանի տեսքով հաճախ ենք լսում հայտնի արտահայտությունը, թե Սերժ Սարգսյանը չի կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած է: Եվ հասկանալի է, որ այդ արտահայտությունն իսկապես համապատասխանում է իրականությանը: Սերժ Սարգսյանը չի կարող պայքարել այն օլիգարխների, մոնոպոլիստների, քրեական հեղինակությունների դեմ, որոնց ջանքերի գնով է ապահովում ընտրության իր համար ցանկալի արդյունք:
Հետեւաբար, Սերժ Սարգսյանը պետք է փոխի իր նստած ճյուղը, որ կարողանա նորի վրա նստած կտրել նախկինը: Բայց, իրավիճակի ամբողջ զավեշտն էլ այն է, որ Սերժ Սարգսյանը նստած ճյուղը փոխելու, այսինքն հասարակության վրա հենվելու, հասարակության աջակցությունը վայելելու համար պետք է կտրի այն ճյուղը, որի վրա ինքը նստած է եւ որը չորացնում է ամբողջ պետական ծառը:
Ստացվում է փակ շրջան, ինչն ավելի է ամրապնդում այն միտքը, որ Սերժ Սարգսյանը չի կարող երկրում բարեփոխումներ իրականացնել, քանի որ իրական եւ անկեղծ լինելու դեպքում դրանք ցավոտ են լինելու մոնոպոլիստների եւ օլիգոպոլիստների, իշխանությանը տարատեսակ ծառայություններ մատուցող քրեական շրջանակների համար: Մյուս կողմից, եթե Սերժ Սարգսյանը չկտրի այդ ճյուղը, ապա իրավիճակը ծանրանալու է նրա ուսերին, ինքն էլ ծանրանալու է ճյուղի վրա: Այսինքն, չկտրելով ճյուղը, նա խորացնում է երկրի ահավոր ծանր վիճակը: Խորացնելով այդ ծանր վիճակը, նա փաստորեն ավելացնում է ճյուղի վրայի ծանրությունը, իսկ դա էլ նշանակում է, որ նա փաստորեն մեծացնում է ճյուղը կոտրելու վտանգը:

Այսինքն, ճյուղը կամ կտրվելու է, կամ կոտրվելու: Այլ կերպ ասած, իշխանական համակարգում իրավիճակի եւս մի փակ շրջան: Ու այս շրջանում արդեն կարծես թե մտածելու տեղ ունի ոչ միայն Սերժ Սարգսյանը, որի համար բարեփոխումների չիրականացումը կամ դանդաղումը կարող է լինել ճակատագրական, այլ մտածելու տեղ ունի նաեւ հենց “ճյուղը”, այսինքն նրանք, ովքեր կազմում են այդ ճյուղը: Որովհետեւ Սերժ Սարգսյանը եթե իրենց “չկտրի”, ապա իրենք որպես ճյուղ կոտրվելու են նրա կուտակած բեռի ծանրության տակ:

Իրավիճակը չի փոխի Սերժ Սարգսյանին փոխելը: Ծանրությունը դրանից չի փոխվելու: Սերժ Սարգսյանին ծանրացնողը իրավիճակն է: Ու ծանրացնում է ոչ թե այն պատճառով, որ չի սիրում Սարգսյանին, այլ որովհետեւ Սարգսյանը չի փոխում իրավիճակը: Հետեւաբար նրան փոխելու դեպքում ծանրությունը չի նվազելու եւ իրավիճակը փոխելու խնդիրը չի կորցնելու հրատապությունը: Այսինքն, այդ խնդիրը միայն Սերժ Սարգսյանի խնդիրը չէ, այլ նաեւ նրա շուրջը հավաքված եւ նրան պահող օլիգոպոլիստների եւ մոնոպոլիստների խնդիրը, հետեւաբար նրանք Սերժ Սարգսյանից պակաս չպետք է շահագրգռված լինեն իրավիճակի արագ փոփոխության հարցում` չկտրվելու կամ չկոտրվելու համար:

Բարեփոխումները կենսական անհրաժեշտություն են դարձել ոչ միայն պետության, հասարակության, այլ նաեւ օլիգոպոլիստների եւ մոնոպոլիստների համար, որովհետեւ եթեիրավիճակը փլվի, ապա փլվելու է նաեւ իրենց գլխին: Դղյակները, թիկնապահներն ու զրահապատ ավտոշարասյունները չեն օգնի: Իհարկե, կա արտասահման փախչելու տարբերակը, այնտեղ վայելելով այստեղ կուտակած հարստությունը: Բայց, նախ այդ վայելքի տարբերակն է հարաբերական, որովհետեւ անգամ արտասահման փախչող դիկտատորներին են տասնամյակներ անց ձերբակալում եւ դատապարտում, ուր մնաց օլիգոպոլիստների եւ մոնոպոլիստների, եւ առավել եւս տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ փոքրացող աշխարհում: Եվ դրանից բացի, ի վերջո անհնար է ամբողջությամբ փախչել Հայաստանից: Եթե բանը փախուստի հասավ, ապա արդեն դրվում է ընդամենը ֆիզիկական փրկության խնդիր:

Ինչ իմաստ ունի որեւէ մոնոպոլիստի կամ օլիգոպոլիստի համար իրավիճակը հասցնել այդ աստիճան սրության, եթե կարելի է դրանից խուսափել` սրելով երկրի առաջ պատասխանատվության զգացումը: Կարելի է վստահաբար ասել, որ նրանցից իհարկե ոչ բոլորի, բայց գոնե մի զգալի մասի մոտ այդ զգացումը կարող է լինել: Դա էլ երեւի արդարության նման մի բան է` հիվանդանում է, բայց չի մեռնում: Իսկ մի քանի օլիգոպոլիստի կամ մոնոպոլիստի պատասխանատվության զգացումի առողջացումն ու ամբողջական դրսեւորումը կարող են երկրում իրավիճակը փոխել արմատապես: Բանն այն է, որ նրանք չունեն կոտրվելու կամ կտրվելու հեռանկարին դիմադրելու հեռանկարային` միջնաժամկետ եւ առավել եւս երկարաժամկետ շանս, փոխարենը ներկայում նրանք ունեն իրավիճակը փոխելու եւ փլուզումից զերծ պահելու թերեւս վերջին, բայց գուցե պատմական մի հնարավորություն, ինչն էլ նրանց համար հանրության մոտ կարող է դառնալ “նրբացուցիչ դեպք հանցանաց”:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: