Wednesday, April 13, 2011

Էրդողանի կուսակցությունը հայագետ թեկնածու է առաջադրել` Ցեղասպանության դեմ պայքարի նպատակով

HayNews.am. 13-4-2011- Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP), որը գլխավորում է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը, Անկարայում առաջադրել է հայերենին տիրապետող պատմաբան թեկնածուի, հայտնում է թուրքական «Ջիհան» գործակալությունը:
Անկարայի համալսարանի պատմագիտության բաժնի դասախոս պրոֆ. Սևիթ Սերթչելիքը կմասնակցի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ընտրություններին ԱԶԿ-ի ընտրացուցակներով, Անկարայի երկրորդ ընտրատարածքում:
Վերջինս տիրապետում է հայերենի և դոկտորի կոչում է ստացել Ռուսաստանում: «Ջիհանի» փոխանցմամբ, Սերթչելիքը Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի պետական արխիվներ մուտք գործած և հայերեն իմացող առաջին թուրք պատմաբանն է:
Սերթչելիքը հեղինակել է «Հայկական և ռուսական աղբյուրների լույսի ներքո Հայկական հարցի առաջացումւ 1678-1914 թվականներին» գիրքը, որը թուրքերեն և անգլերեն տարբերակներով տպագրվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից:
Վերջինս իր անձնական կայքում նախընտրական քարոզարշավի շրջանակներում մի հայտարարություն է տեղադրել, որում նշել է, թե «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից առաջ պետք է պայքարել հայկական պնդումների և քարոզչության, փոխհատուցման և հողային պահանջների դեմ»:
Նշենք, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Adalet ve Kalkınma Partisi կամ AKP) չափավոր իսլամամետ քաղաքականություն վարող թուրքական կուսակցություն է: Հիմնադրվել է 2001 թվականին Թուրքիայի ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողանի, նախագահ Աբդուլլահ Գյուլի և նրանց մի շարք համախոհների կողմից: Թուրքիայի Ազգային մեծ ժողովում 2002 թվականից խորհրդարանական մեծամասնություն է կազմում (ԹԱՄԺ-ի 550 պատգամավորական մանդատներից 332-ը պատկանում է ԱԶԿ-ին):
Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարվա հունիսի 12-ին:

No comments: