Wednesday, April 13, 2011

ԵԽԽՎ-ն հորդորում է Ադրբեջանին կատարել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում ստանձնած պարտավորությունները

Panorama.am. 13-4-2011- Նախօրեին ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունը շրջանառության մեջ է դրել բանավոր հայտարարության տեքստ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև հրադադարի մասին համաձայնության գալուց հետո Ադրբեջանը ջանքերը չի խնայում սրելու անկայուն իրավիճակը` այդպիսով խոչընդոտելով Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Մենք, ներքոստորագրյալներս, խիստ անհանգստացած ենք Ադրբեջանի շարունակական բնույթ կրող քաղաքականությամբ` հրահրել հակամարտության կարգավորումը պատերազմական գործողություններով , ինչն արտահայտվում է պատերազմի քարոզչությամբ, ռազմական բյուջեի ավելացմամբ, սպառազինման վերահսկողության մասին համաձայնագրերի խախտմամբ, ուժի կիրառման սպառնալիքներով ու ուժի կրառմամբ:
Լեռնային Ղարաբաղը 1989թ-ից շրջափակման մեջ պահող Ադրբեջանի միլիտարական հռետորաբանության հաջորդ օրինակը վերջին շրջանում արված թշնամական հայտարարություններն են այն մասին, թե այդ պետությունը կռմբակոծի Ստեփանակերտի օդանավակայանի քաղաքացիական ինքնաթիռները: Այս իմաստով ցանկանում ենք հիշեցնել, որ Ադրբեջանը հանդիսանում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության անդամ, որի շրջանակում էլ պարտավորվել է չռմբակոծել քաղաքացիական ինքնաթիռները:
Հայաստանը շարունակաբար առաջարկում է դուրս բերել շփման գծից դիպուկահարներին, սակայն Ադրբեջանը ցուցադրաբար մերժում է դա: Ինչ վերաբերում է երեխայի մահվան հանգամանքներին, ապա դա միտումնավոր է օգտագործվում Ադրբեջանի կողմից, որպեսզի խուսափի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված պարտավորություններից և փոխվստահության ամրապնդմանն ուղղված ձեռք բերված վերջին համաձայնությունից:
Վեհաժողովը հորդորում է Ադրբեջանին կատարել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում ստանձնած պարտավորությունները»:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ` 2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձևերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը և կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:

No comments: