Wednesday, April 13, 2011

Ադրբեջանը քաղաքակրթության համար պատուհաս է. հուշարձանագետ

Tert.am. 13-4-2011- Հայկական հուշարձանները Ադրբեջանում ոչնչացվել են խորհրդային շրջանում, Արցախյան ազատամարտի տարիներին և ազատամարտից հետո։ Այս մասին այսօրվա ասուլիսին ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը՝ նշելով, որ ադրբեջանցիները չեն կարող հավաստել, թե հուշարձանները ոչնչացվել են ռազմական գործողությունների հետևանքով, քանի որ դրանցից շատերը գտնվել են ռազմաճակատից շատ հեռու։
Ներկայիս Ադրբեջանի տարածքի հուշարձանների ուսումնասիրության արդյունքում տվյալներ կան անցյալ դարի 70-ականների վերջերի ավերումների մասին։ «Հայկական հուշարձանների նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքը՝ որպես պետական մոտեցում, ակնառու էր դեռ խորհրդային ժամանակներից»,- ասաց հուշարձանագետը։ Այդ ժամանակ, սակայն, դա ծպտյալ բնույթ էր կրում. հակակրոնական գաղափարախոսությունից օգտվելով քանդում էին բազմաթիվ եկեղեցիներ, սակայն ոչ մի մզկիթ չէին քանդում, ավելին, կառուցվում էին նորերը։
«Նյութական մշակույթի ոլորտում ազատամարտից հետո մեր կորուստներն աննախադեպ էին,- ասաց Կարապետյանը՝ նշելով, որ ադրբեջանցիներն իրենց ծագման մասին իրենց հորինած պատմական թեզն ապացուցելու համար հայկական մշակույթը վերագրեցին աղվաններին և, այնուամենայնիվ, շարունակեցին ավերել։
«Ազատամարտից հետո պարզ դարձավ, որ ելուզակները քանդել էին գերեզմանները, պայթեցրել եկեղեցիները»,- ասաց նա։ Այստեղ կործանվում է հատկապես ակնառու հայկական շերտը՝ մատուռներ, վանքեր, եկեղեցիներ, խաչքարերով գերեզմաններ, որպես կանոն բերդերը, կամուրջները և այլ կառույցներ օգտագործվում են, ուղղակի դրանց վրայից քերում են հայկական արձանագրությունները, իսկ Գանձակի՝ Գյանջայի, սուրբ Հովհաննես մայր եկեղեցին հիմա կամերային երաժշտության դահլիճ է։ Ըստ հուշարձանագետի՝ «մեր հարևան երկիրը քաղաքակրթության պատուհաս է. մեծ հաշվով սա մեր կորուստն է, բայց նաև կորուստ է համայն աշխարհի քաղաքակրթության համար։ Նրանք և´ քանդում են, և´ նախահարձակ են լինում փաստերի խեղաթյուրումով»։

Նա պատմեց, որ հայերին մեղադրում են Աղդամ քաղաքում իբրև թե երկուհարյուրամյա վաղեմություն ունեցող գերեզմանոց քանդելու մեջ, սակայն իրականում նույնիսկ համացանցում իրենց դրած նկարների վրա ռուսատառ արձանագրությունների հետ միասին ընթերցվում են տարեթվերը, որոնք հավաստում են, որ դրանք անցյալ դարի 30-40-ական թվականների են։

Հուշարձանագետը փաստեց, որ Ադրբեջանի պարագայում ավելի դժվար է թարմ տվյալներ ստանալ, քան Արևմտյան Հայաստանից. Ադրբեջան որևէ հայի համար անհայտ ժամանակով ճանապարհները փակ են։ Նա պատմեց, որ այս հուշարձաններին նվիրված «Վարձք» հանդեսի վերջին համարում տպագրված լուսանկարներից գրեթե ոչ մեկը հայի չի պատկանում. դրանք արտասահմանի և ադրբեջանցի հեղինակների գործեր են, որ նվիրվել են կամ գնվել, կամ ներբեռնվել են Google-ի որակյալ տարածքների լուսանկարները։

Կարապետյանը տեղեկացրեց, որ կբացվի ցուցահանդես «Քաղաքակրթության թշնամին» խորագրով, որ գուցե աշխարհին հասցնելով՝ կարող է կանխել հետագա բարբարոսությունները։ «Այն, ինչ ներկայացված է այս հանդեսում, մի փշուր է. շատ հուշարձաններից ոչ լուսանկար ունենք, ոչ էլ կարող ենք Google-ից դուրս բերել, քանի որ բոլոր տարածքները չի, որ որակի տակ են»,- ասաց նա։

Կուրի ձախ ափում, ըստ նրա, հաշվառվել է 3000 հայկական հուշարձան, Հյուսիսային Արցախում՝ 6000, և կարելի է ենթադրել, որ ընդհանուր թիվը կլինի կրկնակին։

«Պետք է հազարավոր դատական հայցերով դիմել միջազգային ատյաններին, կպչել Ադրբեջանի գրպանին, մինչև գրպանին չկպչես, չեն դադարի»,- նշեց նա։

No comments: