Thursday, April 14, 2011

Շարմազանովը թարմացնում է Դավութօղլուի հիշողությունը

Panorama.am. 13-4-2011- «Թուրք նախարարը, Չավուշօղլուի օրինակով, արդեն որերորդ անգամ, եվրոպական կառույցում ունեցած դիրքը «խառնում է» Թուրքիայում ունեցած իր պաշտոնի հետ՝ մոռանալով, որ ղեկավար պաշտոն է զբաղեցնում ժողովրդավարության հիմնարար արժեքներ կրող միջազգային կառույցում, ինչը վերստին ապացուցում է, որ իրենք բավականին հեռու են եվրոպական արժեքներից»,- մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարարի՝ ԵԽԽՎ ամբիոնից հնչեցված հայտարարությունը՝ Panorama.am-ին հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին, մասնավորապես հայտարարել է, թե Հայաստանի սադրիչ գործողությունները չեն նպաստի ԼՂ խնդրի քաղաքական լուծմանը:
«Եվ ընդհանրապես, Թուրքիան կամ այդ երկրի արտգործնախարարը չեն, որ պետք է խոսեն արցախյան հիմնախնդրի կարգավորումից ու «քիթները խոթեն այդ պրոցեսի լուծման մեջ»,- շեշտեց պատգամավորը:
Ըստ բանախոսի, եթե իսկապես նրանք ցանկանում են ԼՂ հիմնադրի խաղաղ կարգավորման գործընթացի համար օգտակար գործ կատարեն՝ ավելի լավ կանեն ընդհանրապես չառնչվեն այդ հարցին և այդ թեմայով որևէ հայտարարություն չհնչեցնեն:
«Եթե Պարոն Դավութօղլուն խոսում է սադրիչ գործողությունների մասին, ապա ես ևս մեկ անգամ կթարմացնեմ նրա հիշողությունները: Ի՞նչ է` նրանք մոռացել են այն սադրիչ գործողությունները, որը իրականացրեցին Հյուսիսային Կիպրոսում՝ օկուպացնելով Կիպրոսի տարածքի 38%-ը: Մոռացել է՞ արդյոք, թե ինչպես նրանց կրտսեր եղբայր ադրբեջանցիները 1990-ականներ սկզբին ԼՂ ժողովրդի արդարացի պայքարին հակադարձեցին ռազմական ագրեսիայով և օկուպացիայով»,- հավելեց Է. Շարմազանովը:

No comments: