Saturday, April 9, 2011

Օդանավերը ոչնչացնելու Բաքվի հայտարարությունը տրամադրությունների շոշափումն էր. փորձագիտական դիտարկումներ

Tert.am. 8-4-2011- Պաշտոնական Բաքվի այն հայտարարությունը, թե իրենք կոչնչացնեն Ստեփանակերտ վայրէջք կատարող քաղաքացիական ինքնաթիռները, միջազգային հանրության տրամադրությունները պարզելու նպատակ ունեին։ Մի քանի փորձագետների՝ այսօր հրավիրած ասուլիսին հայտարարեց ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:
«Պաշտոնական Բաքվի այդ հայտարարությունը ցույց տվեց, որ անկախ նրանից, թե ինչ հումանիստական մոտեցումներով են շարժվում գերտերությունները, այնուամենայնիվ, հասկանալով, որ Ադրբեջանի կողմից նման քայլը կբերի պատերազմի՝ նրանք դիվանագիտական զսպման մեխանիզմներով հասկացրին Ադրբեջանին, որ նման քայլը չի ներվի, չի մարսվի»,- ասաց նա։
Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննսիյանն էլ կարծիք հայտնեց, որ ադրբեջանցիների համար տեխնիկապես շատ դժվար է հարթավայրից լեռնային պայմաններում թռչող ինքնաթիռ ռմբակոծելը: «Չնայած դրան՝ Ադրբեջանը արցախյան պատերազմի ժամանակ կարողացել է խոցել երեք քաղաքացիական ինքնաթիռ, որոնցից մեկը անմիջապես կործանվել է, մյուսը վթարային վայրէջք է կատարել, իսկ երրորդը կործանվել է վթարային վայրէջքից անմիջապես հետո։ Այնպես որ, եթե Ադրբեջանը ցանկանա նման բան անել, ապա կանի, քանի որ չունի զսպման ներքին շապիկ»,– ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը ինքնաթիռները ռմբակոծելու քայլը կկատարեր, եթե չլինեին վախն ու գերտերությունների արձագանքի հետ կապված մտահոգությունը։
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը փորձում է էսկալացիայի ենթարկել իրավիճակը, որպեսզի միջազգային հանրությանը ցույց տա, որ Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ: «Թե´ դիպուկահարներ պատրաստելու, թե´ սահմանում իրավիճակն արտակարգ դեպքերով պահելու մոտեցումը և թե ինքնաթիռները ոչնչացնելու հայտարարություններն ուղղված են հենց նրան, որ միջազգային հանրությանը ցույց տան, որ ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ»,- ասաց նա։
Հայագետ Ալվինա Աղաբաբյանն էլ խոսեց Ադրբեջանի տեղեկատվական դաշտի մասին՝ կարծիք հայտնելով, թե «վերջին տասը տարիների ընթացքում Ադրբեջանի տեղեկատվական դաշտում որևէ փոփոխություն չի եղել»։ «Այսօր էլ այն նույն հայատյաց, հակահայկական քարոզչությունն է, ինչ տարիներ առաջ: Նման քարոզչությունը, որի մեջ ապրում է ադրբեջանական հասարակությունը, կարող է բերել ծանր հետևանքների»,- ասաց նա։

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Վահրամ Միրաքյանը հավելեց Աղաբաբյանին՝ ասելով, որ օդանավերը ռմբակոծելու հայտարարությունները ներքին քարոզչության, ներքին սպառման թեզեր են: «Բայց հարց է առաջանում, թե ի՞նչ կարող է լինել, երբ մեր հարևանությամբ ապրում է այնպիսի հասարակություն, որը կարիք ունի հակահայկական քարոզչության»,– ասաց նա։

No comments: