Saturday, April 30, 2011

Թինա Քեյդենաուն մտահոգություն է հայտնել Հայաստանի տնտեսական իրավիճակի շուրջ

«NEWS.am» 29/04/2011: ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Թինա Քեյդանաուն կարեւոր է համարում Հայաստանում ժողովրդավարական գործընթացների շարունակականության ապահովումն ու Ընտրական օրենսգրքի բարեփոխումը: Այս մասին նա հայտարարել է այսօր` ապրիլի 29-ին Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հ. Աբրահամյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առկա հարաբերությունների մակարդակը: Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տարբեր ոլորտներում ցուցաբերվող աջակցության համար:
Քեյդենաուն ողջունելի է համարել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ կազմակերպված բաց եւ թափանցիկ քննարկումները, փոխարենը մտահոգություն է հայտնել Հայաստանի տնտեսական իրավիճակի շուրջ եւ նշել, որ իրենց նպատակն է աջակցել Հայաստանին առաջընթաց ապահովելու գործում:
Անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին` ԱԺ նախագահը նշել է, որ Սերժ Սարգսյանը երկրում երկխոսության եւ հանդուրժողականության մթնոլորտ հաստատելու համար արմատական քայլեր է կատարում:
Հովիկ Աբրահամյանը հույս է հայտնել, որ մինչեւ մայիսի վերջ, խորհրդարանական ընտրություններից մոտ մեկ տարի առաջ խորհրդարանը կընդունի բարեփոխված ընտրական օրենսգիրքը, իսկ մինչ այդ, մայիսի սկզբին Վենետիկի հանձնաժողովի անդամների մասնակցությամբ Ազգային ժողովում կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ:

No comments: