Tuesday, May 3, 2011

WikiLeaks-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԲԵՆ ԼԱԴԵՆ

«Lragir.am», 03/05/2011: Շատ փորձագետներ են նշում, որ Ուսամա Բեն Լադենի ոչնչացումը կբարձրացնի ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի վարկանիշը, ինչը նրա համար շատ կարեւոր է արդեն իսկ մեկնարկած նախագահական երկրորդ ժամկետի արշավի ընթացքում:
Բայց, թերեւս միամիտ կլինի կարծել, որ Օբաման Բեն Լադենին ոչնչացնելով լուծում էր վարկանիշի խնդիր: Ի վերջո, ԱՄՆ նախագահի ընտրությանը դեռեւս կա ավելի քան մեկ տարի ժամանակ: Ինչքան էլ այժմ ուրախացած լինեն ամերիկացիները, միեւնույն է, մեկ տարվա ընթացքում այդ ուրախությունը զգալի նվազելու է, հետեւաբար անցնելու է նաեւ այդ տեղեկատվության վարկանիշային էֆեկտը:

Ամերիկացիները Օբամայից շարունակելու են պահանջել երկրի տնտեսության լրջագույն խնդիրների լուծում: Ու եթե այդ հարցերում Օբաման չլինի արդյունավետ, ապա ընտրությունից ավելի քան մեկ տարի առաջ սպանված Բեն Լադենը չի կարող շատ “օգնել” նրան:

Այլ խնդիր է իհարկե, եթե Բեն Լադենի սպանությունն ունենա այսպես ասած հակադարձ “էֆեկտ”: Իսլամական արմատական կազմակերպություններն արդեն իսկ սպառնալիքներ են հնչեցրել, որ ԱՄՆ-ից վրեժխնդիր են լինելու Բեն Լադենի սպանության համար: Այլ կերպ ասած, աշխարհում ամերիկացիների համար կարող է մեծանալ անվտանգության սպառնալիքը: Իսկ անվտանգության սպառնալիքը մի իրողություն է, որն ունի հասարակության մեջ կոնսոլիդացիայի ապահովման ներուժ եւ տալիս է կառավարելիության աստիճանի մեծացման հնարավորություն: Չի բացառվում, որ նախագահ Օբամայի թիմը պարզապես փորձի խաղարկել անվտանգության թեման, ուշադրությունը որոշակիորեն շեղելով սոցիալական թեմաներից:

Սակայն, երեւի թե սխալ կլինի Բեն Լադենի հետ պատահածը պայմանավորել միայն ԱՄՆ ներքին սպառումով եւ նախագահ Բարակ Օբամայի ներքաղաքական հաշվարկներով: Ի վերջո, տեղի ունեցածը կարծես թե բավական լուրջ իրողություն է միայն այդ շրջանակներում սահմանափակվելու համար: Սպանելով Բեն Լադենին, Ամերիկան փաստացի դրսեւորում է ահաբեկության դեմ պայքարում իր արդյունավետությունն ու ամենահասությունը:

Օբաման հայտարարել է, որ Բեն Լադենի չեզոքացումը վկայեց, որ չկա մի խնդիր, որը ԱՄՆ դնի իր առաջ եւ չկարողանա հասնել դրան: Թերեւս աներկբա է, որ ԱՄՆ աշխարհին ցույց է տալիս իր ամենակարողությունը, իր ուժը: Ընդ որում, այդ ցուցադրությունը տեղի է ունենում բավական “էպոխալ” հարթության վրա:

Թերեւս աներկբա է, որ աշխարհը Բեն Լադենով, եւ աշխարհն առանց Բեն Լադենի, շատ տարբեր իրողություններ են: Ուսամա Բեն Լադենը բավական մեծ տեղ էր գրավում աշխարհաքաղաքական համակարգում: Երբ այդ տեղը դատարկվում է, բնականաբար հարց է առաջանում, թե ինչով է լցվելու այն, կամ էլ` թե ինչպես է դեֆորմացվելու կամ տրանսֆորմացվելու աշխարհաքաղաքական համակարգը առանց Բեն Լադենի:

Թերեւս կարելի է ասել, որ WikiLeaks-ից հետո ԱՄՆ աշխարհաքաղաքականության սուբյեկտներին է մատուցում երկրորդ անակնկալը` հանում է Բեն Լադենին: Այնպիսի տպավորություն է, որ Միացյալ Նահանգները զբաղված է աշխարհաքաղաքականության “անոթները” մաքրելով, կամ մաքրելու փորձով: Չի բացառվում, որ մաքրման որոշակի ծավալից հետո դրանց մեջ ներարկվի նոր “նյութ”, որը կարող է էապես փոխել աշխարհում “արյան շրջանառությունը”:

Ու շատ հավանական է, որ “ծեր սրտերը” այդ ամենին պարզապես չդիմանան եւ այն հասարակությունները, որոնք իրենց կյանքը խարսխում են դարերից եկող պատկերացումների վրա, գործնական ոչինչ չանելով արդիականանալու, երիտասարդանալու համար, կարող են դարերից գալ, բայց չգնալ “դեպի դարերը նորից”, ինչպես կասեր բանաստեղծը:

Ըստ երեւույթին, այստեղ մտածելու բան ունի նաեւ հայ հասարակությունը, որովհետեւ հայության կյանքն էլ առավելապես կառուցված է դարերի “խորքից” եկող պատկերացումների վրա: Դա ինքնին վատ չէ իհարկե: Վատը թերեւս այն է, որ կարծես թե ամեն անգամ այդ պատկերացումների հետեւից հայությանը հարկ է լինում գնալ դարերի խորք, ու ինչպես հատուկ է հայերին` պատկերացումներն ուղարկում են ներկա, իսկ իրենք մնում են դարերի խորքում:

Աշխարհում ընթացող “արյան շրջանառության” նոր ռիթմի պարագայում առիթմիայից խուսափելու համար հայ հասարակության առաջ էլ կանգնած է իր “անոթները” արագ կարգով մաքրելու եւ սեփական “արյան” բնականոն “շրջանառության”, այլ կերպ ասած` երիտասարդանալու հրատապ խնդիրը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: