Tuesday, June 7, 2011

Քաղաքական հեշտապար

«Լրագիր» 7-6-2011- Հայաստանի քաղաքական դաշտում այժմ ձեւավորվել է մի իրավիճակ, որը կամ Սերժ Սարգսյանի այսպես ասած հաջողակության` բախտավորության, կամ էլ հնարամտության, հեռատեսության վկայությունն է: Բանն այն է, որ այժմ մի վիճակ է, երբ ներքաղաքական գործընթացների թիրախը ոչ թե Սերժ Սարգսյանն է, այլ Հայ ազգային կոնգրեսը կամ Դաշնակցությունն ու Ժառանգությունը:
Ժառանգությունն ու Դաշնակցությունը ստանձնել են Կոնգրեսի բուռն քննադատությունը, նրան մեղադրելով իշխանության հետ դավադիր գործարքի գնալու համար, իսկ Հայ ազգային կոնգրեսն էլ տարբեր առիթներով նրանց է մեղադրում կամ իշխանության, կամ Ռոբերտ Քոչարյանի հետ գործակցելու, կամ էլ ջրաղացին ջուր լցնելու համար: Կամ էլ կողմերը ծաղրում են իրար, չարախնդում, հեգնում, մերկացնում, իսկ Սերժ Սարգսյանը հանգիստ հետեւում է այդ հեշտապարին` ստրիպտիզին, ու ժամանակ առ ժամանակ էլ յուղ լցնում կրակի վրա:

Ու հետաքրքրական է այն, որ ասենք Կոնգրեսին իշխանության հետ գործարքի համար մեղադրող Ժառանգությունը եւ Դաշնակցությունը կարծես թե չեն կարողանում իշխանության առաջ առավել բարդ խնդիր դնել, քան ասենք դնում է Կոնգրեսը: Բայց տպավորությունն այնպիսին է, որ չեն էլ ուզում, այլապես հազիվ թե էներգիայի մի զգալի պաշար ուղղեին Կոնգրեսի հետ անիմաստ վիճաբանությանը:

Զուտ կուսակցական քաղաքական շահի տեսանկյունից, իհարկե, այդ վիճաբանությունն անիմաստ չէ, այլ պայքար է քաղաքական արեւի տակ տեղ ունենալու համար: Բայց եթե խոսքը հասարակական շահի մասին է, ապա փոխադարձ մեղադրանքներին ուղղվող էներգիան կարելի է ծախսել պարզապես այսպես ասած այլընտրանքային ուղիներ մշակելու եւ իրականացնելու վրա, կամ եղածը, կամ արդեն սկսածն առավել հարստացնելու, ընդլայնելու վրա:

Համենայն դեպս, պետք է որ բոլորը գիտակցած լինեին արդեն, որ փոխադարձ մեղադրանքներն ընդամենը շահեկան են իշխանության համար:

Մյուս կողմից, սակայն, ինչպես ասում են` չկա չարիք, առանց բարիքի. մոտ քսան տարիների ընթացքում Հայաստանի քաղաքական դաշտում այնքան ժամկետանց “ապրանք” ու “թափոն” է գոյացել, որ դրանք հնարավոր է արագորեն հայտնաբերել միայն փոխադարձ մեղադրանքների միջավայրում: Մնում է, որ հասարակությունը կարողանա դրանից հետո արագորեն ձերբազատվել հայտնաբերվածից, որպեսզի նոր որակի քաղաքականության պահանջարկն ունենա առավել լիարժեք դրսեւորվելու դաշտ: Իսկ երբ դրսեւորվի, ապա այդ պահանջարկը բավարարող առաջարկը ամենեւին չի ուշանա, առավել եւս, որ կա առաջարկի հսկայական պոտենցիալ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: