Sunday, June 26, 2011

Հայ առաջնորդի դեմ մահափորձ կազմակերպելու համար թուրք հատուկջոկատայինի դեմ նոր գործ է հարուցվել

News.am. 26-6-2011- Թուրքիայում «Էրգենեկոն»-ի գործով անցնող մեղադրյալ, Հատուկ նշանակության զորքերի նախկին փոխհրամանատար Իբրահիմ Շահին եւ նրա հետ համագործակցած Գարիփ Իրֆան Թորունի դեմ նոր դատական գործ է հարուցվել։
Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի հատուկ իրավասություններով դատախազ Քասըմ Իլիմօղլուի կողմից կողմից Իբրահիմ Շահինի եւ Գարիփ Իրֆան Թորունի դեմ գործ է հարուցվել՝ «Էրգենեկոն» ահաբեկչական կառույցի անդամ լինելու եւ Մինաս Դուրմազգյուլերի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով։ Դատախազի կողմից կազմած մեղադրականը բաղկացած է 10 էջից։
Նշենք, որ «Էրգենեկոն»-ի գործով ընթացող դատավարության ժամանակ հայտնի է դարձել, որ Իբրահիմ Շահինը եւ Էրսին Գյոնենջիի միջոցով հրահանգել է Էմրահ Գյոնենջիին՝ իմանալ Սըվազի նահանգի հայ համայնքի առաջնորդ Մինաս Դուրմազգյուլերի հասցեն՝ նրան սպանելու համար:
Հայտնի է դարձել, որ Սըվազի հայերի առաջնորդի դեմ մահափորձ կազմակերպելու համար Իբրահիմ Շահինը կապի մեջ է եղել 12 հոգու հետ։
Հիշեցնենք, որ «Էրգենեկոն»-ը ենթադրյալ ահաբեկչական գաղտնի կառույց է, որի նպատակներից է եղել Թուրքիայում քաոս ստեղծելու միջոցով հեղաշրջում իրականացնել: «Էրգենեկոնի» ծրագրերի մեջ է եղել Պոլսո Հայոց պատրիարքի, Սեբաստիայի հայ համայնքի ղեկավարի սպանությունները կազմակերպելը:

No comments: