Monday, September 19, 2011

Ա. Զաքարյան. Ադրբեջանը հոգնեցնում է

Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում տեղի ունեցած զարգացումների մասին Panorama.am-ը զրուցեց ԱԺ պատգամավոր, կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովում Սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի համանախագահ Արտակ Զաքարյանի հետ:

-Պարոն Զաքարյան, Ստրասբուրգում կայացած նորաստեղծ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում նախատեսված էր ընդունել քաղաքական հանձնաժողովի կողմից պատրաստված զեկույցը, ինչը ի վերջո չընդունվեց: Ո՞րն էր պատճառը:
-Բրյուսելյան հիմնադիր նիստում որոշում էր կայացվել ընդունել «Արևելյան գործընկերության գագաթնաժողովի խորհրդատվությունների` մեծ սպասումներ հավակնոտ գործողությունների վերաբերյալ» թեմայով բազային զեկույց, որը պետք է ներկայացվեր ս.թ. սեպտեմբերի 29-ին Վարշավայում կայանալիք Արևելյան գործընկերության երկրորդ գագաթաժողովին: Զեկույցի համահեղինակներն էին Վրաստանը ներկայացնող պատգամավոր Դավիթ Դարչիաշվիլին և Եվրապառլամենտում ռումինացի պատգամավոր Տրայան Ունգուրյանուն: Մեր պատվիրակությունը բավականին երկար է աշխատել զեկույցի նախագծի գրեթե բոլոր դրույթների վրա: Մինչ լիագումար նիստը մենք ներկայացրել էինք 24 առաջարկներ, որոնք հիմնականում ընդունվել են, իսկ դրանցից որոշների շուրջ արվել են կոմպրոմիսային ձևակերպումներ: Զեկույցի նախագծի դրույթներից մեկը նշում էր միայն «տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության»սկզբունքը և մենք առաջարկել էինք այդ ձևակերպման փոխարեն գրել «միջազգայնորեն ընդունված բոլոր սկզբունքները» բառերը` ի նկատի ունենալով ինչպես ինքնորոշման իրավունքը, այնպես էլ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառումը: Ստրասբուրգում կայացած բազմակողմ քննարկումների և քաղաքական հանձնաժողովի նիստի արդյունքում եվրապառլամենտի մի շարք պատգամավորներ` Ջոն Թանոկը, զեկույցի համահեղինակ Տրայան Ունգուրյանուն, Յացեկ Սարյուզ-Վոլսկին, Լայմա-Լուսիյա Անդիկիենեն համատեղ, գրավոր կերպով ներկայացրեցին նաև երկրորդ առաջարկը, որով առաջարկվում էր ընդհանրապես հանել տեքստից վիճելի համարվող այդ դրույթն ամբողջությամբ: Այս առաջարկը ևս մեր համար ընդունելի էր և մենք համաձայն էինք հանուն զեկույցը փրկելու ընդունել բոլոր ողջամիտ առաջարկները, առանց իհարկե անտեսելու մեզ հետաքրքրող հարցերը: Ադրբեջանական, Վրացական, և Մոլդովական պատվիրակությունները կտրուկ դեմ էին բոլոր ներկայացված առաջարկություններին: Քանի որ ո՛չ մեր առաջարկը և ո՛չ էլ եվրապատգամավորների առաջարկը լիագումար նիստում քվեարկությամբ չհավաքեց անհրաժեշտ երկու-երրորդ ձայները, բնականաբար որպեսզի զեկույցում տեղ չգտներ ակնհայտորեն կողմնակալ և միջազգային սկզբունքները կոպտորեն ոտնահարող ձևակերպում, մեր պատվիրակությունը այն հայտարարեց որպես մեր երկրի անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող խնդիր և համաձայն կանոնադրության պահանջեց կոնսեսուս: Իսկ կոնսենսուս չգտնվեց ոչ լիագումար նիստում և ոչ էլ բյուրոյի նիստում, որտեղ մոլդովական պատվիրակությունը համաձայնվեց հայկական կողմի հետ, իսկ ադրբեջանական և վրացական պատվիրակությունները մնացին անդրդվելի` չուզենալով լսել անգամ ինքնորոշման իրավունք և ուժի չկիրառում բառերը: Դա բնականաբար մեջ համար անընդունելի էր: Բյուրոյի նիստում արձանագրվեց, որ ադրբեջանական կողմը չեկավ որևէ փոխզիջումային համաձայնության, ուստի այդ պատճառով լիագումար նիստը չընդունեց Եվրանեսթի համար կարևոր զեկույցը:

-Ձեր պատվիրակության տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, թե լիագումար նիստը պարզորոշ կերպով ցույց տվեց, որ փոխզիջման քաղաքական արվեստը որոշ պատվիրակությունների համար դեռևս անընկալելի և խորթ աշխատաոճ է: Կմանրամասնե՞ք` ինչին մասին է խոսք:
-Ես փորձեցի հակիրճ նկարագրել նիստի հիմնական ընթացքը: Բնականաբար բազմաթիվ քննարկումներում ծնվում էին առաջարկներ և նոր ձևակերպումներ: Այս հարցի քննարկման շուրջ եղան բազմաթիվ ելույթներ բոլոր պատվիրակությունների կողմից, մեր պատվիրակությունից Նաիրա Զոհրաբյանի, Լիլիթ Գալստյանի, Ստեփան Սաֆարյանի, Վահան Հովհանիսյանի և իմ ելույթներում հիմնավորումներ էին բերվում տարածքային ինտեգրման և ինքնորոշման իրավունքների հակադրության անթույլատրելիության մասին, ներկայացվում էին այն իրավիճակը, որն այսօր տիրում է շփման գծում, Ադրբեջանի կազանյան ձախողումը, ոչ կառուցողական քաղաքականությունը, տարածաշրջանային շրջափակումները և կոնֆլիկտի խաղաղ լուծման հետ կապված այլ ցավոտ հարցեր: Մեր պատվիրակության դիրքորոշումներին աջակցող այլ ելույթներ եղան հիմնականում եվրապառելամենտի ներկայացուցիչների և ուկրաինական որոշ պատգամավորների կողմից: Իսկ ադրբեջանական պետական քարոզչամեքենայի խորհրդարանական ներկայացուցիչները, գրավոր տեքստերից շարունակում էին կարդալ քսան տարիներ ի վեր տարածվող ստի, կեղծիքի և ապատեղեկատվության վրա կառուցված ելույթները: Այսպիսի մթնոլորտ, որին միացան նաև որոշ արևելյան գործընկերության որոշ պատգամավորներ, իհարկե ակնհայտորեն բերում է նրան, որ փոխզիջում և փոխադարձ հարգանքի վրա կառուցված ցանկալի մթնոլորտ ցավոք արևելյան գործընկերության խորհրդարանը Ստրասբուրգում չունեցավ:

-Ըստ ձեզ, որն է Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության իրականացրած քաղաքականության նպատակը, ի՞նչ է ի վերջո այդ ամենը տալիս Ադրբեջանին:
-Ինչպես բոլոր խորհրդարանական միջազգային կազմակերպություններում, այնպես էլ Եվրանեսթի ԽՎ-ում ադրբեջանցիները, գրեթե նույն կազմով, նույն առոգանությամբ և նույն ջանասիրությամբ արդեն իսկ հոգնեցնելու աստիճան ձանձրացրել են իրենց հիստերիայով: Մեծ հաշվով դա ոչինչ էլ չի տալիս, այն ավելի շատ արվում է որպեսզի հետո արդեն կարողանան խաբել իրենց հասարակությանը` էլ ավելի ռազմականացնելով ներքին քարոզչությունն ու հայատյացության ու անհանդուրժողականության մթնոլորտը: Նույնիսկ հիշում եմ մի դեպք, երբ ՆԱՏՕ-ի ԽՎ կոմիտեներից մեկում, ադրբեջանցի պատգամավորը շատ սովորական դարձած մի ելույթ ունեցավ, որը երևի միայն մենք էինք լսում /դահլիճը համարյա դատարկ էր/: Անմիջապես հետո այդ նույն պատգամավորը հարցազրույց տվեց իրենց տեղական կայքերից մեկին, նշելով թե ինչպիսի մեծ հավանության և ծափողջյունների արժանացավ իր ելույթը, և որ միջազգային հանրությունը Ղարաբաղին համարում է ագրեսոր և այլն, և այլն: Ահա թե ինչն է Ադրբեջանի բուն նպատակը` աղավաղել ներքին և արտաքին տեղեկատվական հոսքերը և իրենց համար ցանկալի պատկեր ստեղծել` հենվելով ամբողջությամբ ստի վրա: Մենք գիտեինք, որ այդ նույն հիստերիկ պահվածքը և ապակառուցողական, անհանդուրժողական միջավայրը նրանք փորձելու են ստեղծել նաև Եվրանեսթ ԽՎ-ում, ուստի երբ պատրաստվում էր կանունադրությունը և աշխատակարգերը, մենք միչև վերջ պնդեցինք, որ կենսական նշանակություն համարված հարցերի վերաբերյալ որոշումները կայացվեն միայն կոնսենսուսի սկզբունքով, ընդ որում դա մենք պնդել և ամրագրել ենք ինչպես բյուրոյի այնպես էլ լիագումար նիստերի համար: Եվ Ադրբեջանն առաջին իսկ նիստում բոլորին ապացուցեց, որ հայկական պատվիրակության նախկին պնդումներն իրավացի էին:

-Ստեղծված իրավիճակում, որո՞նք են պատվիրակության հետագա անելիքները:
-Գիտեք, ես ինչպես նաև պատվիրակության իր բոլոր գործընկերներն ափսոսում ենք, որ լիագումար նիստը զեկույցը չընդունեց, որովհետև, այն իրոք շատ լավ, օգտակար և հեռանակարային կարող էր լինել արևելյան գործընկերության բոլոր երկրների, ինչպես նաև ԵՄ անդամ երկրների համար: Ես իրոք ցավում եմ դրա համար, որ մենք շատ խնդիրներ կապված սոցիալական, գիտակրթական, էներգետիկ, տնտեսական ինտեգրման, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների և ազատությունների և իհարկե ժողովրդավարության ոլորտներում, արևելյան գործընկերության խորհրդարանական ձևաչափի համար թողեցինք չընդունված: Այդ փաստաթղթում, իր բոլոր գործընկեր երկրների հետ միասին մեծ հետաքրքրություններ ուներ նաև Հայաստանը: Սակայն գոյություն ունեն առաջնահերթություններ, որոնց անտեսելն իմ կարծիքով ուղղակի աններելի է: Եվրանեսթի ԽՎ զեկույցը չընդունեց, բայց դա չի նշանակում, որ Եվրանեսթը կորցրեց իր կարևորությունը: Ընդհակառակը, արևելյան գործընկերության խողովակները դրանք այն ուղիներն են, որով պետք է իրականացվեն անդամ երկրների եվրաինտեգրման գործընթացները: Եվրանեսթի ԽՎ բոլոր հանձնաժողովներն ընդունել են առաջիկա տարիների համար կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների ծրագիր-ժամանակացույցեր: Զորօրինակ այն հանձնաժողովը, որի համանախագահն եմ, ստրասբուրգյան իր նիստում հաստատել է առաջիկայում պատրաստվելիք երկու զեկույցների` արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության զարգացման և սոցիալական մեկուսացման և աղքատության դեմ պայքարի մասին թեմաները: Ես լինելու եմ նաև այս թեմաներից մեկի համազեկուցողը: Բացի այդ մեր հանձնաժողովը պետք է ուսումնասիր նաև ԲՈՒՀ-ական համակարգում ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների դիպլոմների համապատասխանեցման և համագործակցության հետ կապված խնդիրները: Կայացվել է որոշում առաջիկայում Եվրապառլամենտում կազմակերպել արևելյան գործընկերության երկրների մշակութային շաբաթ: Կան նաև երկարաժամկետի համար նախատեսված մի շարք ծրագրեր: Վերջում ցանկանում եմ նշել, որ Եվրանեսթի ԽՎ սոցիալական հարցերի, կրթամշակութային և քաղաքացիական հասարակության հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Երևանում` 2012թ. փետրվարի 20-ից 24-ը: Սա ևս հանձնաժողովի միաձայն որոշումն է:
Աղբյուր` Panorama.am.

No comments: