Tuesday, September 20, 2011

ՊՆ մամուլի քարտուղարը մեկնաբանել է ռուսական զորախմբի մասնակցությունը զորահանդեսին

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի պատասխանը News.am լրատվական կայքի հարցերին
– Սեպտեմբերի 21-ի զորահանդեսին մասնակցելու են նաև ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողները: Որն է դրա խորհուրդը:
– Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը մասնակցում է Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանը: Կարծում եմ` մեր հասարակության համար գաղտնիք չէ պաշտպանության ոլորտում հայ-ռուսական համագործակցության խոր հիմքերը, իսկ զորահանդեսին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումների կողքին 102-րդ ռազմակայանի զինծառայողների մասնակցությունը պետք չէ շահարկել:


– Արդյոք նպատակահարմար էր մեծ գումարներ ծախսել զորահանդեսի համար: Արդյոք դա չի արվում` ի պատասխան հունիսի 26-ին Բաքվում տեղի ունեցած զորահանդեսին:
– Սեպտեմբերի 21-ին կայանալիք զորահանդեսը ի ցույց է դնելու Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում բանակաշինության ձեռքբերումները: Ինչ վերաբերում է ծախսերին, ապա մեծ ծախսեր չեն կատարվել, քանզի ցուցադրվում է այն, ինչ արդեն կա Հայաստանի զինված ուժերում: Կարծում եմ` շահարկումների փոխարեն պետք է ուրախանանք մեր հաղթանակած ու կայացած բանակի հաջողություններով:
Ինչ վերաբերում է որոշ լրատվամիջոցներում տեղ գտած այն տեսակետներին, թե իբր սեպտեմբերի 21-ին կազմակերպվելիք զորահանդեսը պատասխան է Ադրբեջանում տեղի ունեցած զորահանդեսին, կարծում եմ նման մեկնաբանությունները տեղին չեն թեկուզ միայն այն պատճառով, որ հայկական բանակն իր ուժը և մարտունակությունը ցույց է տալիս ոչ թե միայն զորահանդեսներում, այլ այն ապացուցել և ապացուցում է գործնականում:

No comments: