Tuesday, September 20, 2011

Իլհամ Ալիեւը գործի է դրել փորձված մեթոդը. «Նախիջեւանի խանը» մեղադրվում է Հայաստանի հետ գործարարական կապերի ստեղծման մեջ

News.am. 20-9-2011- Ադրբեջանի Նախիջեւանի ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի ղեկավարի, «Նախիջեւանի խան» մականունով հայտնի Վասիֆ Թալիբովի անջատողական միտումները սկսել են լրջորեն անհանգստացնել նախագահ Իլհամ Ալիեւին: Դրա վառ ապացույցն է հանդիսանում այն հանգամանքը, որ ադրբեջանական մամուլում սկսել է շրջանառվել տեղեկություններ Վասիֆ Թալիբովի` Հայաստանի հետ ունեցած կապերի մասին: Այսպես, նրան մեղադրում են Հայաստանից Նախիջեւան ցեմենտ ներկրելու մեջ: «Դրան մասնակից է ինքնավար հանրապետության քաղաքական եւ ռազմական էլիտան, նրանք փաստորեն թշնամի երկրի` Հայաստանի հետ գաղտնի գործարարական կապեր են հաստատել»,-գրում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը:
«Նախիջեւանի խանի» դեմ սկսված քարոզչությունը փաստում է, որ Իլհամ Ալիեւը գործի է դրել իր փորձված մեթոդաբանությունը. նա յուրաքանչուր ազդեցիկ, իր համար անցանկալի պաշտոնյային հեռացնելուց առաջ սկսում է մեղադրել նրան Հայաստանի հետ ունեցած կապերի մեջ, որը որակվում է որպես ազգային դավաճանություն, իսկ դրան հաջորդում է այդ քաղաքական գործչի վտարումը քաղաքական ասպարեզից: Վասիֆ Թալիբովի պարագայում Հայաստանի հետ գործարարական կապերի ստեղծումն ուղղակի անհեթեթություն է, քանզի նա տնտեսապես կախված է գերազանցապես Թուրքիայից, իսկ Հայաստանի կարիքը բնավ էլ չունի: Նրա դեմ սկսված քարոզչությունը կապված է Իլհամ Ալիեւի` «Նախիջենանի խանին» հեռացնելու ծրագրերի հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Նախիջեւանում սկսել են լրջորեն անտեսել Բաքվի իշխանություններին: Վերջին շրջանում Նախիջեւան մեկնած բաքվեցիներին պարզապես վռնդում են ինքնավար հանրապետությունից, ինչպես դա տեղի ունեցավ Նախիջեւան ուղեւորված բաքվեցի լրագրողների եւ իրավապաշտպանների հետ:

No comments: