Monday, September 19, 2011

Թշվառ մտածողություն

Ինչի համար մեզ պետք է հարգի աշխարհը
«Լրագիր» 19-9-2011- Սեպտեմբերի 17-ին Երեւանի փոքր կենտրոնը ամբողջությամբ փակ էր երթեւեկության համար, գրեթե ամբողջ օրը, իսկ փոքր կենտրոնի շրջակայքն էլ բնականաբար գերծանրաբեռնված: Դրա պատճառը սեպտեմբերի 21-ին Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք ռազմական շքերթն է, որ անցկացվելու է Անկախության 20-ամյակի կապակցությամբ: Երեւանի փոքր կենտրոնը նույն կերպ փակվել է նաեւ սեպտեմբերի 19-ին, շքերթի փորձի նպատակով:
Ռազմական այդ շքերթը աննախադեպ մեծ է լինելու, ծավալուն: Այն շատերի մոտ նաեւ աննախադեպ հպարտություն է առաջացնելու, իսկ որոշ հաստիքային հայրենասերների էլ առիթ է տալու հերթական անգամ անցնել գործի ու “ներքին” եւ արտաքին թշնամիների բերանը փակել ասուլիսների սրահներով, բլոգներով, ու հին եւ նոր հեռահաղորդակցության այլ միջոցներով:
Իրականում սակայն այս աննախադեպ ծախսն ու շքեղությունը խոսում է այլ, հակառակ մի բանի մասին` թե որքան թշվառ է մեր մտածողությունը 21-րդ դարի համատեքստում: Գուցե թշվառը շատերի համար չափազանցված գնահատական թվա, բայց այլ կերպ դժվար է որակել այն հսկայական ծախսը, որ կատարվում է շքերթի վրա մի երկրում, որտեղ կա աղքատության, չքավորության, արտագաղթի եւ սոցիալական այլ լրջագույն խնդիրներ, որոնք լուծելու համար փող է պահանջվում: Անգամ այն դեպքում, երբ մեր մշակութային հուշարձանները ավիրվում են ու դառնում են “ծաղկաման”, իսկ պետությունն ու եկեղեցին էլ ասում են, թե փող չկա դրանք նորոգելու համար, ռազմական շքերթի վրա հսկայական ծախսը դառնում է որոշակի թշվառ մտածողության արտահայտություն:
Բանն այն է, որ նորոգված մշակութային հուշարձանը Հայաստանի համար թե մշակույթի, թե տնտեսության, թե քաղաքականության, թե բարոյահոգեբանության առումով շատ ավելի կարեւոր նշանակություն ունի, քան երկժամ տեւողությամբ այդ ցուցադրությունը, որն առավելապես ունի քարոզչական բնույթ եւ երկրի իրական կյանքի հետ, իրական ներուժի եւ իրական հզորության հետ ոչ մի կապ չունի:
Լավագույն վկայությունը Խորհրդային Միության ռազմական շքերթներն էին, երբ երկիրը քանդվում էր, իսկ ԽՍՀՄ իշխանությունն ամեն առիթով տարին մի քանի անգամ իբր իր ռազմանական հզորությունն էր ցույց տալիս, որն իրականում այդ շքերթային մասից դուրս` ժանգոտում էր եւ բարոյալքվում երկրի, ներպետական կյանքի բազմակողմանի սնանկության հետեւանքով:
Ռազմական շքերթներն ընդհանրապես ամբողջատիրական համակարգերի “այցեքարտն” են, երբ աշխարհին ու սեփական քաղաքացիներին ցույց տալու բան չունենալով, իբր ռազմական ուժն են ցուցադրում, մի կողմից հանրությանը իբր հպարտանալու առիթ տալով` “ոչինչ որ սոված եք, փոխարենը տեսեք ինչ բանակ ունեք”, եւ մյուս կողմից էլ թե հանրությանը, թե արտաքին աշխարհին գուցե զարմացնելով եւ սարսափեցնելով:
Իրականում, սակայն, 21-րդ դարում այդ ցուցադրականությամբ որեւէ մեկին չես զարմացնի, որովհետեւ պետության հզորություն ասվածը, այդ թվում բանակի հզորություն ասվածը, 21-րդ դարում սերտորեն կապվում է երկրի տնտեսական, քաղաքական եւ հասարակական համակարգերի հզորության հետ, իսկ բանակն ընդամենը այդ ամենի արդյունքն է, կամ այդ ամենի չգոյության հետեւանքը:
Արդյոք ճգնաժամից հազիվ ոտքի կանգնող Հայաստանն ուներ այդպիսի ցուցադրության կարիք, որը Հայաստանից անկասկած հսկայական փող է պահանջել, որի համար թերեւս տասնյակ միլիոններ են իրացվել: Թող որոշ հաստիքային հայրենասերներ չտաքանան, բայց երկրի ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակում նման մեծածախս զորահանդես կազմակերպելը ոչ այլ ինչ է, եթե ոչ հայկական ու ադրբեջանական կառավարող “էլիտաների” աշխարհայացքային ներդաշնակության, իրար արժանի լինելու վկայություն:
Ավելին, նավթի ու գազի մեջ լող տվող Ալիեւը, որի տնտեսությունն անգամ համաշխարհային ճգնաժամի գագաթնակետին անկում չարձանագրեց այդ նավթի ու գազի շնորհիվ, մի քանի ամիս առաջ իր իբր պետության անկախության տոնին զորահանդես կազմակերպեց, մի կողմից դարձյալ ամբողջատիրական ուղեղի դատարկության հետեւանքով, մյուս կողմից էլ թերեւս համոզված, որ Հայաստանում անպայման ընկնելու են իր խելքին եւ չեղած տեղից միլիոններ են ծախսելու, որ նույնը կրկնեն: Եվ Հայաստանի իշխանությունն անմիջապես արդարացրեց Ալիեւի հաշվարկը եւ ճգնաժամից մի կերպ ուշքի եկող տնտեսության վրա դրեց հսկայածավալ ռազմական շքերթի բեռը:
Նավթի ու գազի մեջ լող տվող Ալիեւը գուցե վաղը որոշի նույն հաշվարկից ելնելով տարին երեք անգամ շքերթ անի` Անկախությանը, մարտի 8-ին եւ հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության օրը: Ինչ, ուրեմն Հայաստանը պետք է ընկնի Ալիեւի խելքի՞ն: Իսկ այն, որ ներկայում հենց դրա հետ գործ ունենք, գրեթե աներկբա է, որովհետեւ Անկախության տոնը իրական եւ լիարժեք դարձնելու համար ամենեւին կարիք չկար ռազմական մեծածավալ շքերթ անցկացնել, եթե պետությունը գտնվում է տնտեսական ոչ այնքան բարվոք վիճակում: Ի վերջո, Հայաստանի համար շատ կարեւոր է ամեն մի կոպեկը ծախսել տասն անգամ ավելի օպտիմալ, քան Ադրբեջանը, որովհետեւ ներկայիս տնտեսական տարբերությունների եւ ռեսուրսների անհամարժեքության պայմաններում Հայաստանի շանսը պետական փողի գերօպտիմալ ծախսն է:
Ի դեպ, դա նաեւ հենց լինելու է թե մեր հասարակության, թե երկրի համար Հայաստանի հզորության առավել ցցուն ապացույց, քան նույն ռազմական շքերթը, որ խորհրդային տոտալիտարիզմի ընդամենը հերթական մնացուկն է անկախ Հայաստանում: Ի վերջո, Ադրբեջանը ոչ թե մեր շքերթից պետք է վախենա եւ զգուշանա, այլ մեր կյանքից, դրա բարձր որակից, մրցունակությունից, դրա արժեքային արդիական եւ հաստատուն հենքից:
Եվ նույնի, ոչ թե ռազմական շքերթի համար մեզ պետք է հարգի աշխարհը, առավել եւս այն պարագայում, երբ աշխարհի աչքի առաջ ենք ռուսներին տվել մեր անվտանգությունն ապահովելու իրավունքը: Դրանից հետո Հայաստանի համար արդեն ըստ էության բավական են մոսկովյան ռազմական շքերթները:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: