Saturday, March 20, 2010

ՂԱՐԱԲԱՂԻ ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏԸ

«Լրագիր» 20-3-2010- Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ վերջին շրջանում քարոզչական թեմատիկան բավական հետաքրքրական երանգ ստացավ: Առաջնային պլանում հայտնվեցին բանակցային ձեւաչափի փոփոխության մասին հայտարարությունները, ինչպես նաեւ անգամ համանախագահների մակարդակով ակտիվացան խոսակցությունները որպես բանակցող կողմ բանակցությանը Ղարաբաղի մասնակցել-չմասնակցելու մասին: Ըստ երեւույթին, հակամարտության կարգավորման միջնորդները մտմտում են Ղարաբաղին բանակցային սեղանին մոտ բերելու մասին: Դա կարող է տեղի ունենալ թերեւս երկու հիմնական պատճառով: Կամ Հայաստանն ու Ադրբեջանը շատ շուտով կստորագրեն հիմնարար սկզբունքների մասին համաձայնագիր, ու Ղարաբաղին կհրավիրեն դրա տակ ստորագրելու, որ ձեռնամուխ լինեն ընթացիկ դետալների քննարկմանը, կամ էլ պարզապես անհրաժեշտ է ինչ որ մի նոր հնար, որ շարունակվեն բանակցությունները: Բանն այն է, որ Հայաստան-Ադրբեջան ձեւաչափն ակնհայտորեն մտել է փակուղի եւ սպառվում է: Դրա համար գուցե մեղավոր են հենց միջնորդները, որոնք իրենց լավատեսության պաշարը ակնհայտորեն սխալ հաշվարկեցին ու մի քիչ շվայտ գտնվեցին այն գործածելու հարցում: Արդյունքն այն է, որ լավատեսությունն առաջ ընկավ կարգավորման գործընթացի արդյունավետությունից, ու հիմա առաջացել է յուրօրինակ կազուս, որից ելքը կարող է լինել ձեւաչափի փոփոխությունը: Հասկանալի է, որ համանախագահներն իրենք իրենց ձեռք չեն տա, այսինքն Մինսկի խմբի համանախագության կազմը չեն փոխի, այն էլ տնտեսական ճգնաժամի այս պայմաններում, երբ թանկ է ամեն մի աշխատատեղ: Դրա համար էլ թերեւս նրանք կմտածեն բանակցողների ձեւաչափը փոխելու մասին: Պարզ է, որ Ղարաբաղից բացի, ուրիշ հարմար ոչ մեկը չկա, որին բերեն բանակցային սեղանի մոտ: Այդ հարցում մի քիչ բարդություն կարող է լինել Ադրբեջանին համոզելու գործում, բայց երեւի թե այդ բարդությունը, ելնելով ներկայիս կազուսային վիճակից, հաղթահարելի է: Բանն այն է, որ եթե բանակցությունը մտնում է փակուղի, ապա Ադրբեջանին մնում է սկսել պատերազմ: Բայց Ալիեւի ինչին է պետք պատերազմը, եթե արտաքին ուժերը նրան նույնիսկ տան այդ համաձայնությունը, նրա առաջ մեղքի զգացումից ելնելով: Ալիեւի համար շատ ավելի հարմար է մասնակցել բանակցություններին, իսկ դրանցից ազատ ժամանակ էլ ռազմատենչ հայտարարություններ անել: Դա թե ավելորդ նյարդեր չի պահանջում, թե չի պահանջում ավելորդ ծախս: Գուցե համանախագահներն ինչ որ կերպ ապահովեն Ղարաբաղի այսպես ասած “ադրբեջանական համայնքի” ներգրավվածությունը գործընթացին, ասենք բանակցային սեղանին մոտ չբերեն Ղարաբաղի հետ, բայց մեկ մեկ իրենք գնան Բաքու, առավել եւս, որ ԵԱՀԿ գործող նախագահ Սաուդաբաեւը շաբաթներ առաջ իր տարածաշրջանային այցի ընթացքում գնաց Բաքու եւ հանդիպեց այդ “համայնքի” ներկայացուցիչների հետ: Այդպիսով Ալիեւը միգուցե սպասվածից էլ շուտ համաձայնվի, որ Ղարաբաղը դառնա բանակցության սեղանի մասնակից, կամ ներկայից ավելի մոտենա սեղանին: Ալիեւն օրինակ իր հասարակությանը կասի, որ այսօր Ղարաբաղը դարձավ մասնակից, վաղն էլ “ադրբեջանական համայնքը” մասնակից կդառնա: Այդպես կրքերը կհանդարտվեն եւ բանակցությունը նոր ձեւաչափի շնորհիվ կարող է տեւել եւս մի քանի տարի: Միայն թե համանախագահները նոր ձեւաչափի պայմաններում լավատեսությունն աջ ու ձախ չշռայլեն: Ի դեպ, հատկանշական է նաեւ հանգամանքը, որ օրերս ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը գնացել էր ԱԳՆ ու հանձնարարել, որ արտգործնախարարությունն ամեն ինչ անի Ղարաբաղը բանակցության մասնակից դարձնելու համար: Բակո Սահակյանին թերեւս հասել են ակնարկներ, որ միջնորդները մտմտում են այդպիսի հեռանկարի մասին` կամ հիմնարար սկզբունքները համաձայնեցրած վերջացրած լինելու, կամ բանակցությունը մի քանի տարի էլ այդ ձեւաչափով ձգելու նպատառումներից ելնելով: Այդ ակնարկները լսելով կամ զգալով էլ, ԼՂՀ նախագահը գուցե որոշել է կատարել մի քայլ, որը կարծես թե անպարտելի է ամեն դեպքում: Բանն այն է, որ եթե միջնորդների մտմտոց իսկապես կա եւ այն հաջողվի իրականացնել, ապա Բակո Սահակյանը կասի, թե ինքը գնաց ու ԱԳՆ-ին վճռական ձեւով հանձնարարեց, որ ամեն ինչ անեն Ղարաբաղը մասնակից դարձնելու համար, ու դրա շնորհիվ է, որ սառույցը շարժվեց: Դե, իսկ եթե միջնորդների մտմտոցը իրականություն չդառնա, ապա Բակո Սահակյանին դրանից ոչինչ չի լինի, որովհետեւ, ի տարբերություն ասենք հայ-թուրքական գործընթացում Հայաստանի իշխանության, Բակո Սահակյանը հանձնարարություն տալիս չի օգտագործել “ողջամիտ ժամկետ” արտահայտությունը: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: