Wednesday, November 9, 2011

Նոյեմբերի 22-23-ը Հայաստանում տեղի կունենա հայ-թուրքական բիզնես կոնֆերանսը

News.am. 9-11-2011- Նոյեմբերի 22-23-ը Հայաստանում տեղի կունենա հայ-թուրքական բիզնես կոնֆերանսը: Այս մասին հայտնել է միջոցառման կազմակերպիչ, «Աջակցություն հայ-թուրքական մերձեցմանը» նախագծի տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության խորհրդատու Արթուր Ղազարյանը:
Ծրագրի շրջանակներում անցկացվող կոնֆերանսը երկրորդն է` 2010թ. հուլիսին Երեւանում կայացած նմանատիպ հանդիպումից հետո: Երրորդը նախատեսվում է անցկացնել 2012թ. կեսերին Թուրքիայում:
Կոնֆերանսին, ինչպես սպասվում է, կմասնակցեն Թուրքիայի եւ Հայաստանի 30-35 գործարարներ:
«Լիագումար նիստի համար մենք նախատեսել ենք ընդամենը կես օր, ինչից հետո գործարարների գրաֆիկը առավելագույնս կլրացնենք հանդիպումներով: Մասնավորապես, կին գործարարները կմեկնեն Գյումրի, որտեղ կմասնակցեն «Շիրակ Էքսպո» մարզային ցուցահանդեսին:
Հայաստանի եւ Թուրքիայի ապրանքաշրջանառությունը 2010թ. կազմել է 212,1 մլն դոլար կամ Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության 4,4% -ը (2009թ. համեմատ առանձնակի փոփոխություններ չկան): Հայաստանից արտահանումը կազմել է շուրջ 1,3 մլն դոլար, ներմուծումը` 210,4 մլն:
«Աջակցություն հայ-թուրքական մերձեցմանը» նախագիծը մեկնարկել է 2010թ. հոկտեմբերի 1-ին եւ իրականացվում է Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության, «Եվրասիա» հիմնադրամի, Երեւանի մամուլի ակումբի եւ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից, թուրքական գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ: ԱՄՆ կառավարության աջակցությամբ անցկացվող ծրագիրը տնտեսական եւ հասարակական ոլորտներում համատեղ միջոցառումներ է նախատեսում:

No comments: