Monday, November 28, 2011

Իրանցի հոգևորականը ողջունել է ադրբեջանցի գրողի սպանությունը

Tert.am. 28-11-2011- Իրանցի հոգևորական այաթոլլա շեյխ Մուհամեդ Լանքյարանին ողջունել է օրեր առաջ Բաքվում տեղի ունեցած գրող–հրապարակախոս Ռաֆիկ Թագիի սպանությունը։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրանական Fazellankarani.com կայքը։
Լանքյարանին Թագիի սպանության կապակցությամբ շնորհավորել է ադրբեջանցի ժողովրդին և իր ուրախությունը հայտնել այն առնչությամբ, որ «մուսուլմանների մեջ հայտնվեց Բարձրյալի ձեռքը և դժոխք ուղարկեց Մարգարեին վիրավորած սրբապիղծին»։
«Անկասկած, այդ վճիռն իրականացնողը, որն ուրախացրել է մուսուլմաններին, մեծ նվեր է ստանալու Բարձրյալից։ Թող իմանան իսլամի թշնամիները, որ արժանավոր երիտասարդությունը թույլ չի տա նվաստացնել իսլամի սրբությունները… Ես շնորհավորում եմ մուսուլմանական աշխարհին և, նախ և առաջ, Ադրբեջանի ժողովրդին»,– ասել է իրանցի հոգևորականը։
Այաթոլլա շեյխ Մուհամեդ Լանքյարանին այաթոլլա Ֆազիլ Լանքյարանիի որդին է, որը 2006թ. «Եվրոպան և մենք» հոդվածի համար մահվան ֆեթվա (վճիռ) էր հրապարակել Ռաֆիկ Թագիի նկատմամբ։ Հոդվածում ադրբեջանցի գրողը քննադատել էր Մուհամեդ մարգարեին։
Օրեր առաջ Բաքվում հարձակման ենթարկված ադրբեջանցի գրող Ռաֆիկ Թագին մահացել է հիվանդանոցում։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին անհայտ անձինք փողոցում հարձակվել էին 61-ամյա Ռաֆիկ Թագիի վրա և դանակի մի քանի հարված հասցնելով նրան՝ դիել փախուստի:
Գրողը դեպքի վայրից ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ օրեր առաջ նա մահացել է։
2006թ. նոյեմբերին Ռաֆիկ Թագին ձերբակալվել էր ադրբեջանական «Սանաթ» թերթում «Եվրոպան և մենք» վերտառությամբ հոդվածը հրապարակելու համար: Հոդվածում հեղինակը քննադատել էր իսլամական արժեքները, ինչն էլ առաջացրել էր իսլամիստների զայրույթը: Իսկ 2007թ. Թագին 3-ամյա ազատազրկման էր դատապարտվել ՝ միջկրոնական ատելություն հրահրելու համար: Սակայն, այդ նույն տարվա դեկտեմբերին Ադրբեջանի նախագահի հրամանագրով գրողին ազատ էին արձակել:

No comments: