Wednesday, December 7, 2011

2012-ին ԵԱՀԿ-ում նախագահող երկու երկրների ԱԳ նախարարները կողմ են Մինսկի խմբի ջանքերին

News.am. 7-12-2011- 2012-ից ԵԱՀԿ նախագահությունն ստանձնող Իռլանդիան աջակցելու է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Այս մասին դեկտեմբերի 6-ին, Վիլնյուսում հայտարարել է Իռլանդիայի Եվրոպական հարցերով պետնախարար Լուսինդա Կրեյթոնը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել այս տարի Հայաստանի ԱԳ նախարարի Դուբլին կատարած այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի մասին: Նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Միացյալ թագավորության Եվրոպական հարցերով նախարար Դեւիդ Լիդինգթոնի հետ էր: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, տարածաշրջանային հարցերին: Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ենթատեքստում Դեւիդ Լիդինգթոնը ողջունել է ընդունված հնգակողմ հայտարարությունը (Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա):
Կիպրոսի արտգործնախարար Էռատո Կոզակով- Մարկովալիսի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման օրակարգում էին հայ-կիպրական բարեկամական հարաբերություններն առավել զարգացնելու ուղիները եւ տարածաշրջանային հարցեր: 2012 թ. երկրորդ կեսին ԵՄ-ում Կիպրոսի նախագահության ենթատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան- Եվրոպական միություն համագործակցության շուրջ:
Նշենք, որ Վիլնյուսում մեկնարկած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 18-րդ նիստին մասնակցում են ԵԱՀԿ անդամ 56 երկրների ԱԳ նախարարներ (այդ թվում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը), ինչպես նաեւ շուրջ 20 միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:

No comments: