Wednesday, December 7, 2011

ՀՀԿ-ն թող մի քիչ տանջվի

«Լրագիր» 7-12-2011- Մեկնկաբանելով ԲՀԿ հետ համագործակցելու Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկը, խորհրդարանի նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ով օրերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ տոնում էր վերջինիս հոբելյանը, ասել է, որ յուրաքանչյուր կուսակցություն ինքն է որոշում, թե որ կողմ կողմնորոշվի:
Իշխող Հանրապետական կուսակցությունը, ըստ ամենայնի, փորձում է ԲՀԿ-ին մղել ընդդիմություն, որպեսզի առաջին հերթին զրկի վարչական լծակներից, որոնք կուսակցությունն ունի որպես կոալիցիայի անդամ, իսկ երկրորդ հերթին, որ հաջորդ խորհրդարանում կոալիցիայի մեջ մտնի այլ ուժերի հետ:
ԲՀԿ-ն հիանալի հասկանում է, որ այժմ հանրապետականները շատ կցանկանային, որ Գագիկ Ծառուկյանն ուղիղ առճակատման գնար եւ հայտարարեր, որ դեմ չէ համագործակցել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Այդ ժամանակ ՀՀԿ-ն կկարողանար հայտարարել կոալիցիայի փլուզման մասին, Ծառուկյանին ընդդիմություն հայտարարեր եւ համապատասխան վերաբերմունք ցույց տալ նրան:
Հասկանալով դա, Ծառուկյանը համառորեն չի գնում առճակատման, չի հայտարարում կոալիցիայից դուրս գալու մասին, եւ, թերեւս, մտադիր է ձեռքից բաց չթողնել կոալիցիոն վարչական լծակները: Իսկ դրանք քիչ չեն` դրանք եւ քվոտայով նախարարներն են, եւ համայնքապետերը, եւ միջին օղակի պաշտոնյաները: Հանուն ինչի՞ Ծառուկյանը պետք է զոհաբերի նրանց:
Ծառուկյանի նման «հավատարմությունը» սկսել է նյարդայնացնել ՀՀԿ-ին: Այնտեղ հասկանում են, որ կոալիցիան պետք է ԲՀԿ-ին միայն նախընտրական շրջանի համար, այնուհետեւ, անհրաժեշտ տեղեր ստանալով խորհրդարանում, կրկին կարող է մտնել կոալիցիա, սակայն արդեն ավելի մեծ իրավունքներով, որպեսզի արդեն կոալիցիային «իրավահավասար» գնա նախագահական ընտրությունների:
ԲՀԿ-ում հասկանում են, թե Հայաստանում որքան «վնասակար է» ընդդիմադիր նիշան ընտրությունների առումով: Ընտրությունների արդյունքը որոշում են նրանք, ովքեր իշխանությունում են: Ահա թե ինչու Ծառուկյանը, որ հրաշալի գիտե այդ մեխանիզմը, նույնիսկ իր կողմնակիցների ձերբակալություններից հետո չի հրաժարվում կոալիցիայից եւ չի գնում ընդդիմություն:
Ահա եւ Ծառուկյանը կարծես բոլորին ասում է՝ ես կտոնեմ տարեդարձեր, իսկ հանրապետականները թող տանջվեն` մտածելով, թե ինչպես ինձ հանեն կոալիցիայից: Դրա հետ մեկտեղ թող Տեր-Պետրոսյանն էլ տանջվի:
Նաիրա Հայրումյան

No comments: