Thursday, December 8, 2011

Իրանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները պաշտոնապես իջեցվեցին գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակի

Panorama.am. 7-12-2011- Իրանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները պաշտոնապես իջեցվեցին գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակի: Այդ մասին հաղորդում է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության` ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Մեջլիսի հաստատած «Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական հարաբերությունները դեսպանի մակարդակից նվազեցնելու մասին» օրենքն ի գիտություն է ընդունել, որը պետք է կիրառվի կառավարության կողմից:
Ըստ Մեջլիսի ընդունած օրենքի` Իրանի արտաքին գործերի նախարարությունը, հիմք ընդունելով Իրանի ազգային շահերի պաշտպանությունը, պարտավորվում է երկու շաբաթվա ընթացքում Մեծ Բրիտանիայի հետ ունեցած իր քաղաքական հարաբերությունները իջեցնել գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակի, միևնույն ժամանակ նվազեցնելով նաև առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակը:
Վերոնշյալ օրենքի համաձայն` եթե Մեծ Բրիտանիան Ւրանի հանդեպ փոխի իր դիրքորոշումը, ապա ԱԳՆ-ն կարող է կրկին բաձրացնել հարաբերությունների մակարդակը:
Հիշեցնենք, որ Իրանի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունները խիստ լարվեցին, երբ ս.թ. նոյեմբերի 29-ին իրանցի ուսանողները հարձակում գործեցին Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության շենքի վրա: Դեկտեմբերի 1-ին Լոնդոնում աշխատող իրանցի դիվանագետները հյուրընկալ երկրի պահանջով արտաքսվեցին երկրից, իսկ մինչ այդ Մեծ Բրիտանիան էր Թեհրանից տարհանել իր դիվանագիտական առաքելության անդամներին:

No comments: