Sunday, March 18, 2012

Վախճանվել է Ղպտիական եկեղեցու առաջնորդը

Եգիպտոսի մայրաքաղաքում տևական հիվանդությունից հետո կյանքի 89-րդ տարում վախճանվել է Ալեքսանդրիայի և համայն Աֆրիկայի 117-րդ պատրիարք Շենուդա 3-րդ Պապը, որը 40 տարուց ավելի գլխավորել է Ղպտիական ուղղափառ եկեղեցին, հայտնում է «Ալ-Ահրամը» պարբերականը: Վերջին շրջանում ղպտիների (Եգիպտոսի բուն բնակչության) հոգևոր առաջնորդը հաճախ էր հիվանդանում, բուժում էր անցնում ԱՄՆ-ում, պատրիարքարանից հայտնում էին, որ նա ապաքինվել է և այս շաբաթ ժամասացություն է անցկացնելու: Սակայն ծեսին Շենուդա 3-րդն այդպես էլ չներկայացավ: Եգիպտոսի հարավային Ասյուտ քաղաքում ծնված Նազիր Ղայեդ Ռաֆայելը ղպտիների եկեղեցին գլխավորել է 1971-ին` 48 տարեկան հասակում` ընդունելով Շենուդա 3-րդ անունը: Նա ակտիվորեն սատարում էր միջհավատքային երկխոսությունը: Եգիպտոսում «Հունվարի 25»-ի հեղափոխությունից հետո իշխանության եկած իսլամիստները ամեն կերպ փորձում էին աշխարհին ցույց տալ, որ Եգիպտոսի մուսուլմաններն ու քրիստոնյա ղպտիները հաշտ-համերաշխ են ապրում, չնայած իրականում լինում էին լուրջ բախումներ: Ութսուն մլն բնակչությամբ Եգիպտոսում ղպտիների թիվը հասնում է մոտ 8 մլն-ի:

No comments: