Friday, March 16, 2012

Անկարայում այսօր ցուցադրվելու է Սյուզան Խարտալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը

Թուրքական Hürriyet Daily News թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ցուցադրվելու է ռեժիսոր Սյուզան Խարտալյանի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Տատիկիս դաջվածքները» ֆիլմը: Ֆիլմի ցուցադրությունը տեղի է ունենալու Filmmor միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Շվեդահայ Խարտալյանը նշել է, որ իր ֆիլմը կարող է երկխոսություն սկսելու լավ հարթակ ծառայել՝ շատ բարդ հարցեր քննարկելու համար: Նա հավելել է, որ ֆիլմում արտացոլված է իր անձնական պատմությունը՝ թեև ֆիլմն իր տատիկի մասին է. «Իմ տատիկն Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ ենթարկվել է բռնությունների ու անարգանքի: Նրա համար աղջիկ ծնվելը աղետ էր դարձել: Ես դեռ հիշում եմ նրան, որ անիծում էր ինձ, ինչի համար էլ ես տատիս չէի սիրում: Երբ իմացա ողջ ճշմարտությունը, մեծ ամոթ ապրեցի: Ես երբեք չեմ եղել Թուրքիայում, սակայն բոլոր հայերի նման ես էլ քաջատեղյակ եմ նրա աշխարհագրությանը»: Խարտալյանը հեղինակ է ավելի քան 20 ֆիլմերի, որոնք ցուցադրվել են ԱՄՆ-ում ու Եվրոպայում: Դրանց թվում է նաև «Վերադարձ դեպի Արարատ» ֆիլմը:

No comments: