Saturday, March 17, 2012

ԻԻՀ ԱԳ նախարար. Իրանի վրա Իսրայելի ռազմական հարձակումը կհանգեցնի այդ երկրի ոչնչացման

Panorama.am.16-3-2012- Իրանի վրա Իսրայելի ռազմական հարձակումը կհանգեցնի այդ երկրի ոչնչացմանը: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ` դանիական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում նշել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին: Իրանի արտգործնախարարը մանրամասնել է, որ եթե Իսրայելը փորձի հարվածել Իրանի միջուկային հաստատությունները, ապա կարժանանա ԻԻՀ ԶՈւ բոլոր ստորաբաժանումների հակահարվածին: Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր. «Միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ բանակցությունների դռներն առայժմ բաց են, վերջիվերջո այդ առնչությամբ Իրանը պետք է որոշում կայացնի: Ե ՛վ ես, և ՛ Իսրայելի վարչապետը հակված ենք, որպեսզի Իրանի միջուկային հարցը լուծվի դիվանագիտական ճանապարհով»: Հավելենք, նաև, որ մինչ այդ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտան, անդրադառնալով Իրանի վրա ռազմական հարձակման խնդրին, նշել էր. «Համոզված եմ, որ Իսրայելն Իրանի միջուկային հաստատությունների վրա ռազմական հարձակում գործելու վերաբերյալ առայժմ որոշում չի կայացրել: Ուստի հավանականություն չկա, որ 2012թ. գարնանը հարձակում կլինի»: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հիգի կարծիքով էլ` Իրանի վրա Իսրայելի ռազմական հարձակումն անմիտ քայլ կլինի:

No comments: