Saturday, March 17, 2012

Երբ առաջին անգամ տեսա Դինքին, զղջացի, չուզեցա սպանել. Օգյուն Սամասթ

Tert.am. 17-3-2012- Հրանտ Դինքի մարդասպան Օգյուն Սամասթը, ով 22 տարի 10 ամսվա ազատազրկման է դատապարտված, բանտում հարցազրույց է տվել թուրքական Taraf օրաթերթին: Նա ասել է, որ «Ակօս»-ի խմբագրապետի սպանությունը երեք փուլով պլանավորված գործողություն է եղել: Առաջին փուլում Դինքը պետք է լրատվամիջոցների թիրախում հայտնվեր: Սամասթը ասել է, որ այդ երեք փուլերի մասին ինքը չի ասել ոչ հարցաքննության ընթացքում, ոչ էլ դատարանում ցուցմունք տալիս: Անդրադառնալով արդարացված և ազատ արձակված Էրհան Թունջելին` Սամասթն ասել է, որ իր համար անակնկալ էր նրա արդարացումը: «Ես սխալ եմ գործել և դրա պատասխանը տալիս եմ, տալիս եմ իմ երիտասարդությունը բանտում անցկացնելով»,- ասել է Սամասթը: Մարդասպանը նաև նշել է, որ եթե դատարանում իր տված ցուցմունքներն ավելի արդյունավետ օգտագործվեին, հիմա «պատկերն այլ կլիներ»: Ամբողջ դատավարության ընթացքում ես գրեթե բղավում էի, որ այդ ճանապարհը ճիշտ ճանապարհ չէ: «Ես Տրապիզոնում ոչ Դինքին էի ճանաչում, ոչ էլ «Ակօս» թերթի տեղը գիտեի: Ստացվում է, որ ես ձանձրացել եմ, անելիք չեմ ունեցել, եկել նման սխալ եմ գործել: Այդ մարդու սպանության հարցում նրան թիրախ դարձնողները իմ չափ հանցավոր են: Ովքեր որ մամուլում Դինքին «ազգի դավաճան» էին ներկայացնում, պետք է հարցաքննվեն` սպանության դրդման մեղադրանքով: Նախ դրանք թող բացահայտվեն, հետո իմ և Յասիլի հարցը առաջ կքաշվի: Ես շատ բաներ հիմա չեմ կարող ասել, մինչև առաջին փուլը չբացահայտվի: Ես այդ սպանությունից երեք ամիս առաջ հանդիպել և թեյ եմ խմել մեկի հետ, ով կապ ունի Դինքի սպանության հետ: Խոստանում են նաև այդ մասին պատմել», - ասել է Սամասթը: Սամասթը ասել է, որ զղջում է Դինքին սպանելու համար: «Իմ նման 16 տարեկան մի երիտասարդի տվեք թող կարդան այդ թերթերը, ազգայնականության զգացման գերին կդառնա: Այժմ նման բան չէի անի: Իմ բոլոր ցուցմունքներում ասել եմ` երբ առաջին անգամ տեսա Դինքին, զղջացի, չուզեցա սպանել, սակայն որոշ բաներ հիշեցի: Դրանք հիմա բացահայտել չեմ կարող, բայց ժամանակը կգա, դրանք էլ կպատմեմ», - ասել է նա: Անդրադառնալով Էրհան Թունջելի հայտարարություններին, թե սպանության հետևում Էրգենեկոն խմբավորումն է, Սամասթը չի կարողացել հաստատել կամ հերքել դա, «որովհետև ես տեղյակ չի»: «Ես ձգանը ձգողն եմ ընդամենը: Եթե Էրհանն ինչ-որ բան գիտի, թող ասի: Ստացվում է Էրհանը ազատ է արձակվել, Էրհանն անմեղ է: Երևի ոստիկանությունը նրան մզկիթում նամազ անելիս է ձերբակալել: Ուզում եմ Էրհանին հարցնել, դու սպասո՞ւմ էիր, որ քեզ կարդարացնեն, թե՞ քեզ համար էլ էր անակնկալ», - ասել է նա: Սամասթը ասել է, որ ինքը պատրաստվում էր սպանությունից հետո հանձնվել իրավապահներին: Սակայն ցանկացել է հանձնվել իր ընտանիքի մոտից, այդ պատճառով էլ ուզում էի Տրապիզոն վերադառնալ: «Սակայն լավ է, որ ինձ ձերբակալեցին: Եթե ինձ չբռնեին և հասնեի Տրապիզոն, ինձ սպանելու էին: Ինձ սպանել ցանկացողներին չեմ ճանաչում: Ինձ սպանել ցանկացողների մասին իմացել եմ բանտում կարդալով Նեդիմ Շեների «Կարմիր ուրբաթ» գիրքը», - ասել է նա:

No comments: