Saturday, March 17, 2012

Թուրքական Sabah-ը ներկայացրել է Էրդողանի կուսակցության գաղտնի ծրագիրն ապագայի հետ կապված

News.am. 16-3-2012- Թուրքական Sabah պարբերականի լրագրող Յավուզ Դոնաթը ներկայացրել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջիկա տարիներին վերաբերող գաղտնի ծրագրերը։ Թուրք լրագրողը նշել է, թե իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության մոտ 70 պատգամավորներ արդեն 3 անգամ ընտրվել են եւ ըստ կուսակցության կանոնակարգի չեն կարող այլեւս մտնել խորհրդարան, ինչը զգալիորեն կթուլացնի կուսակցությունը։ Նա շեշտել է, թե այդ պատգամավորների մի մասը կառաջադրվի քաղաքապետերի ընտրություններին, սակայն նրանց թիվը չի անցնի 10-ից։ Sabah-ի լրագրողի ներկայացմամբ՝ էրդողանի կուսակիցներից մեկը կփոխարինի Էրդողանին կուսակցության նախագահի պաշտոնում, որից հետո նա կկազմակերպի կուսակցության համագումար եւ կվերացնի 3 անգամից ավելի ընտրվելու արգելքը։ «Այս տարբերակով՝ Էրդողանն իր խոսքի տերն է մնում (Էրդողանը հայտարարել էր թե 4 անգամ առաջադրվելու համար չի պատրաստվում փոխել կուսակցական կանոնակարգը), կուսակցությունը փրկվում է՝ չկորցնելով կարկառուն պատգամավորներին»,-նշվել է թուրք լրագրողի հրապարակման մեջ։ NEWS.am-ը ավելի վաղ ներկայացրել էր Hurriyet-ի թղթակից Թահա Աքյոլի մտերմիկ զրույցը Էրդողանին մոտ կանգնած աղբյուրի հետ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջիկա սցենարի վերաբերյալ։ «Աբդուլլահ Գյուլի պաշտոնավարության ժամկետը 7 տարի է, որն ավարտվում է 2014-ին։ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ 2014-ին ժողովրդի կողմից կընտրվի նախագահ։ Այդ ժամանակ Աբդուլլահ Գյուլը չի լինելու պատգամավոր եւ չի կարող միանգամից դառնալ վարչապետ։ Ժամակավոր վարչապետ կդառնա Բյուլենթ Առընչը։ Այնուհետ իշխող կուսակցության արտակարգ ժողով կհրավիրվի եւ Աբդուլլահ Գյուլը կընտրվի կուսակցության նախագահ եւ 2015-ի խորհրդարանական ընտրություններին մտնելով խորհրդարան՝ վարչապետ կդառնա»,-ասել է Էրդողանին մոտ կանգնած գործիչը՝ պնդելով, թե Գյուլ-Էրդողան հարաբերություններն ավելի վստահելի են քան Մեդվեդեւ-Պուտին հարաբերությունները։

No comments: