Saturday, May 19, 2012

Ստեփան Պողոսյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 19-ին, վերջին հրաժեշտը՝ մայիսի 20-ին

Հայտնի մտավորական, նշանավոր պետական գործիչ ու գիտնական Ստեփան Կարապետի Պողոսյանի
քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 19-ին՝ ժամը 17-ին, Երևան, Սայաթ-Նովա 29, բն. 11 հասցեում: Վերջին հրաժեշտը՝ մայիսի 20-ին՝ ժամը 12-14-ը, Կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ ժամը 14-ին: Այս մասին հայտնում են կառավարական հանձնաժողովից: Հիշեցնենք, որ Ս. Պողոսյանը մահացել է նախօրեին: Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ պետական գործիչ, պատմաբան Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ստեփան Պողոսյանը ծնվել է 1932 թվականի հունվարի 1-ին Թալինի շրջանի Ահագչի (Զովասար) գյուղում՝ կոլտնտեսականի ընտանիքում: 1955 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը և նույն տարում ընտրվել բուհի կոմերիտական կազմակերպության կոմիտեի քարտուղար: 1958-67 թթ. վարել է կոմերիտական մի շարք ղեկավար պաշտոններ՝ մասնավորապես 1963-67 թթ. աշխատելով Հայաստանի ԼԿԵՄ Կենտկոմի առաջին քարտուղար: Նրա ղեկավարության տարիներին է հիմնվել «Գարուն» ամսագիրը: 1967-70 թթ. աշխատել է ՀԿԿ Արարատի շրջկոմի առաջին քարտուղար, նպաստել շրջանի տնտեսության և մշակույթի համակողմանի զարգացմանը: 1970 թ. սեպտեմբերին Ստեփան Պողոսյանը նշանակվել է Հայկական ԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահ: 18 տարի անընդմեջ ղեկավարելով հանրապետության հեռուստառադիոպետկոմը՝ նա շրջադարձային դերակատարում է ունեցել այդ կարևոր ոլորտի զարգացման, դրա ազգային նկարագրի խորացման, հեռուստատեսության ու ռադիոյի տեխնիկական վերազինման գործում: 1988-90 թթ. Ստեփան Պողոսյանը ղեկավարել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը՝ մասնավորապես կազմակերպելով ավերիչ երկրաշարժից հետո փրկարարական ու վերականգնողական աշխատանքների համակողմանի ու ճշգրիտ լուսաբանումը: 1990 թ. հունվար-օգոստոս ամիսներին վարել է ՀԽՍՀ հրատպետկոմի նախագահի պաշտոնը: 1990թ. օգոստոսին Ստեփան Պողոսյանը ընտրվել է ՀԿԿ Երևանի քաղկոմի առաջին քարտուղար և, միաժամանակ՝ ՀԿԿ կենտկոմի քարտուղար: Հայաստանի նոր իշխանությունների ու ԽՍՀՄ ղեկավարության սուր առճակատման պայմաններում նա վճռորոշ դեր է խաղացել հանրապետությունը տարաբնույթ բախումներից զերծ պահելու առումով: 1990-91 թթ. ընտրվել է ԽՄԿԿ կենտկոմի և ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյի անդամ: 1963-90 թթ. ընտրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, 1963-70 թթ. եղել է ԳԽ նախագահության անդամ: Բազմիցս ընտրվել է ՀԿԿ կենտկոմի և նրա բյուրոյի կազմում: Նորանկախ Հայաստանի Հանրապետությունում Ստեփան Պողոսյանը վերադարձել է պատմաբանի իր մասնագիտությանն ու կոչմանը, լծվել գիտական լրջագույն աշխատանքի՝ հիմնավոր կերպով հետազոտելով Հայկական հարցի ամենախրթին հիմնախնդիրները, միաժամանակ վեր հանելով մեր անցյալի շատ ու շատ անհայտ էջեր: Այս տարիներին նա աշխատել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում, 1997-2009 թթ. դասավանդել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանում, գլխավորել այդ բուհի Հայկական հարցի ու Հայոց ցեղասպանության պատմության գիտական կենտրոնը: Հեռուստատեսության ու ռադիոյի բնագավառում Ստեփան Պողոսյանի ունեցած հարուստ փորձն ու ծառայությունները մեծապես օգտակար են եղել Հայաստանի Հանրապետության Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում, որի կազմում նա եղել է 10 տարի՝ 2001-11 թթ.: Անվանի գործչի ու հայրենասերի ծառայությունները բարձր են գնահատվել պետության կողմից: ՀՀ Նախագահի հրամանագրերով նա պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի (2011թ.) և Մովսես Խորենացու (2001թ.)մեդալներով, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով, ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության պատվոգրերով: 1988 թ. «Հայ ժողովրդի պատմություն» հեռուստաֆիլմերի շարքի համար Ստեփան Պողոսյանին շնորհվել է Հայկական ԽՍՀ Պետական մրցանակ, 2010 թ.՝ Հայաստանի «Թեքեյան» մշակութային միության «Հայկաշեն Ուզումյան» գրական մրցանակը: Նա նաև նույն միության «Ադամանդակուռ Արարատ» շքանշանի ասպետ էր: Ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի պատվավոր անդամ, պարգևատրվել այդ հաստատության Մեծ ակադեմիական մեդալով: Հայրենիքին ու ժողովրդին անմնացորդ նվիրված քաղաքացի, իմաստուն ու բարի մարդ, շիտակ և ազնիվ անհատականություն, հմուտ ու հեռատես ղեկավար, պրպտող ու անկողմնակալ գիտնական Ստեփան Պողոսյանը վայելում էր գործընկերների, հասարակայնության արժանի սերն ու հարգանքը: Այդպիսին նա կմնա մարդկանց հիշողության մեջ:

No comments: