Panorama.am. 30-4-2012- Այսօր լրանում է «Օղակ» գործողության մեկնարկի 21-րդ տարին. 1991թ-ի ապրիլ-օգոստոս ամիսներն էր, որ Ադրբեջանի իշխանությունները Արցախի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ իրականացրեցին պետական ահաբեկչական գործողություններ: «Օղակ»-ի ընթացքում տարհանվել է Արցախի 27 հայկական գյուղ, դրանց մեծ մասը մինչ օրս մնում է Ադրբեջանի կողմից օկուպացված: Բոլոր գյուղերը թալանվել են, նրանց մեծ մասը պարզապես այրվել ու ոչնչացվել է, իսկ հայության ողջ ունեցվածքը սեփականացվել է թալանչիների կողմից: Սպանվել է շուրջ 100 մարդ, իրենց հայրենի օջախներից տարհանվել շուրջ 10 հազար: Ավելի քան 600 մարդ գերևարվել ու ենթարկվել է կտտանքների ու տարատեսակ բռնությունների. նրանց մի մասի ճակատագրերը մինչ օրս հայտնի չեն: Այդ օրերի բոլոր իրադարձությունները` «Օղակ»-ի ողբերգական դեպքերը, տեղ են գտել մի շարք միջազգային կազմակերպությունների փաստաթղթերում, դարձել են հատուկ քննարկումների առարկա ՌԴ Գերագույն խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովում, ինչպես նաև գնահատականի արժանացել ԵԽ-ի ու ԱՄՆ Սենատի բանաձևերում: Մի շարք անկախ դիտորդներ եղել են անմիաջական ականատեսներն ու վկաները այն ամենի, ինչ տեղի է ունեցել ու հետագայում հանդես են եկել հայ ժողովրդի դեմ իրականացված հրեշավոր հանցագործության քննադատությամբ ու կոշտ գնահատականներով: Այսօր` գիշերը` ժամը 00.10-ին ՀՀ Հանրային հեռուստաընկերությունը հերթական անգամ կցուցադրի «Սովորական ցեղասպանություն. «Օղակ» գործողություն. Մաս 1- Արցախ» ֆիլմը: Նշենք, որ ««Օղակ» գործողություն, 1991թ. ապրիլ-օգոստոս»-ը «Սովորական ցեղասպանություն» ֆիլմաշարի չորրորդ ֆիլմն է: Նախագիծն իրականացրել է ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը: Դրա շրջանակում պատրաստվել են «Բաքու, 1990-ի հունվար», «Սումգայիթ, 1988-ի փետրվար», «Մարաղա, 1992թ ապրիլի 10» ֆիլմերը, որոնք թարգմանվել են մի քանի լեզուներով ու տարածվում են ինչպես ինֆորմացիոն կրիչներով, այնպես էլ` համացանցում: Հայտնի է, որ նախագծի հաջորդ ֆիլմը «Օղակ» գործողության երկրորդ մասին է վերաբերելու, որը ներկայացնում է Հայաստանի ՍՍՀ սահմանամերձ շրջանների 1991թ-ի գարնան ու ամռան իրադարձությունները: Ֆիլմաշարի հեղինակ և ստեղծագործող խմբի ղեկավար Մարինա Գրիգորյանը նշում է, որ խաղաղ խորհրդային ժամանակահատվածում` 20-րդ դարի վերջին Ադրբեջանը շարունակեց Թուրքիայի դարեսկզբի էքսպանսիոնիստական գործելաոճը, որի միակ նպատակն էր կենսունակ միջավայրի ընդլայնումը հայության տարածքների հաշվին: Իրագործման եղանակներն էին` ոչնչացում, աքսորում ու հայ ժողովրդին հայրենիքից զրկում, հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության զավթում ու սեփականաշնորհում: Հիշեցնենք նաև, որ այս պահին շարունակվում են աշխատանքները այն կայքէջի ստեղծման վրա, որտեղ զետեղված կլինի նախագծի փաստագրական ողջ հիմքը: Նախատեսվում է նաև հրատարակել ու վերահրատարակել մի շարք գրքեր, փաստաթղթերի ժողովածուներ ու բրոշյուրներ, որոնք պատմում են 1988-1992թթ. իրադարձությունների մասին, դրանք կներկայացվեն թարգմանաբար ևս:
Tuesday, May 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment