Monday, May 28, 2012

Գարեգին Բ. 94 տարի առաջ հայրենի երկնակամարում ծածանվեց հայոց եռագույնը

Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ:  Շնորհավորանքում ասվում է. «Քրիստոսահիմն Մայր աթոռ սուրբ Էջմիածնից Հանրապետության օրվա տոնական առիթով ողջունում եւ Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում մեր ժողովրդի զավակներին` ի Հայաստան, յԱրցախ եւ ի Սփյուռս: Այսօր տոնում ենք նվիրական հիշատակը Հայոց պետականության վերականգնման, որն իրականություն դարձավ բազմադարյա դադարից հետո: Իննսունչորս տարիներ առաջ մայիսյան լուսավոր այս օրը մեր հայրերը հռչակեցին Հայաստանի առաջին Հանրապետությունը, եւ հայրենի երկնակամարում ծածանվեց հայոց եռագույնը` որպես խորհրդանիշ ազատ եւ անկախ ապրելու մեր ժողովրդի երազանքի իրականացման: Գոհություն Երկնավորին, Մայիսյան հերոսամարտերի եւ Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման հիշատակներն այսօր ոգեշնչում են մեր ժողովրդին հայրենի պետականությունը զորացնելու եւ իր լուսավոր գալիքը կառուցելու հույսերում: Մայր տաճարի իջման սուրբ սեղանի առաջ ի խորոց սրտի աղոթում ենք, որ սմենակարող Աստված երկնառաք օրհնության եւ հարատեւ խաղաղության մեջ պահի Հայրենի մեր երկիրը եւ հավատավոր Մեր զավակներին` պարգեւելով կայուն եւ ապահով առաջընթաց»:

No comments: