Monday, May 14, 2012

Չիկագո՝ անկեղծության պահ

Մայիսի 20-ին Չիկագոյում պետք է տեղի ունենա ՆԱՏՕ-ի վեհաժողովը, որտեղ քննարկվելու են ՆԱՏՕ-ի հետագա գոյության եւ զարգացման կարեւորագույն ռազմավարական հարցեր: Վեհաժողովին ներկա են գտնվելու ՆԱՏՕ-ի ոչ անդամ 60 երկրների ներկայացուցիչներ: Արդեն այժմ բազմաթիվ գնահատականներ կան, որ վեհաժողովին սպասվում են Թուրքիայի լուրջ պահանջներ կազմակերպչական կարեւորագույն հարցերի վերաբերյալ: Թուրքիան արդեն թույլ չի տվել վեհաժողովին Իսրայելի մասնակցությունը, ինչը ուժեղ հարված է դարձել ԱՄՆ-ին, որը պատրաստվում է ՆԱՏՕ-ի եւ Իսրայելի հարաբերությունների զարգացմանը նոր ու սկզբունքային խթան հաղորդել, ինչով շահագրգռված էին նաեւ ՆԱՏՕ-ի բազմաթիվ այլ անդամներ: Թուրքիան դեմ է հանդես գալիս Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի միջեւ պայմանագրի կամ Անվտանգության պակտի ստորագրմանը, ինչը տապալում է Արեւմտյան հանրության ռազմավարական ծրագրերը: ՆԱՏՕ-ի նույնքան կարեւոր մտադրություն է դաշինքի բարեփոխման վերաբերյալ որոշման ընդունումը նախեւառաջ ցամաքային զորքերի միասնական շտաբի ստեղծման հարցով, այսինքն խոսքը ՆԱՏՕ-ի անդամ պետությունների զինված ուժերի իրական միավորման մասին է: Թուրքիան այս հարցում եւս պահանջներ ունի: Թուրքիայի պահանջները վերաբերում են ՆԱՏՕ-ի նոր հայեցակարգին, նախեւառաջ տարածաշրջաններում հակամարտությունների եւ ճգնաժամային իրադարձությունների դիտարկման եւ արձագանքի մասով: Գոյություն ունի խնդիր, որն անմիջականորեն վերաբերում է նաեւ Հարավային Կովկասին: ՆԱՏՕ-ն մտադիր է փոփոխություններ մտցնել տարածաշրջանային հակամարտությունների հարցով կոմյունիկեի տեքստում, այդ թվում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ (եթե հիշում եք, Սերժ Սարգսյանը չի մասնակցել Լիսաբոնում անցկացված ՆԱՏՕ-ի վեհաժողովին ղարաբաղյան թեմայով անընդունելի հայտարարությունների պատճառով): Թուրքիան ջանքեր է գործադրում տեքստում փոփոխություն թույլ չտալու համար՝ այդպիսով կատարելով Ադրբեջանի լոբբինգ: ՆԱՏՕ-ն այսքան սկանդալային իրավիճակ դեռ չի վերապրել: Թուրքիան ձգտում է ուժեղ ճնշում գործադրել ոչ միայն ՆԱՏՕ-ի, այլեւ նրա առանձին մասնակցիների, նախեւառաջ ԱՄՆ, Ֆրանսիայի, Գերմանիայի, ինչպես նաեւ Եվրամիության վրա: Եթե Թուրքիան ընդունի ՆԱՏՕ-ի տվյալ մտադրությունները, դա ընդհանուր ռազմավարությանը Թուրքիային հարկադրելու գործնական նշան կլինի: Եթե ոչ, ապա հարկ է հասկանալ, որ Թուրքիան դարձել է ՆԱՏՕ-ում սուր ճգնաժամի պատճառ, ինչը կանխատեսվել է բազմաթիվ փորձագետների կողմից վերջին 2-3 տարիներին: Եթե այս ճգնաժամը տեղի ունենա, ապա դա կնշանակի, որ նոր իրավիճակ է ստեղծվել Թուրքիայի շուրջ գտնվող տարածաշրջաններում, այդ թվում վերանայվելու է այդ տարածաշրջաններում նոր սպառնալիքների պարադիգման: Հնարավոր է, Թուրքիան, ինչպես վերջին ժամանակներս, ցանկանա շանտաժի ենթարկել ՆԱՏՕ-ին ու Արեւմտյան հանրությանը, եւ այնուամենայնիվ զիջումների կգնա՝ պահանջելով առանձին արտոնություններ, սակայն այժմ ՆԱՏՕ-ում ճգնաժամի սպասումները խիստ մեծ են: Իգոր Մուրադյան

No comments: