Tuesday, May 15, 2012

Կոլումբիայում նոր թմրանյութ է հայտնվել, որը ստիպում է «կամավոր» հրաժարվել փողերից և ներքին օրգաններից

Tert.am. 14-5-2012- Կոլումբիական հանցավոր աշխարհը նոր ուժեղագույն թմրանյութ է կիրառության մեջ դրել, որը մարդկանց հնազանդ զոմբիների է վերածում, որոնք պատրաստ են հեշտությամբ զրկվել իրենց գույքից և դրամական միջոցներից: Նյութը գիտական շրջանակներում հայտնի է սկոպոլամին անվանումով, սակայն Հարավային Ամերիկայում այն ստացել է «Հրեշի շնչառություն» անվանումը, հաղորդում է The Daily Mail պարբերականը: Ոչ համ ոչ հոտ ունեցող այդ նյութը խառնում են ըմպելիքների կամ սննդի հետ: Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում կարելի է հարյուրավոր պատմություններ լսել այն մասին, թե ինչպես են մարդիկ զրկվել գումարից, բռնաբարվել կամ նույնիսկ մնացել առանց ներքին օրգանների, և այդ ամենը՝ առանց որևէ բան հիշելու: Հիշողության կորուստը սկոպոլամինի կողմնակի հետևանքներից ևս մեկն է: Լրագրողների հետ զրույցում կոլումբիական թմրավաճառներից մեկը պատմել է, որ սկոպոլամինի մեկ գրամը նման է կոկաինի մեկ գրամին, սակայն հետո ավելացրել է, որ առաջինը նույնիսկ սիբիրախտից վտանգավոր է: Զոհերից մեկը պատմել է, թե ինչպես է նրան փողոցում մի տղամարդ մոտեցել և խնդրել ճանապարհ ցույց տալ, և քանի որ աղջիկը նույն ուղղությամբ էր գնում, որոշել է միասին քայլելով տեղը ցույց տալ: Քայլելիս աղջիկը խմել է այն հյութից, որն առաջարկել է անծանոթը: Շուտով աղջիկը թմրանյութի ազդեցության տակ անծանոթին տարել է իր տուն և ինքնուրույն օգնել է հանցագործին հավաքելու իր տան բոլոր արժեքավոր իրերը, փողերը և նույնիսկ ընկերոջ թանկարժեք տեսախցիկը: Զոհը նշել է, որ լավ է պրծել, քանի որ այդ նյութի ավել չափաբաժինը մահացու հետևանքներ է ունենում: Պետք է նշել, որ սկոպոլամին պատմությունը Կոլումբիայում նոր չէ. այն իր արմատներով խորանում է՝ հասնելով իսպանական կոնկիստադորների ժամանակաշրջանին: Տեղաբնակների սովորությունների համաձայն՝ նրանք այդ նյութը օգտագործում էին մահացած ցեղապետերի ծառաներին և կանանց կենդանի թաղելու համար, որ նրանք ուղեկցեն առաջնորդին նաև անդրշիրիմյան կյանքում: Նացիստական հանցագործ Յոզեֆ Մենգելեն սկոպոլամինը օգտագործել է հարցաքննությունների համար: «Ճշմարտության շիճուկը»ակտիվորեն օգտագործվել է նաև ԱՄՆ ԿՀՎ-ի կողմից Սառը պատերազմի ժամանակաշրջանում:

No comments: