Monday, May 14, 2012

Ատելություն չզգաց, բարկություն չապրեց.... թուրքական օրաթերթը Վիլյամ Սարոյանի մասին

Tert.am. 14-5-2012- Թուրքական «Ռադիկալ» օրաթերթը անդրադարձել է աշխարհահռչակ հայ գրող Վիլյամ Սարոյանին և նրա` Բիթլիսի հանդեպ ունեցած սիրուն: Հոդվածագիր Յուսուֆ Նազըմը հիշեցրել է, որ հայկական արմատներով գրողի վերջին ցանկությունն էր, որ իր գերեզմանը լինի Բիթլիսում: Սակայն 1980 թ-ականների թուրքական իշխանությունները նման բան չէին թույլատրի: «Վերջաբանները սովորաբար սարսափելի են և մարդուն թախիծ են բերում: Ամեն ավարտ անվերադարձ է: Դատարկված մի գյուղի անմարդաբնակությանը դիմադրել փորձող վերջին տան նման, մարելուն ընդդիմացող կրակի` քամուն ընդդիմացող բոցերի նման…»,- գրել է նա: ՅուսուՖ Նազըմը հիշեցրել է, որ Սարոյանը ծնվել էր 1908թ-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում` հայ ներգաղթյալի ընտանիքում: 3 տարեկանում, հոր մահից հետո, եղբայրների հետ մանկատանն է հայտնվել և միշտ երազել է գրող դառնալ: Մահացել է 1981 թ-ին, նույն Ֆրեզնոյում: 2008 թ-ը գրականության մեջ ունեցած իր ներդրման համար UNESCO-ի կողմից «Սարոյանի տարի» էր խռչակվել: «Նրա ցանկությունն էր, որ իր մարմինն ամփոփվի Բիթլիսում: Ամերիկայի փոքրիկ քաղաքում ծնված և մահացած գրողի` Բիթլիսում թաղվելու ցանկությունը պետք է մի պատճառ ունենար: Սարոյանի արմատները հենց Անատոլիայից են` Բիթլիսից: 1905 թ-ին, մոտեցող աղետը կանխազգացումը նրանց Կալիֆորնիա հասցրեց և ստիպված եղան թողնել իրենց պապերի` դարեր շարունակ ապրած հողերը: 8 տարեկանում որբացած երեխայի` մեծերից լսած պատմություններն էին, որ նրա ներաշխարհն այդպիսին դարձրին: Նրա ստեղծագործությունները անգլերենով էին` ամերիկյան հողով են սնված, իսկ հոգին միշտ Անատոլիայինն է: 1964 թ-ին Սարոյանը վերջապես հնարավորություն ունեցավ տեսնելու սրտում փայփայած Բիթլիսը, ուր նա երեխաների հետ այս ու այն կողմ վազեց, ամեն հանդիպածին «հայրենակից» անվանեց, համբուրեց ծառերը, քարերն ու հողը, տեսավ իր երազանքների ծովը` Վանա լիճը, խմեց ջրից: Տեսավ հին, կործանված տները, գմբեթները, խոնարհված եկեղեցիները, սակայն չտեսավ գերեզմանները: Քաղաքի 4 հայկական գերեզմանոցներում մեկ գերեզմանաքար չէր մնացել: Մի եկեղեցու հիմքի վրա բանտ էր կառուցվել, մեկ ուրիշը ախոռ էր դարձել: Մի տուն գտավ, որը հավանաբար իր հայրական տունն էր, ծնկի եկավ այդ տան ավերակների մոտ և անձայն արտասվեց: Ատելություն չզգաց, բարկություն չապրեց»,- գրել է հոդվածագիրը: ՅուսուՖ Նազըմը պատմել է, որ պապերի` Բիթլիսում ապրած միակ հայն,այժմ ծերունի Մուղսի աղան է: Նա չի հրաժարվել իր ինքնությունից, տարիները մաշել են սիրտը և նա մահվանն ընդառաջ օրերն է հաշվում: «Այս մարդը, ում ծաղրում են երեխաները, հազարավոր այն հայերից է, որոնք ժամանակին ստիպված եղան լքել այս հողերը: Նա բիթլիսցի վերջին հայն է… Ամեն վերջ ցավոտ է: Կարսում, Արդահանում նրանց` ավելորդ համարվողների թիվը շատ է նվազել: Ասում էի չէ, ամեն վերջ իրեն հատուկ ցավն ունի: Ամեն ցավ մեկ այլ վերջի նախանշանն է»,- գրել է նա:

No comments: