Sunday, May 13, 2012

Մանդատ, Սերժի «արոտավայրում»

«Լրագիր» 12-5-2012- Մեկնաբանելով Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հայտարարությունը` պատգամավորական մանդատը վայր դնելու և Կոնգրեսից դուրս գալու մասին, Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայկական ժամանակ թերթին ասել է. «Տվյալ պահին դժվար է գնահատել: Բայց եթե պարզվի, որ նա ճիշտ ճանապարհ է ընտրել, ես միայն ուրախ կլինեմ»: Լեւոն Տեր-Պետրոսյանի ու Կոնգրեսի քաղաքական ընթացքը մի տեսակ տխուր, միաժամանակ անփառունակ ավարտ ունեցավ: Փաստացի, արդարացան «ավազակապետության» ներկայացուցիչների՝ դեռեւս 2007 թ արվող «կանխատեսումներն» այն մասին, որ Տեր-Պետրոսյանի նպատակն ընդամենն «ինքզինքը» անցյալի համար մաքրելն է ու իր կողմնակիցներին, այսինքն ՀՀՇ-ին պառլամենտ մտցնելը: Ամեն ինչ փաստացի հենց այդպես էլ եղավ, ցավոք: Կոնգրեսի 4-5 տարվա գործունեությունն էլ հանգեց ընդամենը դրան: Կոնգրեսը համաժողովրդական շարժումից վերածվեց շարքային կուսակցության, Տեր-Պետրոսյանն էլ վերածվեց «շարքային ընդդիմադիրի», ինչպես կանխատեսել էր Ռոբերտ Քոչարյանը: Այս ամենի գագաթնակետը դարձավ «ընտրություններին» մասնակցելը, որի արդյունքում իշխանության ողորմածությամբ Կոնգրեսը խորհրդարան մտավ 0,1 տոկոսով: Իշխանությունն այդպես գնահատեց Կոնգրեսին, իսկ ժողովուրդը՝ 5-10 հազար դրամով: Դա Կոնգրեսի վարած քաղաքականության գնահատականն էր, որը նախ դարձավ ՀՀԿ-ի, հետո էլ ԲՀԿ-ի «դռնապանը», չկարողացավ արդյունքներ գրանցել իր հռչակած նպատակներն իրականացնելու գործում, եւ բավարարվեց 0,1 տոկոսանոց «ողորմածությամբ»՝ մի քանի մանդատով: Կոնգրեսը կվերցնի մանդատները՝ այլեւս որեւէ քաղաքական, քաղաքացիական ու բարոյական «զսպիչներ» չեն մնացել նման քայլի չգնալու համար: Կվերցնեն, ու խելոք կգնան իրենց իսկ գնահատած «համատարած կեղծիքներով ընտրված» պառլամենտ՝ «իշխանությանը ներվայնացնելու համար», ինչպես իրենք են հիմնավորում: «Սերժ Սարգսյանին ձայն տվողները Հայաստանը վերածում են թուրքերի համար արոտավայրի», ասում էր Կոնգրեսի առաջնորդը: Ուրեմն, կվերցնեն մանդատը եւ կգնան այդ «արոտավայրում»... աշխատելու: Իսկ նրանց, ովքեր վայր կդնեն մանդատն ու կհեռանան Կոնգրեսից, կմեղադրեն դավաճանության, Սերժին ծախվելու եւ այլնի մեջ: Միակ բանը, որ լավ է ստացվում Կոնգրեսի ապոլոգետների մոտ, հենց դա է՝ մեղադրանքն ու արդարացումը: Հայկ Արամյան

No comments: