Saturday, May 19, 2012

Իսկ ո՞վ է հիմա հիշում

1in.am. 19-5-2012- Մինչև մայիսի 6-ի քվեարկությունը, Հայաստանի քաղաքական ուժերը ամբողջ օրը քաղաքացիների առաջ խոստումներ էին շռայլում նրանց կյանքը փոխելու, հեղափոխություն անելու, պայքարի վերջին օրը բերելու, սարեր շարժելու և այլնի մասին, համոզում էին, որ իրենք են այն միակն ու անկրկնելին, որ լուծելու են հասարակության հիմնախնդիրները: Ընտրություններից անցել է արդեն մոտ երկու շաբաթ, և այս ընթացքում հետաքրքիր է, թե որ քաղաքական ուժն է գեթ մի անգամ մի թեթև հայացք նետել նույն այդ քաղաքացիների կողմն ու փորձել տեսնել, թե ինչ վիճակում է քաղաքացին մայիսի 6-ից հետո, ինչ հոգեվիճակում, ինչ է զգում, ինչ է տեսել, ինչ է լսել ու հասկացել: Ինչպես որ բոլորը միաբերան հիշել էին հայաստանցիներին նախընտրական քարոզարշավի ընթացքում, այդպես էլ բոլորը միաբերան մոռացան դրա մասին և ներկայումս ընդամենը փորձում են իրենց հարաբերությունները պարզել միմյանց հետ, տեղավորվել տարբեր քաղաքական կոմբինացիաների մեջ և լուծել իրենց կուսակցական և խմբակային հարցերը: Ներկայումս ոչ մի քաղաքական ուժ չի հիշում հասարակությանը, բացի իհարկե ընտրակաշառքի մասին հիշեցնելուց, որը դարձրին իրենց ալիբին: Այս իրավիճակը, ըստ էության, խորհրդանշում և բնորոշում է Հայաստանի ներկայիս քաղաքական և կուսակցական համակարգի սնանկությունն ու ոչ ադեկվատությունը հասարակության պահանջներին, ժամանակի պահանջներին և պետության առաջ կանգնած մարտահրավերներին: Հայաստանի քաղաքական և կուսակցական համակարգի համար Հայաստանի քաղաքացին ընդամենը ունկնդիր է, ոչ թե թելադրող, ընդամենը դիտորդ է, գործիք, ոչ թե պահանջող, ոչ թե սեփականատեր՝ պետության սեփականատեր, որն այն կառավարելու լիազորությունը փոխանցում է այս կամ այն քաղաքական ուժին՝ մեկին որպես իշխանություն, մյուսին` որպես ընդդիմություն: Այդ իսկ պատճառով էլ ընտրությունից անմիջապես հետո քաղաքացուն մոռանում են, որովհետև քաղաքական, կուսակցական համակարգի հիմնական ակնկալիքը նրանից չէ, քաղաքացուց այդ համակարգը չի սպասում ոչինչ և նույնիսկ սվիններով է ընդունում որևէ պահանջ, դիտողություն, քննադատություն: Նման համակարգը պետք է հեռանա փաթեթով, պետք է փոխվի, քանի որ նման համակարգի պայմաններում ցանկացած մեծ կամ փոքր փոփոխություն, ըստ էության, լինելու է կոսմետիկ, լինելու է առերևույթ, և ընթացքը լինելու է ոչ թե առաջ, այլ շրջանաձև: Իսկ այդ շրջանաձև ընթացքից թե՛ պետությունն է արդեն մաշվել, թե՛ հասարակությունը, որովհետև քսան տարի շարունակ մենք պարբերաբար կատարում ենք դարձ ի շրջան յուր:

No comments: