«Լրագիր» 19-5-2012- Այն դիրքորոշումը, որ որդեգրեցին ՀՅԴ որոշ անդամներ DIY փաբի պայթեցման կապակցությամբ, միջնորդելով մինչև դատավարությունը ազատ արձակել ձերբակալվածներին, կարող էր հիանալի քարոզչական մեխանիզմ լինել ընտրություններից առաջ: Այն էլեկտորատը, որի վրա հենվում է Դաշնակցությունը, նման քարոզարշավային բովանդակության դեպքում ավելի կամրացներ իր հավատամքը Դաշնակցության հանդեպ՝ որպես պատմական ճշմարտության ու ազգային բարոյականության կրող ուժի: Դեռևս պարզ չէ, թե ՀՅԴ որոշ անդամների գործունեության համար ինչն է հանդիսացել մոտիվացիա՝ նման դիրքորոշում ունենալ պայթեցնողների հանդեպ, հնարավոր է՝ ակումբի միասեռականության կամ ակումբի սեփականատեր Ծոմակի թուրքամետության մասին շրջանառվող վարկածները: Անկախ ամեն ինչից, պարզ է, որ առավել ևս օրենսդիր մարմնի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանի խնդիրը երկրի բարոյական նկարագրով զբաղվելը չէ, այլ ըստ սահմանադրության գործելը: Փաստացի արդեն իսկ հանրային կարծիքը սկսում է աշխատել հակառակ ՀՅԴ-ի, ընդ որում, ակումբի հետ տեղի ունեցող ցանկացած բան այս կամ այն կերպ կապվելու է ՀՅԴ հետ: Հայաստանում սոցիալական փոխհարաբերությունների մեխանիզմն է այդպիսին, առավել ևս իշխանության հանդեպ նման պաշտամունքային վախի պայմաններում ամեն ինչ մոտավորապես ստացվում է հետևյալ կերպ ՝ պայթեցնողները մեջք ունեն: Ու, ընդ որում, այդ մեջքը այս դեպքում ՀՅԴ որոշ անդամներն են, որոնք չեն թաքցնում իրենց «հովանավորող» գործունեությունը եւ փորձ են անում հիմնավորել դա: Հետևաբար, բոլոր այն դիսկուրսները, որոնք այսուհետ կկապվեն ակումբի, այն պայթեցնողների հետ, այս կամ այն կերպ ներառելու են ՀՅԴ-ին: Սա ինչպե՞ս կանդրադառնա ՀՅԴ վարկանիշի վրա՝ այլ հարց է: Պայթեցնողներին քաջալերող մի քանի ֆեյսբուքյան խմբերում ու էջերում քննարկվում էր հետևյալ հարցը՝ պայթեցնողները դրանով լուծել են ազգային անվտանգության խնդիր: Երևի հիշում ենք, որ հայ-թուրքական արձանագրությունների նախապատրաստման ընթացքում նման տիպի զրույցներ կային նաև հասարակության՝ Դաշնակցությանը համակրող հատվածներում, երբ ամեն ինչ մոտավորապես ձևակերպվում էր հետևյալ կերպ՝ «սահմանը բացվի, հայ աղջիկները թրքանան, հայկական մշակույթը վերանա, մենք վերանանք, ձուլվենք և այլն»: Այսինքն, ամեն ինչ, ինչպես հիմա, այնպես էլ առաջ քննարկվում է քաղաքական տրամաբանությունից բավական հեռու: ՀՅԴ-ն, կամ ավելի ճիշտ ՀՅԴ ստեղծած դիսկուրսը, որը դուրս է գալիս քաղաքականության շրջանակից, դառնալով սոցիալական տեքստ, ազգային անվտանգության հարցերի լուծման հին, ոչ ինստիտուցիոնալ, այսպես ասած մեխանիկական ու ինքնաբուխ կազմակերպման գիծ է առաջ տանում: Եթե նույնիսկ ընդունենք ուլտրա-ծայրահեղ ցանկացած գաղափար, ու նույնիսկ ընդունենք, որ ակումբը իրապես ազգային անվտանգության սպառնալիք է, ապա թե պայթեցնողների, թե առավել ևս օրենսդիրում տեղեր ունեցող ՀՅԴ-ի խնդիրը դառնում է ոչ թե այդ խնդիրը «ֆիդայական ձևերով» լուծելը, այլ հարցի ինստիտուցիոնալ լուծմանը ձեռնամուխ լինելը, օրինակ ԱԱԾ միջոցով: Մյուս դեպքերում ստացվում է, որ ՀՅԴ-ն ոչ թե քաղաքական ինստիտուտ է, որի նպատակը այլ ինստիտուտների միջոցով Հայաստանում ընդհանուր ինստիտուցիոնալ մեխանիզմի կայացումն է, այլ մարդկանց մի խումբ է, որը համոզված է, որ ճշմարտութունը միակն է, այն ներկուսակցական է, ու պետք է գործել՝ ելնելով այդ ճշմարտության դիրքերից: Սա ավելի շատ պետությունների նախաինդուստրիալ կամ պրեմոդեռն ժամանակին բնորոշ մի բան է, երբ ասենք կառավարման հիմքում ընկած էին ոչ թե ինստիտուտները, այլ մարդիկ, ովքեր ինչ որ մի տեղից ճշմարտություն էին բերում ու սփռում աշխարհի վրա: Հետևաբար, եթե ՀՅԴ-ն քաղաքական կուսակցություն լինելով, ու օրենսդիր մարմնում տեղեր զբաղեցնելով Հայաստանում օժանդակում է մարդկանց, ովքեր Երևանի կենտրոնի բնակելի շենքի նկուղային հարկում պայթյուն են կազմակերպել, ուրեմն ՀՅԴ-ն ուղղակի զբաղված է պոպուլիզմով: Ցանկացած հիմնավորում, որ կբերվի արդարացնելու տեղի ունեցած հանցագործությունը՝ երկրորդական ու երրորդական է, քանի որ բռնությունը, հարցերի լուծման նման մոտեցումն ի սկզբանե պետք է բացառել ու դատապարտել: Ի վերջո, դժվար է գտնել ավելի ուժեղ ու փաստարկված հիմնավորումների ցանկ, որ ներկայացրել ու ներկայացնում է Անդրեաս Բրեյվիկը իր կատարած ոճրագործության համար որպես հիմք: Բայց Եվրոպայի աջերը, նույնիսկ ամենառադիկալ աջերը երբևիցե չհամաձակվեցին որևէ կերպ պաշտպանել կամ աջակցել Բրեյվիկին: Այս տեսանկյունից, ՀՅԴ-ն դանդաղ արդիականացող քաղաքական դաշտում շարունակելու է առանձնանալ որպես բացառապես պրեմոդեռն ուժ, ու ըստ այդմ ժամանակի հետ մարգինալ է դառնալու: Լեւոն Մարգարյան
Saturday, May 19, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment