Sunday, May 13, 2012

Պատերազմում հաղթանակած հայկական կողմը բանակցային սեղանին կրավորական կեցված է ընդունել. Արման Մելիքյան

Tert.am. 12-5-2012- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի դիտարկմամբ, արցախյան պատերազմում հաղթանակած հայկական կողմը, որը ստիպեց Ադրբեջանին հրադադարի պայմանագիր կնքել, այսօր, բանակցային սեղանին կրավորական կեցված է ընդունել: «Դիվանագիտական և քաղաքական մակարդակում, դժբախտաբար, հայկական կողմը վատ վիճակում է հայտնվել: Հայաստանն իր կողմից չի ձևակերպել հստակ դիրքորոշում: Հատկապես, դա վերաբերվում է տարածքների խնդրին, այն, որ ազատագրված տարածքների մի մասը հնարավոր է հանձնվեն հակառակորդին՝ տեղին չէ և չի բխում Հայաստանի և Արցախի շահերից, նաև չի բխում տարածքային գործընթացի շահերից»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Արման Մելիքյանը: ԼՂՀ նախկին ԱԳ նախարարի համոզմամբ, բանակցային գործընթացից Արցախի Հանրապետության դուրս մնալը նույնպես հայկական կողմի թերացման հետևանք է: Խոսելով Մադրիդյան սկզբունքների մասին, Մելիքյանը նկատեց.«Ինչ վերաբերում է Մադրիդյան սկզբունքներ կոչվածին, կարծում եմ, բոլորի համար էլ հասկանալի է, որ դա մեզ համար անընդունելի է»: Նրա կարծիքով, թերի բանակցային գործընթացի հետևանք է ադրբեջանահայ փախստականների հիմնախնդրի անտեսումը. «Սա մի խնդիր է, որը կարող է իրականում դառնալ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանալին, դա Ադրբեջանի հայ փախստականների հիմնախնդիրն է»: ԼՂՀ նախկին ԱԳ նախարարը, անդրադառնալով հրադադարի մասին ստորագրված եռակողմ պայմանագրին, հիշեցնում է, որ մենք դեռևս ժամանակավոր խաղաղության մեջ ենք գտնվում, իսկ հրադադարի ստորագրությամբ, ընդամենը սկսվեց մի նոր փուլ, այն է՝ ռազմական հակամարտությունից անցում դեպի քաղաքական դիվանագիտություն, որի մեջ ներգրավվեցին նաև արտաքին ուժերը: «Ներկա դրությամբ, իմ տպավորություններով, հակասությունն այնքան սուր է, որ այն մոտակա ժամանակաշրջանում դժվար լուծում ստանա: Երկարաժամկետ խաղաղության համար, այս օրակարգի շրջանակներում, առաջիկայում միանշանակ լուծում չի լինելու »,- ասաց Մելիքյանը: Վերջինս, սակայն, որպես հակամարտության լուծման հնարավոր տարբերակ, չբացառեց նաև ռազմական ճանապարհը.«Ռազմական ճանապարհը բացառել պետք չէ, բայց պետք է հասկանանք, որ տարածաշրջանն անհանգիստ է ոչ միայն արցախյան հարցով: Պատերազմական գործողությունների վերսկսումը կարող է, պարզապես, պայթյուն առաջացնել ողջ տարածաշրջանում, ինչը, կարծում եմ, այսօր քաղաքական տեսանկյունից այդքան էլ հավանական չէ»,- ասաց նա: Այդ դեպքում ի՞նչը կստիպի կողմերին համաձայնության գալ հարցին, Արման Մելիքյանը պատասախանեց. «Քանի որ ընդհանուր առմամբ աշխարհում այսօր շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, և դա առաջին հերթին վերաբերում է մեր հարևաններին, կարծում եմ, որ կլինեն ընդհանուր լուծումներ, այսինքն՝ այդ լուծումները փոխկապակցված կլինեն և Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում առկա տարաձայնությունները կենթարկվեն մեկ ընդհանուր լուծման»: ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ հրադադարի խախտումներին, նշելով, որ դրանք զինադադարի կնքումից հետո եղել են և կլինեն: «Նման խախտումները եղել են և կլինեն, քանի դեռ չի ստորագրվել վերջնական՝ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման պայմանագիրը»: Սենոր Հասրաթյանը նկատեց, որ ԼՂՀ ՊՆ զորամիավորումներն անհրաժեշտության դեպքում հակառակորդին տալիս են համարժեք պատասխան: Հասրաթյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ այսօր ԼՂՀ-ն ունի կայացած, երկրի անվտանգությունը երաշխավորող բանակ: «Դրա վառ ապացույցը մայրաքաղաք Ստեփանակերտի հրապարակում, մայիսի 9-ին տեղի ունեցած զորահանդեսն էր»,- եզրափակեց ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանը:

No comments: