Monday, May 28, 2012

Թուրքիայում վերանորոգված հայկական աղբյուրների մոտ տոնակատարություն է տեղի ունեցել

Tert.am. 28-5-2012- «Հրանտ Դինք» հիմնադրամի միջոցներով վերանորոգված Թուրքիայի Էլազիգ մարզի Հաբափ գյուղի պատմական հայկական աղբյուրների վերանորոգման կապակցությամբ երեկ գյուղում տոնակատարություն է անցկացվել: Դինքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինի հայազգի տատիկի ծննդավայր գյուղի աղբյուրների բացման արարողության հյուրերի թվում նաև թուրք պաշտոնյաներ են եղել` մարզի մշակույթի և զբոսաշրջության վարչության պետ Թահսին Օզթուրքը, քաղաքապետ Բեքիր Յանըլմազը, գրողներ, ինչպես նաև Հրանտ Դինքի այրին` Ռաքել դինքը: Ֆեթհիյե Չեթինն իր ելույթում նշել է, որ այդ աղբյուրները հայ ճարտարապետներին բնորոշ բազմակն աղբյուրի օրինակներ են: «Այդ մշակույթի շատ օրինակների նման այս աղբյուրներն էլ երկու-երեք տարվա ընթացքում կվերանային, եթե շարունակեին անուշադրության մատնված մնալ: Մենք այս աղբյուրներն առաջին անգամ տեսնելուց ի վեր երազում էինք վերանորոգել դրանք: Մեր` այդ երազանքներն իրագործելու ճանապարհը սկսվեց 2009 թ-ից և այսօր մի կարևոր հանգրվանի է հասել»,- ասել է նա: Չեթինը նշել է նաև, որ իրենց հաջողությունները միայն աղբյուրների վերանորոգմամբ չի սահմանափակվում, իրենք ավելիին են հասել: «Մեզ հաջողվեց այն, ինչ այս երկրում հասարակության մեծ մասին չի հաջողվել: Այս վերանորոգման համար քրդերը, հայերն ու թուրքերը միասին աշխատեցին, միասին քարը քարին դրեցին և ջուրը դարձյալ սկսեց հոսել: Մենք այս երկրում մեծամասնության համար սերմ ցանեցինք, թող այն ծլի, հույս դառնա և ամբողջ երկրում տարածվի: Պատմությունն անտեսելու փոխարեն թող բարեկամություն և սեր դառնա»,- ասել է նա: Աղբյուրների վերակառուցումը եղել է նաև սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի երազանքը: Նրա այրին` Ռաքել Դինքը չի կարողացել զսպել արցունքները: «Ցանկանում եմ, որ ողջ երկիրը` 73 միլիոն մարդ զգա այս ամենը և հասկանա: Այսուհետ թող ոչ մի մարդ մեկ այլ մարդու, ոչ մի ցեղ` այլ ցեղի, ոչ մի երկիր` այլ երկրի ցավ չպատճառի: Ամեն մարդ ոչ թե սպանելու, ցավ պատճառելու, այլ ապրեցնելու համար թող ջանքեր ներդնի»,- ասել է նա:

No comments: