«Լրագիր» 24-5-2012- Հայաստանյան լրատվամիջոցներով կայծակի արագությամբ անցնում է BBC-ի պատրաստած ֆիլմն այն մասին, թե ինչպիսի իրավիճակ է Ադրբեջանում, ինչպես է իշխում Ալիեւների մեծահարուստ կլանը, ինչպես է Ադրբեջանը թաղված կոռուպցիայի, բռնատիրության եւ սոցիալական անապահովության ու աղքատության մեջ: BBC-ն ֆիլմը պատրաստել է Եվրատեսիլի համատեքստում, անվանելով “Եվրատեսիլի կեղտոտ գաղտնիքները”:
BBC-ի ֆիլմին բավական մանրամասն անդրադարձան նաեւ Հայաստանի հեռուստաընկերությունները, ցուցադրելով դրանից մեծ հատվածներ:
Հասկանալի է, որ Ադրբեջանի վերաբերյալ այդօրինակ ֆիլմը պետք է արժանանար Հայաստանի ուշադրությանը, հատկապես իշխանության ուշադրությանը, որպեսզի ցույց տրվի, թե իրականում Ադրբեջանը ամենեւին էլ ավելի լավ վիճակում չէ, քան Հայաստանը:
Իսկապես, ակնհայտ է, որ ադրբեջանական նավթադոլարները ամենեւին չեն ծառայում այդ երկրի մրցունակության բարձրացմանը, այլ ընդամենը հանդիսանում են ալեիւյան կլանի իշխանության զրահներից եւ գործիքներից մեկը:
Եվ դրա համար թերեւս պետք է շնորհակալություն հայտնել Իլհամ Ալիեւին եւ նրա ընտանիքին:
Անկեղծ: Հենց դա է եզրահանգումը, որին թերեւս պետք է գալ BBC-ի ֆիլմից հետո:
Պետք է շնորհակալություն հայտնել Ալիեւին այն կոռուպցիայի, բռնատիրության, այն սոցիալական անհավասարության, անապահովության, աղքատության, խոսքի եւ այլ քաղաքացիական իրավունքների զահմանափակման համար, որ առկա է Ադրբեջանում:
Հայաստանի համար դա լավագույնն է, որ կարող է լինել Ադրբեջանի պարագայում, որովհետեւ եթե Ադրբեջանը հանկարծ ավելի արդյունավետ օգտագործեր նավթի ռեսուրսը, այն ծառայեցներ երկրի, ոչ թե կլանի զարգացմանն ու իշխանության հարատեւմանը, ապա Հայաստանի համար ներկայում կլիներ շատ ավելի ծանր:
Բանն այն է, որ երբ Հայաստանը չի կարողանում էական որակական առաջընթաց ապահովել ժողովրդավարության, տնտեսության ազատականացման, քաղաքացիական եւ իրավական պետության կայացման, քաղաքական եւ տնտեսական համակարգերի արդիականացման ուղղությամբ, ապա մնում է միայն գոհ լինել, որ այդ բանը չի անում նաեւ Ադրբեջանը:
Ինչ խոսք, ասել, թե Հայաստանում վիճակը հավասարապես նույնն է, քան Ադրբեջանում, թերեւս կլինի սխալ: Թեեւ, ով գիտե, թե ինչպես կպահեին իրենց Հայաստանի իշխող կլանները, եթե հանկարծ ասենք պղնձի ու մոլիբդենի պաշարների փոխարեն Հայաստանն ունենար նավթի ու գազի պաշարներ, ինչպես Ադրբեջանը:
Չէ որ Հայաստանի քրեաօլիգարխիկ իշխող դասն իր արժեքային համակարգով, աշխարհընկալմամբ ու պատկերացումներով թերեւս որեւէ էական բանով չի տարբերվում ադրբեջանական իշխող կլանից: Դրա վկայությունը այն կենսակերպն ու հասարակական վարքն է, որով աչքի է ընկնում այդ դասը Հայաստանում, այն դեպքում, երբ մեր երկրում էլ կա աղքատության հսկայական խնդիր, երբ մեր երկրում կան առողջության, հագուստի եւ սննդի, կրթության կարոտ երեխաներ:
Այդուհանդերձ, Հայաստանում իրավիճակն իհարկե առավել մեղմ է, ընդհանուր բնութագրմամբ, քան Ադրբեջանում: Դրանում դեր ունի թե այն, որ Հայաստանի իշխող դասը զրկված է նավթ ու գազ ունենալու հնարավորությունից, եւ թե այն, որ Հայաստանը եւ Հայաստանի հասարակությունը փոքր ինչ այլ ֆունկցիոնալ ընկալում ունեն համաշխարհային քաղաքականության ընթացքի սցենարային տարաբնույթ մշակումներ իրականացնող կենտրոններում, ինչն էլ հանգեցնում է նրան, որ Հայաստանի հանդեպ հասարակարգային եւ համակարգային վերափոխումների հարցում այլ է միջազգային հանրության վերաբերմունքը, ուշադրությունը: Այդ հանգամնքները նպաստում են, որ Հայաստանի իրավիճակը լինի այլ, քան Ադրբեջանում:
Բայց, տարբերությունը, որ առկա է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, որքան էլ լինի զգալի, այդուհանդերձ բավական քիչ է երկու երկրների մրցակցության պայմաններում Ադրբեջանի հանդեպ զգալի առավելություն ունենալու համար:
Այդ առավելության համար Հայաստանին անհրաժեշտ է բեկում՝ գաղափարական, քաղաքական, տնտեսական լրջագույն բեկում, հասարակական մտածողության եւ արժեքների էական վերափոխում, իշխող դասի տեսակի արմատական փոփոխություն, տարբեր առումներով վերնախավերի որակապես նոր դասի ձեւավորում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Thursday, May 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment