
Panorama.am. 25-5-2012- ԱՄՆ պետքարտուղարության` «Աշխարհում մարդու իրավունքների վիճակի»2011 թ-ի զեկույցում Ադրբեջանի վերաբերյալ մասում նշվում է, որ թեև Ադրբեջանի սահմանադրությամբ իշխանությունը բաժանված է երեք մասի, սակայն այդ երկրում, փաստորեն, նախագահն է վերահսկում գործադիր, օրեսնդիր և դատական իշխանությունները: Այս մասին հայտնում է «Ազադլիգը»:
Զեկույցի համաձայն` 2010 թ-ին անցկացված վերջին խորհրդարանական ընտրությունները չեն համապատասխանել ԵԱՀԿ հիմնական ընտրական չափանիշների մեծամասնությանը: Չնայած Ադրբեջանում 50-ից ավելի կուսակցություններ կան, սակայն նախագահի գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցությունը քաղաքական համակարգում դոմինանտ դեր է կատարում: Մարդու իրավունքների վիճակի հետ կապված զեկույցը Ադրբեջանի համար երեք հիմնական խնդիր է նշում: Առաջինը` վերջին մեկ տարում Ադրբեջանում սահմանափակվել են խոսքի, ազատ արտահայտման իրավունքները: Հատկապես գարնան ամիսներին բռնաճնշումներ են իրականացվել դեմոկրատական բարեփոխումների և կառավարության հրաժարականի պահանջով անցկացված բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ: Այդ ակցիաների 15 մասնակիցներ 8 ամսից 3 տարի ժամկետով ազատազրկման են դատապարտվել: Բաքվի գործադիր իշխանությունը մերժել է բողոքի ակցիաներ անցկացնելու մասին ուղարկված բոլոր դիմումները: Երկրորդը` դատական իշխանության նկատմամբ գործադիր իշխանության անսահման ազդեցություն ունենալն է: Դա երևում է քաղաքական շարժառիթներով դատական վճիռների, անկախ փաստաբանների դեմ կազմակերպված ճնշումների, ոստիկանական, կամ զինվորական մեկուսարաններում խոշտանգումների մասին հրապարակումներում: Վերջին մեկ տարում Ադրբեջանի մեկուսարաններում խոշտանգումների պատճառով 9 մարդ է մահացել: Երրորդ հիմնական խնդիրը մարդկանց հարկադրաբար իրենց բնակարններից վռնդելու, կասկածելի հիմնավորումներով նրանց տները քանդելու և անհամաչափ փոխահատուցում տալու հետ կապված ունեցվածքի իրավունքների խախտումներն են: Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանի շատ կալանավայրերում մարդու կյանքի համար վտանգավոր պայմաններ են, կառավարության քաղաքական մրցակիցները դիտավորյալ ձերբակալվում են, նրանց մինչև դատարան երկար ժամանակ պահում են կալանքի տակ: «Ադրբեջանի կառավարությունը շարունակում է քաղաքական շարժառիթներով մարդկանց ձերբակալությունները և մահմեդական և քրիստոնյա կրոնական խմբերի ազատությունների սահմանափակումները: Երկրում դատական և այլ իրավապահ մարմինների ընդգրկմամբ լայնորեն տարածված է կոռուպցիան», -նշվում է զեկույցում: ԱՄՆ պետքարտուղարությունը զեկույցում հավելում է, որ կառավարությունը չի կարողանում հետաքննել մարդու իրավունքների խախտումների հետ կապված հանցագործությունները, և անպատժելիությունը մնում է հիմնական խնդիրն Ադրբեջանում:
No comments:
Post a Comment