Tuesday, May 29, 2012

Սենատի Օտարերկրյա հատկացումների հանձնաժողովը կողմ է Լեռնային Ղարաբաղին շարունակական աջակցությանը

Tert.am. 29-5-2012- ԱՄՆ-ի Սենատի Օտարերկրյա հատկացումների հանձնաժողովը հավանություն տվեց 2013 Ֆինանսական տարվա Օտարերկրյա հատկացումների օրինագծի իր տարբերակին, որն ուրվագծում է ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորումը և քաղաքական առաջնահերթությունները արտասահմանում` ներառյալ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում. հաղորդում է Ամերիկայի Հայկական համագումարը: Հատկացումների հանձնաժողովն առաջարկել է «նախորդ տարիներին համապատասխան գումարի չափով աջակցություն տրամադրել ղարաբաղյան հակամարտության զոհերի հարազատներին և հակամարտության հետ կապված կարիքների համար»: Ի հավելումն` հանձնաժողովը կոչ է արել «հասնել հակամարտության խաղաղ լուծմանը», իսկ օրինագիծը ֆինանսավորում կապահովի «փոխվստահության ստեղծման միջոցառումների և հակամարտությունների խաղաղ լուծմանն ուղղված այլ գործողությունների համար, ինչը վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղին»: «Այն, որ Սենատի Օտարերկրյա հատկացումների հանձնաժողովը ներառում է Լեռնային Ղարաբաղը աջակցության տրամադրման իր նախագծում, առաջ է տանում ԱՄՆ քաղաքականությունը տարածաշրջանում և մտադրված է օգնություն տրամադրել այս հակամարտությունից տուժածներին», - ասել է սենատոր Մարկ Քիրքի մամլո խոսնակը: Օրինագծին առնչվող աղբյուրներում նշված է, որ տնտեսական և ռազմական աջակցության առումով Հայաստանի ֆինանսավորման առաջարկված մակարդակը համապատասխանում է ԱՄՆ-ի նախագահի կողմից արված պահանջին, ըստ որի պետք է հատկացվի 27,33 միլիոն ԱՄՆ դոլար տնտեսական աջակցության համար, 2,5 միլիոն Համաշխարհային առողջապահության ծրագրի համար, 2,82 միլիոն` Թմրամիջոցների միջազգային վերահսկման և իրավապահության համար: Վարչակազմը նաև կոչ է արել Հայաստանին հատկացնել 2,7 միլիոն ԱՄՆ դոլար Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման համար և 600 000 ԱՄՆ դոլար Միջազգային ռազմական կրթության ծրագրի համար: Օրինագիծը վերստին անգամ նշել է Ազատությանն աջակցող ակտի 907-րդ հոդվածի մարդասիրական և այլ օգնությանը վերաբերող վեց շտկումները: 907-րդ հոդվածը ուժի մեջ մտավ 1992 թ.-ին և պահանջում է Ադրբեջանի կառավարությանը «տեսանելի քայլեր ձեռնարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ բոլոր շրջափակումների և ուժի այլ ագրեսիվ կիրառումների վերացման ուղղությամբ» : Սենատոր Պատրիկ Լիհին, ով Օտարերկրյա հատկացումների հանձնաժողովի նահանգային նախագահողն է, նշեց, որ չնայած ըստ «երկկուսակցական օրինագծի» ընդհանուր ֆինանսավորումը «2,6 միլիոն ԱՄՆ դոլարից քիչ է նախագահի նախնական խնդրանքից և 1,2 միլիոն ԱՄՆ դոլարով պակաս է 2012 ֆինանսական տարվա մակարդակից», սակայն համենայն դեպս «առաջ է տանում երկու կուսակցությունների սենատորների կողմից նշված առաջնահերթությունները»: Այս օրինագծի և ներկայացուցիչների պալատի օրինագծի հետ կապված հաջորդ քայլերը դեռևս հստակ պլանավորված չեն:

No comments: